ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

Աչքի եմ անցկացնում հայկական սոցցանցերն ու անակնկալի գալիս. մեր հայրենակիցներից շատերն ուղղակի հրճվում են Վիտալի Բալասանյանի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրով:

Ճիշտ է, վերջին շրջանում Բալասանյանի որոշ հայտարարություններ ոչ միանշանակ ու, հաճախ, մասնակիորեն անընդունելի են եղել, բայց նրա պաշտոնանկության լուրով ուրախացողներին ցանկանում եմ հարցնելՙ դուք ճանաչո՞ւմ եք Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանին:

Վստահ եմ, որ քննադատողներից շատերը Վիտալի Բալասանյանի անունն առաջին անգամ լսել են 2016 թ. ՊՊԾ գնդի գրավման հետ կապված միջադեպերի զարգացման ժամանակ: Դրանից հետո, ճիշտ չհասկանալով Բալասանյանի խոհեմ մոտեցումները, շատերն սկսեցին նրան մեղադրել ու դավաճան անվանել: Բայց հիասթափեցնելով նմաններին, ասեմ, որ եթե Բալասանյանը չմիջամտեր գործին, եւ գունդը գրավողներին չհամոզերՙ զենքը վայր դնելու, ապա, ինչպես ժողովրդական առածն է ասումՙ այդ խմորը դեռ շատ ջուր կխմեր:

Ավելինՙ այսօր Վիտալի Բալասանյանին քննադատողներից ու նրա պաշտոնանկության լուրով հրճվողներից շատ շատերը ծնված էլ չեն եղել, երբ նա զենքը ձեռքին, իր բնատուր ռազմագիտությամբ, փայլուն մարտական ուղի է անցել, եւ Արցախի ազատության ու մայր հայրենիքի հետ վերամիավորման հարցում նրա ավանդը փոքր չէ: Ես գիտեմ, որ Բալասանյանի վերջին հայտարարությունը՝ Արցախի առանձին պետություն լինելու հետ կապված, հաջող հայտարարություն չէր, բայց գիտեմ նաեւ, որ դա արտաքին խաղ է, եւ այդ հայտարարությանը հղում անողներն ու նրան հայհոյողներն ավելի շատ չեն նվիրված մեր ազգին ու հայրենիքին, քանՙ Վիտալի Բալասանյանը: Եւ սրանք ուղղակի գովեստի խոսքեր չեն, այս խոսքերի լավագույն ապացույցը Բալասանյանի անցած փառավոր մարտական ուղին է: Ի դեպ, նրան քննադատողներից քանի՞սն են ծառայել հայկական բանակում, քանիսի՞ հայրերն են մասնակցել Արցախյան ազատամարտին:

Դեռ հստակ չէ՝ Բալասանյանն ինչ պայմաններում է պաշտոնանկ արվել, կարծիքները շատ կարող են լինել, բայց հստակ պատասխանը ժամանակն է տալու, երբ վաղը բյուրեղացնի ու մեզ մատուցի այսօրվա տեղի ունեցածը, բայց այսօր Բալասանյանի հանդեպ տեղի ունեցածն ու ունեցողը, մեղմ ասած, անշնորհակալություն, անաղուհացություն է:

Մաթեւոսյանը լավ է նկատել, որ հիշողությունը մարդու եւ անասունի միջեւ է: Հետաքրքիր է, Վիտալի Բալասանյանին քարկոծողները տեղյա՞կ են, հիշու՞մ ենՙ Ապրիլյան պատերազմի ժամանակ Վիտալի Բալասանյանն ինչ մեծ ծառայություն է մատուցել մեր բանակին, տեղյա՞կ են, որ նրա ռազմագիտական փայլուն տաղանդի շնորհիվ մենք կարողացել ենք խուսափել առավել մարդկային ու տարածքային կորուստներից: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հետ նայել, վերստին զննել այդ ոչ հեռու անցյալը եւ հասկանալ, որ խոսելուց առաջ հարկավոր է մտածել: Եւ առհասարակ, խորհուրդ եմ տալիս մտածել:

Դառնամ ուրախությանը, բայց մինչ այդ, հետ գնանք 2016թ. նոյեմբեր ամիս:

Լավ իմանալով Բալասանյանի «ձեռքի հունարը», ադրբեջանցիներն ուղղակի վայնասուն էին բարձրացրել, երբ նա նշանակվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Այդ ժամանակ ադրբեջանական հայտնի լրատվականներից մեկը հոդված էր գրելՙ «Արյունարբու գեներալը իշխանության է ձգտում Արցախում» վերնագրով: Հոդվածագրի տրված բնորոշումները ողջ ադրբեջանցիների ատելության ու վախի հանրագումարն էրՙ ուղղված Արցախի հերոսին:

Այնտեղ հստակ ներկայացված էր գեներալի անցած մարտական ուղին, առանձնակի շեշտով նկարագրվում էր, թե ինչ անասելի դաժանություն է ցուցաբերել նա ադրբեջանական զինուժի հանդեպ: Հոդվածագիրն անդրադարձ էր կատարել նաեւ Ապրիլյան պատերազմին. այդ հատվածում նույնպես խոստովանություն կար, որ Բալասանյանի ռազմական տաղանդը զգալիորեն «հարամել է իրենց ճաշը»: Եւ հատկանշականն այն է, որ, հղում անելով այդ հոդվածին, ադրբեջանական լրատվական դաշտը մտավախություն էր հայտնում, որ Վիտալի Բալասանյանը մի օր կդառնա Արցախի նախագահ եւ իրավիճակն է՛լ ավելի կբարդանա:

Այսօրՙ այդ դեպքից մոտ երեք տարի անց, ադրբեջանական մամուլը ողողվել է Բալասանյանի պաշտոնանկության մասին հրճվանքով գրված լուրերով, որովհետեւ ի տարբերություն մեր որոշ հայրենակիցների, Ադրբեջանում շատ լավ գիտենՙ ո՞վ է Բալասանյանը, որովհետեւ վերջինս նրանց հաղթել է պատերազմում, որովհետեւ նրանցից շատերը կամ շատերի հայրերը, բարեկամներն ու ծանոթները 90-ականներին ուղղակի փախել են նրա առաջից, որովհետեւ լավ գիտակցում էին, որ Վիտոն ու ընկերները կգան, կսպանեն իրենց: Այդպես էին մտածում նաեւ չեչեն ու այլազգի մուջահեդները, որոնք եկել էին օգնելու իրենց ազերի եղբայրներին:

Հ.Գ. Բաքվին ուրախացնում է Բալասանյանի պաշտոնանկությունը. Երեւանն ի՞նչ ունի ուրախանալու...

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Կարճ հասցե: javakhq.info/u/4296.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :