«Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է». Փաշինյանը՝ Մյունխենում Ալիևի հետ հանդիպման մասին

«Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է». Փաշինյանը՝ Մյունխենում Ալիևի հետ հանդիպման մասին

Կապանում հրավիրված ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ «փետրվարին Մյունխենում կայանալու է անվտանգության հարցերով միջազգային համաժողով, որին Դուք մասնակցելու եք, մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահը, արդյոք պլանավորվա՞ծ է հանդիպում Իլհամ Ալիևի հետ»: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանը նշեց, որ այս պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա:

 

 

«Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է: Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ որ ԱՊՀ հավաք էր, այնտեղ էլ ենք մենք շփվել: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում: Այսինքն՝ եթե լինի առիթ խոսելու, քննարկելու, ես կարծում եմ՝ դա վնասակար չի, դա օգտակար է»,- նշեց նա:

 

Հակադարձմանը, թե կա՞ն այսօր բանակցություններ, և եթե այո, ապա ինչի՞ շուրջ են դրանք ընթանում, Փաշինյանն արձագանքեց. «Սիրելի լրագրողներ, դուք բոլորդ գիտեք, թե ես փակ սենյակում ինչ եմ քննարկում Իլյհամ Ալիևի հետ, ինչ եմ խոսում: Դա նկարագրված է, ձևակերպված 2019-ի մարտին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ-ի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը:

 

Այդ շրջանակի մասին էինք խոսում մենք հիմա: Այս պահին որևէ թուղթ սեղանին, որ մենք քննարկենք, չկա: Եվ մենք պետք է աշխատենք ավելի կոնկրետ, ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար: Բայց այս շրջանը պետք է շատ արդյունավետ օգտագործենք այդ փուլին մոտենալու համար: Հիմա արդյունավե՞տ ենք օգտագործել, ես կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

 

Պատճառներից մեկն այն է, որ, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն՝ իմ այն հայտարարությանն ի պատասխան, թե Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա, եթե այսօր հայեցակարգային մակարդակով արտահայտվենք, կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Բայց մեր դիրքորոշումը կառուցողական է, որ պետք է կարգավորել Ղարաբաղի հարցը, կարգավորել այն  հայեցակարգի և սկզբունքների շրջանակում, ինչն ասել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթների տրամաբանության շրջանակում, ինչպես նաև մեր նախկինում հռչակած սկզբունքների: Մենք պատրաստ ենք կառուցողական, նորմալ աշխատանքի, ինչքան էլ հասկանում և գիտակցում ենք, թե դա որքան բարդ և դժվար աշխատանք է»:

 

Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության, ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում է ինքը՝ ՀՀ վարչապետը, Արցախի նախագահը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչի մասին ասել է իր գործընկերներին:

 

«Սա անձնապես, բայց ինչ-որ առումով՝ ընդհանուր պատասխանատվություն է: Եվ դա կրելն և դրա տակից պատվով դուրս գալը չափազանց դժվար գործ է»,- ամփոփեց Փաշինյանը:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5482.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :