Եթե չդրվեն հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը, և համապատասխան ինստիտուտները չգործեն արդյունավետ, կոռուպցիայի դեմ պայքարն էլ արդյունավետ չի լինի. Վարուժան Հոկտանյան

Եթե չդրվեն հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը, և համապատասխան ինստիտուտները չգործեն արդյունավետ, կոռուպցիայի դեմ պայքարն էլ արդյունավետ չի լինի. Վարուժան Հոկտանյան

Պետք է սպասել, նախադրյալներ կան, որ լավ կաշխատեն, բայց ես լավատեսությամբ չեմ տառապում, թե այս մարմինը կարող է ամեն ինչ փոխել, ստեղծեցինք՝ վերջ, ուրեմն այս մարմինը աջուձախ կանխարգելելու է կոռուպցիան, իհարկե ոչ, բայց ես չունեմ նաև այն կարծիքը, թե հանձնաժողովը շատ ավելի փայլուն կլինի, կամ շատ վատը կլինի, քան գործող իշխանությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով 2019-ի վերջերին ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

«Այսինքն՝ եթե իշխանությունները քաղաքական կամք շարունակեն ցուցաբերել, որ ուզում են կոռուպցիան նվազեցնել և զրկել նրան համակարգային լինելուց, հանձնաժողովն իր դերը, իր լուման կներդնի այդ գործում: Մյուս կողմից՝ եթե իշխանությունները պատրաստակամություն չցուցաբերեն, հանձնաժողովն էլ դժվար թե սկսի փայլել նախաձեռնողականությամբ: Նայելով հանձնաժողովի կազմին՝ բացի նախագահից, չէի ասի, թե մենք ունենք շատ խիստ պրոակտիվ անդամներ: Սա այն դեպքն է, որ ոնց իշխանություններն իրենց դրսևորեն, այդպես էլ հանձնաժողովը կդրսևորի՝ ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ»,- ասաց նա:

Ըստ Հոկտանյանի՝ 19 թվականին լուրջ կոռուպցիոն սկանդալները շատ չէին, նա հույս հայտնեց, որ 2020-ին էլ ավելի քիչ կլինեն: «Հիմքեր չունեմ պնդելու թե երկրի ղեկավարը կոռումպացված է, կամ այն, ինչ ասում է, անում է դրա հակառակը: Կարծես նա իսկապես հասկանում է, որ կոռուպցիան շատ լուրջ վնաս կարող է  երկրին հասցնել ու փորձում է  անել որոշակի քայլեր, որ այդ աղբը չտարածվի երկրում: Այստեղ մեկ այլ հարց կա՝ որքանով դա կկիսվի նրա թիմի կողմից: Հուսով եմ, որ քաղաքական թիմը կունենա այն վճռականությունը, ինչ նրա առաջնորդը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ 2019-ին երկու փոխնախարար մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ, նա պատասխանեց. «Բարեբախտաբար, այդ թիվը մեծ չէ, երկու փոխնախարար է, լավ է, որ 12 չէ: Այսինքն՝ հիմնականում թիմը կարծես թե աչքի չի ընկել մեծ ախորժակով, հատուկենտ ներկայացուցիչներն են առայժմ այս տհաճ պատմությունների մեջ հայտնվել, հուսով եմ, որ հաջորդ տարի երկուսն էլ չի լինի, իսկ իրավապահներն էլ կլինեն օբյեկտիվ ու վճռական՝ կոռուպցիայի դեմ պայքարում»:

Հարցին՝ կարո՞ղ ենք եզրակացնել, թե 2019-ին կոռուպցիայի դեմ տարվող պայքարը դրական է եղել, նա պատասխանեց, որ դեռ հեղափոխության խանդավառությունն առկա է, նաև վախը, որ հանկարծ, եթե այդպիսի բան եղավ, խնդիրներ կունենամ: «Կարծես այդ մթնոլորտը կա, բայց դա, բնականաբար, երկար չի կարող շարունակվել, եթե չդրվեն արդեն հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը  և համապատասխան ինստիտուտները չգործեն արդյունավետ»,- նշեց նա և հավելեց, երբ ասում է  ինստիտուտներ, նկատի չունի հանձնաժողովները, կոմիտեները, այլ այն ընթացակարգերը, մշակույթը, որը բնորոշ է համակարգային կոռուպցիայից զերծ հասարակություններին:

«Եթե չներդրվի հաշվետու, թափանցիկ լինելու մշակույթը, որոշումներ ընդունելու գործընթացներին հանրությունը մասնակից չլինի, կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ չի լինի: Սխալ մոտեցում է այն մշակույթը, երբ ասվում էր՝ բյուջեն քիչ է, եկեք չանենք, դե հիմա աղքատ երկիր է, դա սխալ մտայնություն է, հուսով եմ՝ այս մշակույթը կփոխվի 2020-ին»,- եզրափակեց նա:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4670.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :