Եթե հանկարծ Իրանում իրադրությունը սրվի, փախստականների մեծ ներհոսք կարող է լինել դեպի Հայաստան, ինչն այնքան էլ կառավարելի չի լինի. Տարոն Սիմոնյան

Եթե հանկարծ Իրանում իրադրությունը սրվի, փախստականների մեծ ներհոսք կարող է լինել դեպի Հայաստան, ինչն այնքան էլ կառավարելի չի լինի. Տարոն Սիմոնյան

Բավականին մտահոգիչ է այն, ինչ կատարվում է Իրանի շուրջ, որովհետև Իրանը մեր հարևանն է, և նրա հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին գործընթացներին ու հնարավոր զարգացումներին:

«Ես հույս ունեմ, որ եթե անգամ որևէ ռազմական օպերացիա տեղի ունենա, դրանք հեռու կլինեն Հայաստանից, չնայած Իրաքում էլ նման օպերացիա է եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Այնուհետև Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հայտնենք նաև, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել, և օդանավի բոլոր ուղևորները զոհվել են:

Տարոն Սիմոնյանը նկատեց, որ ԱՄՆ-ն և Իրանը Հայաստանի համար երկու բարեկամ պետություններն են, երկուսի հետ էլ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: «Այդ պատճառով մեր դիրքորոշումը բացառապես հավասարակշռված պետք է լինի, և մենք պետք է խուսափենք բոլոր հնարավոր դեպքերում կտրուկ արտահայտվել որևէ բարեկամ երկրի գործողությունների դեմ: Պետք է ուշի ուշով հետևենք ցանացած իրադարձության զարգացմանը և ունենաք սցենարներ, թե հնարավոր ինչ զարգացումների դեպքում մեր վարքագիծը ինչպիսին պետք է լինի: Հույս ունեմ, որ ամեն ինչ խաղաղ ընթացք կունենա, և կողմերը կբավարարվեն այն ամենով, ինչ մինչև հիմա եղել է, և էսկալացիա այլևս տեղի չի ունենա, թեև տարբեր փորձագետների կարծիքով՝ կանխատեսումներ կան, որ էսկալացիան շարունակվելու է և հատկապես այն վայրերում, որտեղ բախվում են Իրանի և ԱՄՆ-ի շահերը»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի` ՀՀ  արտաքին գործերի նախարարությունը բավականին զուսպ հայտարարություն է տարածել, ինչը  օրինաչափ է, քանի պետք չէ կտրուկ հայտարարությունով հանդես  գալ: «Մեզ մոտ չի լինի ռազմական որևէ գործողության թեժացում, եթե առիթից չօգտվի Ադրբեջանը: Ամենամեծ վտանգը, որ այս պահին տեսնում եմ, դա այն է, որ եթե հանկարծ իրադրությունը սրվի, և Իրանում որևէ ռազմական բախում լինի,  ներքին խնդիրներ առաջանան, փախստականների մեծ ներհոսք կարող է տեղի ունենալ, որը Հայաստանի պարագայում այդքան էլ կառավարելի չի լինի: Բոլոր դեպքերում մեր դիրքորոշումը չպետք է շեղվի կողմերից որևէ մեկին աջակցելու ուղղությամբ, այլ երկուսին էլ պետք է հնարավորինս չափ հավասարակշռել, բերել խաղաղ լուծման դաշտ»,-ասաց նա:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4727.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :