Նախընտրական կրքեր Ախալքալաքում՝ Վրաստանի վարչապետի այցի ժամանակ

Երեկ Ախալքալաքում ընդհարում է տեղի ունեցել «Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:
Միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ներկայությամբ: Վերջինս երկու կողմերին ուղղված կշտամբական հորդորից հետո լքել է հանդիպման վայրը:
Բանավեճը սկսվել է այն ժամանակ, երբ «Վրացական երազանք» կուսակցության կողմից մեծամասնական թեքնածու ներկայացված պատգամավոր Հենզել Մկոյանը խոսել է կուսակցության քառամյա պատմության և իրենց կատարած աշխատանքների մասին, այդ ընթացքում էլ պատգամավոր Սամվել Պետրոսյանը բռնկվել է:
Ընդհարվող կողմերին խոսք է ուղղել երկրի վարչապետը՝ նշելով հետևյալը. «Այն, ինչ անում եք դուք, դա ապակայունացում է, իրադարձություններից առաջ մի ընկեք, նախ և առաջ հարգեք ինքներդ ձեզ, հետո ուրիշին», -ասել է վարչապետը:
Նինոծմինդա-Ախալքալք այցի ընթացքում Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է միմիայն մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի անունը, ինչն էլ դժգոհության առիթ է հանդիսացել մարդկանց կողմից, որոնք պահանջում էին ներկայացնել համամասնական ցուցակում նշված իրենց պատգամավորի անունը:
Պատգամավոր Սամվել Պետրոսյանը նշել է, որ վարչապետը և «Վրացական երազանք» կուսակցության անդամները, հանձին Հենզել Մկոյանի ` ներկայացնում են այնպիսի մի թեքնածուի, ով ոչինչ չի արել Ախալքալաքի համար, ինչն էլ մեծ զայրույթ է առաջացնում թե իր և թե հայ համայնքի մոտ:
Այնուհետև Սամվել Պետրոսյանն ու նրա աջակիցները` թվով մոտ 200 մարդ, հեռացել են հավաքի վայրից:
Ջավախքում տեղի ունեցած Վարչապետի այցն, ի տարբերություն Նինոծմինդայում հնչած բուռն ծափերի և ջերմ ընդունելությանշ Ախալքալաքում անցել է վիճաբանություններով և հասարակության զգալի զանգվածի բողոքի կոչերով:
Նշենք նաև, որ Հենզել Մկոյանը նախկինում իշխանությունը ներկայացնող «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչն էր:
Աղունիկ Հովհաննիսյան