Հանդիպել են Վրաստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը

Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, ողջունելով հյուրին՝ Վրաստանի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ միշտ հաճելի է բարեկամ Հայաստանից բարձրաստիճան հյուրեր ընդունել և քննարկել երկու հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման հնարավորությունները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահին փոխանցել է Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և տեղեկացրեց Թբիլիսիում իր ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-վրացական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձան տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին:
Էդվարդ Նալբանդյանը Գեորգի Մարգվելաշվիլիին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչը հնարավորություն կընձեռի առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։