«Իրանն ու ԱՄՆ-ն կարող են իրավիճակը մեղմել առանց սեփական դեմքը կորցնելու». The Guardian-ի վերլուծությունը

«Իրանն ու ԱՄՆ-ն կարող են իրավիճակը մեղմել առանց սեփական դեմքը կորցնելու». The Guardian-ի վերլուծությունը

Իրանա-ամերիկյան հարաբերություններում սկսված ճգնաժամը, որը կարող է իրական պատերազմի հանգեցնել, այս օրերին միջազգային քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման է: Դրան անդրադարձ է կատարել նաև բրիտանական The Guardian պարբերականը՝ ներկայացնելով վերլուծաբան Մայքլ Սաֆիի հոդվածը:

Հեղինակի կարծիքով՝ լույս հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների նկատմամբ հրթիռային հարձակումն իրականում կարող է բավարարել երկու կողմին էլ: Մի կողմից Թեհրանը ցույց տվեց, որ կարող է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, մյուս կողմից էլ ԱՄՆ-ն կարող է հանդարտեցնել կրքերը՝ ընդունելով հարձակման սահմանափակ բնույթը:

Սաֆին հիշեցնում է, որ Սոլեյմանիի սպանության համար խոստացված «դաժան վրեժը» տեղի է ունեցել անցած գիշեր՝ ԱՄՆ-ի իրաքյան ռազմաբազաների ուղղությամբ գործողության կարճ շառավղով հրթիռների արձակմամբ:

«Այս հարձակումները Թրամփի վարչակազմի «բազեներին» հնարավորություն կտան ուռճացնել Իրանի հետ հակամարտությունը՝ միևնույն ժամանակ ճգնաժամից դուրս գալու ուղի հարթելով»,- գրում է Սաֆին:

Հեղինակի կարծիքով՝ Իրանի հարվածները խիստ խորհրդանշական էին. դրանք իրականացվել են 1:30-ին, մոտավորապես այն նույն ժամին, երբ սպանվել էր Սոլեյմանին: Թեև այս ամենում ռազմական հռետորաբանության պակաս չի զգացվում, սակայն նկատվում է, որ հարձակումներն Իրանի կողմից այնպիսի զգուշավորությամբ են իրականացվել, որ հնարավոր լինի խուսափել ամերիկյան կողմի համար լուրջ հետևանքներից: Հրթիռակոծվել են այն ռազմակայանները, որտեղ արդեն տագնապի բարձր մակարդակ էր հայտարարվել: Բացի այդ, Իրանի արտգործնախարարը, մեկնաբանելով հարվածները, նշել էր, որ դրանք ոչ թե պատերազմի առաջին կրակոցներն են, այլ միջազգային իրավունքի շրջանակում ինքնապաշպանության նպատակով իրականացված քայլեր:

Սաֆիի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իրանի հարձակմանը, ևս փորձել է հակառակ կողմին հանգստացնելու քայլ անել՝ հայտարարելով, որ «ամեն ինչ կարգին է»:

Հեղինակի համոզմամբ՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա անցած գիշերվա հարձակումը երկու կողմին էլ հնարավորություն կտա իրավիճակը մեղմելու առանց սեփական դեմքը կորցնելու: Իրանը կկարողանա ասել, որ դաժանորեն վրեժ է լուծել Սոլեյմանիի համար, ինչպես նաև կկարողանա ճնշում գործադրել Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու ուղղությամբ: Ամերիկյան կողմն էլ կարող է հետքայլ անել՝ հաշվի առնելով, որ Իրանի վրեժը լուրջ հետևանքներ չի ունեցել Վաշինգտոնի համար:

Սաֆիի համոզմամբ՝ սա լավագույն սցենարն է:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4728.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :