Մեղավորը լրագրողները չեն, այլ անպատրաստ պաշտոնյաներն են

Մեղավորը լրագրողները չեն, այլ անպատրաստ պաշտոնյաներն են

Այսօր Կապանում իր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Շանթ» հ/ը-ի և Factor.am-ի լրագրողների՝ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից պետական հեղաշրջման փորձերի վերաբերյալ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի՝ ասաց, թե Արմեն Գրիգորյանը «պետական հեղաշրջում» հասկացություն չի օգտագործել: Եվ կրկին մեղքը բարդեց լրատվամիջոցների վրա՝ ասելով, որ լրագրողներն են իրենց նյութերի վերնագրերում նման բան գրել, ինչն էլ այդ տպավորությունն է ստեղծել:

 

 

«Դա դուք եք դրել՝ որպես վերնագիր: Արմեն Գրիգորյանն ասել է, որ նախորդ իշխանությունները, հեղափոխությունից սկսած, 3 ամիս չեն դիմանալու, հետո էլի 3 ամիս: Հիմա էլ հայտնվել են թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ամառ, թեժ ձմեռ ցիկլի մեջ»,- պնդեց վարչապետը՝ շեշտելով, որ ճիշտ չէ «հեղաշրջում» բառն օգտագործել, ավելի ճիշտ է «ռևանշ»  բառն օգտագործել:

 

Նա ասաց, որ ռևանշի փորձեր են եղել,  և այդ ռևանշի փորձի ողնաշարը ջարդված է:

 

«Հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել և չէր կարող լինել: Եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն: Ինչ ուզում եք, ասեք, բայց պետական հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել ու չի լինելու: Սա շատ կարևոր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Իրականում ԱԽ քարտուղարը խոսել է պետական հեղաշրջման փորձի մասին, և էական չէ, թե դա ի պատասխան լրագրողի հարցի՞ է ասել, թե՞ ինքն է եղել մտքի նախաձեռնողը:

 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի եթերում, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե երկրում իսկապես հեղաշրջման փորձեր կատարվել են, ու «հեղափոխությունից հետո նախկինները որևէ վայրկյան չեն դադարել հետ գալու հույս փայփայել»:

 

«Հարցազրույցի ընթացքում հարցն է այդպիսին եղել, և ես իմ պատասխանում հիմնականում խոսել եմ այն մասին, որ պարբերաբար, այսպես կոչված, ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել: Եվ նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց: Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին և գաղափարներին ու փորձել են քայլեր ձեռնարկել: Ու դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևիցե հաջողություն չեն ունեցել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԽ քարտուղարը:

 

«Տարբեր մարդիկ են եղել, այս պահին անուններ չեմ նշի»,- ասել էր ԱԽ քարտուղարը:

 

Արմեն Գրիգորյանը՝ խոսելով երեկվա իր կատարած հայտարարության մասին՝ կապված հեղաշրջման փորձերի հետ:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինքն անուններ չի տալիս, բայց իրապահներն արդյո՞ք զբաղվում են այդ հայտարարությամբ, քանի որ իրականում շատ լուրջ մեղադրանք է հնչեցրել, ԱԽ քարտուղարն ասաց, որ «ինչ-որ մտքեր ու գաղափարներ ունենալը մի քիչ դժվար է դատապարտելի լինել»՝ հավելելով, որ «գործողություններն էլ այնպիսին են, որ երբեմն դրանք հստակ կապելը  նպատակի ու երազանքների  մարդկանց հետ, դժվարություն է առաջանում»:

 

«Բայց կարող եմ ասել՝ կանխվել է, և այժմ որևիցե վտանգ չկա»,- պնդել էր Արմեն Գրիգորյանը՝ նկատելով, որ կանխվելուց հետո տարբեր հետևանքներ են եղել, ընդհուպ՝ պաշտոնանկություններ, քրեական գործերի անհրաժեշտության դեպքում էլ կլինեն նաև քրեական գործեր:

 

ԱԽ քարտուղարի հետագա խոսքից պարզ դարձավ, որ պետական հեղաշրջման փորձ ասելով՝ նկատի ունի ֆեյք նյուզի՝ կեղծ լուրերի տարածումն ու իրենց քաղաքական թիմին սևացնելու փորձերը:

 

Այնպես որ, լրագրողների վրա ամեն ինչ հերթական անգամ բարդելը և սեփական թիմակցին արդարացնելն այս անգամ ևս անհրաժեշտ էֆեկտը չունեցավ, և թերևս բոլորի համար էլ պարզ է, որ մեղավորը լրագրողները չեն, այլ Փաշինյանի անպատրաստ թիմակիցները, այդ թվում՝ ԱԽ քարտուղարի կարևորագույն պաշտոնը զբաղեցնող անձը և իր ընտանիքի անդամ մանդատ ունեցողը:

 

Իսկ ուժայիններն իսկապես իշխող ուժի առանձին, մի ստվար հատվածի համար իրավական թեմաներով սեմինար պարապմունք անելու անհրաժեշտություն ունեն, որ ամեն անգամ վարչապետին չդնի այսօրվա նման վատ վիճակի մեջ:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5483.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :