Հայաստան է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն

Հայաստան է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: 

Երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքը և հեռանկարները: 

Կողմերը բարձր են գնահատել հայ-վրացական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ այն ոչ միայն նպաստում է երկու հարևան պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական կարողությունների զարգացմանը, այլև իր ուրույն ներդրումն է կատարում հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման գործում: 

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ երկկողմ ռազմական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Գեներալ-մայոր Կապանաձեի հետ առանձնազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Վրաստանը բարձր է գնահատում պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, վստահ լինելով, որ առկա են բոլոր նախադրյալներն այն ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հայաստանում գտնվելու ընթացքում գեներալ-մայոր Կապանաձեի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Որպես Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության օրինակ նշենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները գրեթե յուրաքանչյուր տարի մի շարք այլ պետությունների հետ համատեղ մասնակցում են Վրաստանի Սաչխարե լեռնային պատրաստության դպրոցի դասընթացներին։

Կարճ հասցե: javakhq.info/u/3737.html
Վրաստան Հայաստան ՊՆ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :