Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-ամյա զոհերի հիշատակին նվիրված անցկացվել է հուշ-երեկո

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-ամյա զոհերի հիշատակին նվիրված անցկացվել է հուշ-երեկո

2014 թվականի նոյեմբերի 26-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում  Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվեց հուշ-երեկո`  նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա զոհերի հիշատակին:

Երեկոն կազմակերպվել էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի նախաձեռնությամբ`  Ախալքալաքի կիրակնօրյա դպրոցի, եկեղեցական երգչախմբի, Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ:

Ներկա էին  Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ…

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

Ջավախքի փոխառաջնորդն իր ելույթում նշեց. 

«Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների հիշողության, և ապագա սերնդի առջև: Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք: Հզոր միտք, անկոտրում պայքար, և հետևողական լինենք մեր գործողություններում: Այսօր, այստեղ հավաքվել ենք, ոչ թե սգալու, այլ կրկին վերահաստատելու մեր ԳՈՅՈՒԹՈՒՆՆ աշխարհում: Յուրանչյուրս մեր բաժին պայքարն ունենք, պայքար որ մի օր անպայման հաղթանակ է ծնելու»:

Ինչպես նաև ելույթով հանդես եկավ Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Այնուհետև հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին երաժշտական կատարումներով: Երեխաներն իրենց զգացմունքայնությամբ հուզեցին ներկաներին՝ կորզելով ուրախության արցունքներ:

Հուշ-երեկոն ամփոփեց 8-ամյա Դավիթ Հարությունյանը Գևորգ Էմինի «Պարեց հայն ու ողջ աշխարհը զարմացավ» բանաստեղծությամբ: Եվս մեկ անգամ վերահաստատելով, որ ապրում է հայը, պարում է հայն ու կրկին ուրախ երգում…

Կարճ հասցե: javakhq.info/u/3757.html
Ախալքալաք Ջավախք Նինոծմինդա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :