ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով. Լիլիթ Գալստյան

ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով. Լիլիթ Գալստյան

2019 թվականի իրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ: Նա կարծում է՝ դատաիրավական ոլորտում ցնցումները բացահայտ էին: Նրա կարծիքով՝ ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չէր կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը: Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը:- Տիկի´ն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին իրավական ոլորտում. հետհայացք գցենք:

- Պատմահոր՝ Խորենացու բառամթերքից պիտի օգտվեմ՝  նկարագրելու մեր ընթացիկ իրականությունը: «Վրդովված խաղաղության» ժամանակներում ենք ապրում, ուր համատարած են «չարափառությունը», թշնամանքը, ատելությունը, մերժումը, և բնական է, որ այսպիսի մթնոլորտում պիտի բախվեինք խարխլվող ինստիտուտների, խոցված արժեքների, մարդկային որակների անկման հետ:

Քաղաքական նոր սերունդ եկավ, որ պիտի երկխոսեր, երկխոսային հարաբերություններ կառուցեր հասարակության և քաղաքական ուժերի հետ, սակայն քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացավ ոչ թե ստեղծարար օրակարգերի վրա, իրական արժեքների գեներացման կամ առողջացման վրա, այլ անցյալի մերժումի և հրեշայնացման վրա:

Դատաիրավական ոլորտն էլ, ինչպես երկրի մյուս ոլորտներն ու երեսները, այս իրականությունից անբաժան չէ, ավելին՝ ցնցումներն այստեղ ավելի բացահայտ են, ցավոտ և երկրի հեռանկարի համատեքստում՝ վտանգավոր: Իրավական դաշտում  քաղաքական ճնշումներն ակնհայտ  են:

- Արդյո՞ք արդարացան այս ոլորտում սպասելիքները հեղափոխությունից հետո, խոսվում էր անկախ դատական համակարգի մասին, ի՞նչ ունեցանք այստեղ:

- Անկեղծորեն, դժվար էր ենթադրել, որ հեղափոխությունն այսքան արագ կմսխեր ու կխժռեր իր հայտարարած արժեքները:

Սերն ու համերաշխությունը, սոցիալական և իրավական պետությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած քաղաքական իշխանությունը շատ արագ հոգեփոխվեց և դիմակազերծվեց: Ակնթարթային կարողացավ հասարակությունը ջլատել, բաժանելով՝ յուրայինների և գետնին «պառկցնելու» պոտենցիալ թեկնածուների:

Այս մթնոլորտում, կադրային հայտնի ոչ փորձառու բազայով, իրական, խորքային, բովանդակային փոփոխությունները ակնկալելը, պետականության ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին սպասումները իրատեսական չէին: Հակառակը՝ ազգային և պետական ինստիտուտների արժեզրկման գործընթացն է տիրապետողը:

Քաղաքական իշխանությունը գործադիրում  և օրենսդիրում ունենալով բացարձակ մեծամասնություն՝ լծվեց և շարունակում է դատական իշխանության հնազանդեցման գործընթացը, սակայն ինչպես շատ ոլորտներում, այստեղ էլ խառնաշփոթից ու վախի մթնոլորտից, անհատական թիրախավորումից և ռեպրեսիվ գործիքակազմից այն կողմ չանցան:

Դատաիրավական ոլորտի այդքան անհրաժեշտ բարեփոխումները խեղվեցին անցումային արդարադատության մասին պատկերացումներով, որոնք չունենալով հայեցակարգային հենք կամ հստակ ճանապարհային քարտեզ՝  մնացին չիրացված, խեղված գաղափարների շրջանակում:

- Սահմանադրական դատարանի շուրջ զարգացած իրադարձություններից խոսենք, ի՞նչ արեց իշխանությունը, ինչպե՞ս իրեն պահեց ՍԴ-ն, արդյոք դատական համակարգի կարևորագույն օղակներից մեկը մնա՞ց իր լիազորություններում:

- Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեն՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում է աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով և ժողովրդավարական պետության որակների համար անընդունելի վարքագծով:

Սա զուտ քաղաքական պրոցես է, որը ոչ բարոյական է, ոչ իրավական: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չի կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը:

Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը…

Ժամանակակից պետության փիլիսոփայությունն են արատավորում, սրանք վատ իմաստով թանկ գին ունեցող գործողություններ են:

- Ինչո՞ւ ազդեցություն չունեցան իշխանության ճնշումները ՍԴ-ի և նրա նախագահի վրա:

- Քաղաքական իշխանությունը տարեվերջին դիմեց իր զինանոցի վերջին միջոցին: Թեև գործ սարքելու պրոցեսի մեկնարկը Թովմասյանի շրջապատի և ընտանիքի նկատմամբ ամիսներ առաջ էր տրվել:

Այնուամենայնիվ, ունենք չերերացող և սկզբունքային դատավորների մի խումբ՝ նկատի ունեմ նաև ՍԴ դատավորներին, որոնք շարունակում են մնալ իրենց մասնագիտական և քաղաքացիական բարձր որակների մեջ: Իրենց վարքագծով նրանք պետականության մշակույթի բարձր նշաձող են սահմանում: Մի կողմից՝ հասարակության մի արթնացող զանգվածն է մեծանում, որը գիտակցում է, որ այս ընթացքը քաղաքական մենատիրության ճանապարհն է:

ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումները, անկախ նրանից, թե ինչ զարգացում կունենան, խիստ վտանգավոր են ժողովրդավարական պետականության համատեքստում, սա ցնցումների, պետության հավասարակշռությունը սասանելու ճանապահն է:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4669.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :