Կարծում եմ՝ ԱՄՆ-Իրան առճակատումը չի խորանա, բայց Հայաստանը պետք է հետևի իրադրությանը, վերլուծի և զսպվածություն ցուցաբերի. Ռուբեն Սաֆրաստյան

Կարծում եմ՝ ԱՄՆ-Իրան առճակատումը չի խորանա, բայց Հայաստանը պետք է հետևի իրադրությանը, վերլուծի և զսպվածություն ցուցաբերի. Ռուբեն Սաֆրաստյան

Կարծում եմ, որ ԱՄՆ-Իրան առճակատումը չի խորանա և զանգվածային բնույթ չի ստանա, բայց, իհարկե, տարածաշրջանում կլինեն տարբեր աշխարհաքաղաքական տեղաշարժեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Հույս ունեմ, որ լայնածավալ բախում չի լինի, կողմերը ողջամտություն կցուցաբերեն և կսահմանափակվեն եղածով: Մանավանդ, որ Իրանն էլ շատ զուսպ հայտարարություններով է հանդես գալիս, մասնավորապես, արտգործանախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել էր՝ պատերազմ չեն ուզում, նույնն ասում են ամերիկացիները: Թրամփը հայտարարել է նաև, որ իրենք չեն ուզում փոխել ռեժիմը Իրանում: Սրանք շատ կարևոր հայտարարություններ են: Կարծում եմ, որ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ ղեկավարությունն իսկապես ողջամիտ կլինեն և կփորձեն սահմանափակվել այսքանով»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Արևելագետը կարծում է, որ ԱՄՆ-Իրան առճակատումը չի խորանա, բայց ըստ նրա՝ վտանգ կա, որ որոշակի ուժեր, խմբավորումներ կարող են փորձել օգտվել իրադրությունից և որոշ պրովոկացիոն հարվածներ հասցնել այս կամ այն կողմին:

Հիշեցնենք, որ այսօր Իրանը հրթիռակոծել է Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայանները: Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնում է, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Հունվարի 3-ին էլ Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ավիաբազայում, որտեղ տեղակայված է մոտ 1500 ամերիկացի զինվոր, կարծես՝ զոհեր չկան, իսկ Էրբիլում գտնվող հրթիռակոծված ռազմաբազայում տեղակայված է մոտ 3500 զինվոր, որոնք միայն ամերիկացիներ չեն:

«Կոալիցիայի ուժերի ներկայացուցիչների զորքեր կան, և այս պահի տվյալներով, համաձայն բրիտանական լրատվամիջոցների և ամերիկյան ոչ պաշտոնական տվյալների՝ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայում զոհեր չկան: Այսինքն՝ նախազգուշացնող համակարգը գործել է. նրանք տեղեկություն են ստացել և մտել են թաքստոցները: Իրանի հեռուստատեսությունը հաղորդում է 80 զոհի մասին, սակայն տեղեկությունը ստույգ չէ։ Ինչպես կարող են իրանցիները հաշվարկել՝ քանի զոհ կա ռազմաբազայում»,- ասաց արևելագետը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է հետևի իրադրությանը, վերլուծի՝ հասկանալու համար միտումները և զուսպ լինի. «Այն ինչ մինչ այս պահը մեր պաշտոնական մարմիններից լսել եմ, գնահատում եմ դրական, և՛ Հայաստանից, և՛ Արցախից»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4724.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :