Եթե ունենք այդ նյութական միջոցներ՝ գրեթե ամեն ամիս պարգևավճարներ տալու այս կամ այն պաշտոնյային, ապա առնվազն բարոյական կլիներ, որ սահմանին կանգնած զինծառայողներն էլ հավասարաչափ պարգևատրվեին. փաստաբան

Եթե ունենք այդ նյութական միջոցներ՝ գրեթե ամեն ամիս պարգևավճարներ տալու այս կամ այն պաշտոնյային, ապա առնվազն բարոյական կլիներ, որ սահմանին կանգնած զինծառայողներն էլ հավասարաչափ պարգևատրվեին. փաստաբան

Զինված ուժերում իրականացվող գործընթացների մասին խոսելիս պետք է համակողմանի գնահատել իրավիճակը, ես ելակետային եմ համարում 2018-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա 5 տարիների ընթացքում, բացի գործող բյուջեից, պետք է ներդրվեր ևս 2.5 մլրդ ԱՄՆ դոլար. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց զինվորական հարցերով զբաղվող փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ԶՈւ խնդիրներին:

«Ես ակնկալում էի, որ այս տարի այդ գումարների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն կտրվեր հանրությանը: Շեշտվում էր, որ այդ 2.5 մլրդ-ը բերվելու է  նախորդ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից, նրանցից վերադարձված գումարներից և ներդրվելու է  բանակի ամբողջական զարգացման գործում, ցանկալի կլիներ, որ կառավարությունն այդ մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրեր»,- ասաց նա:

Ըստ Փաստաբանի՝ իր համար հարցերի հարցը պահեստազորում հաշվառված և գործող սպայական անձնակազմի բնակարանային պայմանների բարելավման խնդիրն է: «Այս խնդիրը դեռևս չի գտել իր վերջանական լուծումը, իհարկե, գործընթացը սկսված է, բայց ամբողջական լուծում տրված չէ: Ես գտնում եմ, որ ԶՈւ-ի անձնակազմի կոմունալ, կենցաղային խնդիրների լուծման գործին մենք առավել մեծ տեմպ պետք է հաղորդենք: Պետք է ստեղծել մի իրավիճակ, որ սպայական կազմը որևէ ձևով որևէ սոցիալական, տնտեսական, կենցաղային խնդիրներ չունենա և իր մաբողջ ժամանակն ու ուշադրությունը սևեռի զինվորական ծառայությանը»,- շեշտեց նա:

Նրա գնահատմամբ՝ 2019-ին լավ տենդեց էր, երբ մի քանի զորամասերում փոխվեց սննդային համակարգը: «Շատ լավ տենդեց էր, ժամանակի ընթացքում մենք պետք է կարողանանք ամբողջական անցնել այդ համակարգին: Զինված ուժերն այնպիսի մի օրգանիզմ է, որտեղ մշտական բարեփոխումները կենսական խնդիրներ են: Զինված ուժերի առջև դրված խնդիրներով պայմանավորված՝ մշտական պետք է ԶՈւ-ում իրականացնել բարեփոխումներ՝ սկսած մարտունակության աստիճանի բարձրացումից, վերջացրած ռազմաարդյունաբերությամբ կամ ԶՈւ-ի համալրմամբ, բայց հարցերի հարցը կենցաղային խնդրի լուծումն է և համալրման հետ կապված խնդիրը»,- նշեց նա:

Փաստաբանն ընդգծեց, որ պրոֆեսիոնալ բանակին այլընտրանք չի տեսնում: «Հաշվի առնելով մեր դեմոգրաֆիական վիճակը, թե պրոֆեսիոնալ բանակի ինչպիսի բովանդակություն պետք է ունենանք, ապա բանակի համալրման խնդիրը առաջիկա տարիների ընթացքում զգացնել է տալու իրեն: Բոլոր դեպքերում զինվորական ծառայությունը մասնագիտություն է, և արդի տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ մեզ պետք են պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կտիրապետեն այդ նորագույն տեխնոլոգիաներին»,- նշեց նա:

Ըստ Նորիկյանի՝ եթե Հայաստանն իրոք ուզում է ապահովել իր անվտանգությունը լիարժեքորեն, ապա առանց պրոֆեսիոնալ կարողությունների, առանց համարժեք զինատեսակների ու համալրման որևէ մարտական խնդիր վերջնական արդյունքում չենք կարող լուծել: «Ես չեմ խուսափի և կասեմ, որ այո, խնդիրներ կան այս հարցը լուծելու համար, բայց ցանկացած իշխանության խնդիրն է փորձել ռեսուսրների ռացիոնալ օգտագործման պայմաններում չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել այդ խնդիրները: Մենք պետք է այնպիսի վիճակ ստեղծենք, որ ռազմական կրթությունը գայթակղիչ լինի մեր երիտասարդության համար: Պետք է բանակում վերացնել ծնողի «տուլիկ», հագուստ ուղարկելը, պետությունը պարտավոր է ապահովել այդ մինիմալ պահանջները, որպեսզի մենք իսկապես ունենանք հարգանքի արժանի բանակ, նաև աշխատավարձերը պետք է արժանապատիվ լինեն»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ քննադատությունների առիթ հանդիսացավ զինվորականների ցածր պարգևավճարները, այն դեպքում երբ նախարարները բարձր պարգևավճարներ են ստանում, նա ասաց, որ դա ուղղակի ամոթ էր: «Հայրենիքի անվտանգությունն ապահովող զինվորի նկատմամբ պետք է առավել առատաձեռն գտնվի պետությունը, և կարծում եմ, որ այդպիսի խտրական մոտեցումը լավ բանի չի հանգեցնելու: Եթե մենք իսկապես ունենք այդ նյութական միջոցները գրեթե յուրաքանչյուր ամիս պարգևավճարներ տալու այս կամ այն նախարարին, պատգամավորին, բարձրաստիճան չինովնիկին, առնվազն բարոյական կլիներ, իսկ իրավական, նյութական առումով արդարացված, եթե այդ գումարները հավասարաչափ և արդարացիորեն բաշխվեին և սահմանում կանգնած զինծառայողները, սպայական կազմն ավելի շատ պարգևավճարներ ստանար»,- ասաց նա:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4681.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :