Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում ենք` Արցախի Հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը և Ալիևը. Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում ենք`  Արցախի Հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը և Ալիևը. Նիկոլ Փաշինյան

Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա, բայց բացառել հանդիպում չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե  Մյունխենում պլանավորված է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում:

 

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ հավաքին շփվել են Ադրբեջանի նախագահի հետ՝ այդպիսի շփումները համարելով օգտակար:  «Շատ կարևոր եմ համարում, որ դուք՝ բոլորդ գիտեք, թե ես փակ սենյակում Ալիևի հետ ինչի մասին եմ խոսում, դա նկարագրված է 2019 թ. մարտի 12-ի Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկա բանակցություններում մեր քննարկումների շրջանակը: Այս պահին որևէ փաստաթուղթ սեղանին, որը մենք քննարկում ենք՝ չկա։ Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի կոնկրետ, առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար, բայց այս շրջանը պետք է արդյունավետ օգտագործենք այդ փուլին մոտենալու համար: Ես կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,-ասաց Փաշինյանը:

 

Վարչապետը նշեց, որ ադրբեջանական կողմից, ցավոք սրտի այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն իր այն հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: «Սա, եթե հայեցակարգային մակարդակով արտահայտվենք, կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է, բայց մեր դիրքորոշումը կառուցողական է: Մենք գտնում ենք, որ պետք է կարգավորել Արցախի հարցն այն հայեցակարգի և սկզբունքների շրջանակում, որոնք ասել եմ Ստեփանակերտում, նաև ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթների տրամաբանության շրջանակում»,-ասաց նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստ են կառուցողական աշխատանքի, թեպետ հասկանում են դրա բարությունը: «Բայց դա մեր պատասխանատվությունն է  տարածաշրջանում: Ես նաև ասել եմ, որ հիմա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում ենք մենք` Իլհամ Ալիևը, Արցախի նախագահը և Հայաստանի վարչապետը:  Սա անձնավորված պատասխանատվություն է, և ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն, որի տակից պատվով դուրս գալը չափազանց դժվար է, բայց ով է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ լիներ»,-ասաց նա:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե երեկ Հատուկ քննչական ծառայությունում, որ գործի շրջանակում է հարցաքննվել. «Հիշում եք, որ 2018 թ. Կոշ քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք իմ վրա հարձակում են գործել: Ես, երբ դարձա վարչապետ հիշեցի այդ գործի մասին, հետո մտածեցի ամոթա, կասեն սկսել է իր անձնական գործերով զբաղվել: Այս վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի, չեմ կարող ասել թե ով, իր նախաձեռնությամբ այդ կապակցությամբ դիմում է գրել և ասել է, թե գիտի ով է կազմակերպել այդ հարձակումը, տվել է կոնկրետ մարդկանց անուններ և գործ է հարուցվել,  ցուցմունք է տվել, որից հետո ինձ կանչել էին հարցաքննության:  Նաև ինձ տուժող եմ ճանաչվել»:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5470.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :