Մեկ դար առաջ Ագուլիս հայկական բնակավայրը վերածվեց ավերակի.ԱԳՆ հայտարարությունը

Մեկ դար առաջ Ագուլիս հայկական բնակավայրը վերածվեց ավերակի.ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջեւանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի:

Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը եւ, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու եւ տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով:

Դժբախտաբար Նախիջեւանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլեւ նոր դրսեւորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջեւանը, իրականացրեցին նաեւ հայկական մշակութային ժառանգության համակարգված եւ զանգվածային ոչնչացումը: Արդյունքում ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր եւ խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում եւ այլուր: Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործողներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարներ ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսեւորում:

Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու եւ ապահովելու հայ ժողովրդի գոյության եւ խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»։

Կարճ հասցե: javakhq.info/u/4547.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2148 : Ցուցադրված է` 1 - 15 :