Վրաստանում բնակվող Հայսատանի անձնագիր ունեցողներն իրավունք ունեն երկրում մնալ 90 օր

Վրաստանում բնակվող Հայսատանի անձնագիր ունեցողներն իրավունք ունեն երկրում մնալ 90 օր

Օտարերկրյա անձնագրերով Վրաստանում բնակվողներին 3 ամիս ժամանակ կտրամադրեն, որպեսզի դե-ֆակտո եւ դե-յուրե հավասարեցնեն իրենց ժամանումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան: Նա նշեց, որ ոչ միայն Ջավախքում, այլեւ Վրաստանի այլ շրջաններում բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք դե-ֆակտո մշտապես բնակվում են, բայց երկիր մտնելիս այլ նպատակ են նշում. կրթություն, տուրիզմ եւ այլն:

Հիշեցնենք, որ տարբեր ժամանակներում Ջավախքի բնակիչների որոշակի հատվածը հայկական անձնագրեր է ստացել՝ շարունակելով բնակվել Վրաստանում: Մյուս կողմից, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող Վրաստանի քաղաքացիների շրջանում հայկական անձնագիր ձեռք բերելու պրակտիկա կար՝ ժամանման եւ բնակության հարցերը դյուրացնելու համար:

Այդ քաղաքացիների հարցերի լուծման համար, փոխնախարարի խոսքով, Վրաստանի «Օտարերկրյա քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ են ընդունվել: Կառավարությունը որոշել է ընդառաջել օտարերկրյա բոլոր այն քաղաքացիներին, որոնք Վրաստան մտնելիս նշել են մի նպատակ, սակայն այնտեղ գտնվել են այլ նպատակով: «Մինչեւ 2015 թվականի մարտի վերջը նրանք կարող են հստակեցնել իրենց ժամանման կարգավիճակը՝ նախկինում ներկայացրած սխալ տեղեկության համար որեւէ պատժամիջոցի չենթարկվելով: Ոչ ոք նրանց չի պարտավորեցնում Վրաստանի քաղաքացիություն ստանալ կամ հեռանալ. պարզապես հարկավոր է հստակեցնել ժամանման նպատակը»,- պարզաբանեց Ջալագանիան:

Ընդ որում, կարելի է այդ անել՝ չմեկնելով քաղաքացիության երկիր: Դրա համար հարկավոր է միայն այցելել Արդարադատության տուն կամ ԱԳՆ-ի հյուպատոսական բաժին եւ համապատասխան ձեւաթուղթ լրացնել: Այլ կերպ ասած՝ գործընթացը նման կլինի կեցության իրավունքի ձեւակերպմանը: Օտարերկրյա քաղաքացիները նախկինի պես կդառնան Վրաստանի ռեզիդենտներ, կկարողանան աշխատել, աշխատավարձ, կենսաթոշակ ստանալ եւ այլն:

«Օրենքի տառին համապատասխան՝ պետությունը պարտավոր չէր դա անել, բայց ամեն դեպքում նման պատասխանատվություն է ստանձնել, քանի որ Վրաստանը հյուրընկալ երկիր է: Մենք որոշեցինք ընդառաջել այդ մարդկանց խնդրանքին: Նրանք ստիպված չեն լինի հեռանալ երկրից, վերադառնալ, հերթ կանգնել: Նրանք կարող են առավելապես հարմարավետ, բայց արդեն օրենքին համապատասխան, գտնվել Վրաստանում այն նպատակով, որը կնշեն»,- հավելեց Ջալագանիան:

Ցանկության դեպքում, նրանք կարող են քաղաքացիության համար դիմել, բայց արդեն այլ գործընթացով, որոնք կապված չեն օրենսդրական փոփոխությունների հետ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3861.html
Վրաստան Հայաստան երկքաղաքացի Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :