«Նախիջևանի հատվածում տարածքային կորուստների մասին մոտ մեկ տարի առաջ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արտակ Դավթյան

«Նախիջևանի հատվածում տարածքային կորուստների մասին մոտ մեկ տարի առաջ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արտակ Դավթյան

Հարցազրույց  ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:

– Պարոն Դավթյան, Դուք հրավեր կամ գրություն ստացե՞լ եք Ապրիլյան գործողությունները հետաքննող ԱԺ հանձնաժողովից:– Ապրիլյան գործողությունները հետաքննող ԱԺ հանձնաժողովի կողմից դեռևս հրավեր չեմ ստացել:

– Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է  դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու համար։ 2016-ին Դուք ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության պետն էիք, Ըստ Ձեզ՝ մենք ժամանակին ունեցե՞լ ենք համապատասխան հետախուզական տվյալներ (դիվերսիոն կամ լայնածավալ ռազմական գործողությունների մասին): Եթե այո, ապա որտե՞ղ են խնդիրներ առաջացել, գուցե հետախուզական տվյալների փոխանցումից հետո օպերատիվ համապատասխան միջոցներ չե՞ն ձեռնարկվել:

– Ձեր կողմից պահանջվող տեղեկությունը հույժ գաղտնի է, և այն հրապարակման ենթակա չէ:

– Այսօրվա դրությամբ որքանո՞վ են հայկական ուժերն Արցախում և ՀՀ–ում պատրաստ նման հանկարծակի սադրանքների կամ հարձակումների:

– ՀՀ զինված ուժերը միշտ պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

– Վերջերս դարձյալ որոշ զինվորականների և փորձագետների կողմից ակտիվացել են պնդումները նախիջևանյան հատվածում իրավիճակի հնարավոր սրացման, ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից հստակ գործողությունների, թուրքական զինուժի կուտակումների մասին: Դուք, որ 2017-ին 5-րդ զորամիավորման հրամանատարն էիք, ի՞նչ կասեք այդ մասին: Եվ առհասարակ, դիրքային և ուժային առավելությունն այդ թևում այսօր ո՞ւմ կողմն է՝ հայկակա՞ն, թե՞ հակառակորդի: Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ խոսվում էր նաև Նախիջևանի հատվածում տարածքային կորուստների մասին:

– Ձեր կողմից պահանջվող տեղեկությունը գաղտնի է, և այն հրապարակման ենթակա չէ: Ինչ վերաբերում է 1 տարի առաջ տարածված տեղեկություններին, դրանք իրականությանը չեն համապատասխանում:

– Այս համատեքստում խնդրում ենք անդրադառնալ նաև Տավուշի հատվածում դիրքային առավելություններին: Տեղեկություններ կան, որ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը երեք բազա է բացել 2019-ին, որոնցից յուրաքանչյուրը  մոտավորապես մեկ գումարտակի չափ է: Դրանք այն ենթակառուցվածքներն են, որոնք պիտի սպասարկեն առաջնագիծը: Ըստ այդմ՝ հայկական կողմը սրան համարժեք ի՞նչ ինժեներաշինարարական աշխատանքներ է իրականացրել:  

– Ձեր կողմից պահանջվող տեղեկությունը գաղտնի է, և այն հրապարակման ենթակա չէ:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018-ի մայիսից ի վեր ՀՀ–ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն: Որքան հայտնի է՝ սպառազինության պայմանագրերի կնքումը երկարատև գործընթաց է պահանջում: Խնդրում ենք ներկայացնել, թե 2018-ի մայիսից ի՞նչ պայմանագրերի գործընթացներ են սկսվել և ավարտին հասցվել:

– ՀՀ վարչապետի կողմից կատարված հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ ԶՈւ-ի կողմից ձեռք բերված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակներին՝ համապատասխանում են իրականությանը: Ինչ վերաբերում է նոր ձեռքբերումների ընթացակարգերին, դրանք ենթակա չեն հրապարակման, քանի որ իրականացվում են փակ գաղտնի ընթացակարգով, որոնց հրապարակումը կարող է վտանգ հանդիսանալ ՀՀ ազգային անվտանգությանը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հասարակության իրազեկման համար համապատասխան տեղեկությունը մշտապես հասցվում է հանրությանը ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարությունների միջոցով՝ թույլատրելիի սահմաններում:

Հ.Գ. Հավելենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին հասցեագրված հարցերը գրավոր ուղարկվել են 2019-ի դեկտեմբերի 17-ին, պատասխանները մոտ 10 օրվա ընթացքում պատրաստ են եղել, սակայն փոստային ծառայության միջոցով պաշտոնական գրությունը միայն այսօր է ստացվել խմբագրություն:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4829.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :