Սանկտ Պետերբուրգում կայացած ՋԱՀ միջոցառման նվիրատվության գումարի չափը կազմել է 30.000 ԱՄՆ դոլար

Սանկտ Պետերբուրգում կայացած ՋԱՀ միջոցառման նվիրատվության գումարի չափը կազմել է 30.000 ԱՄՆ դոլար

2014 թ. նոյեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Ամրոց» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով քննարկումը և բարեգործական համերգ – երեկոն։

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը, Սանկտ Պետերբուրգի  հայկական ազգային մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և այլք։

Տեր Սարգիս քահանա Չոփուրյանի օրհնանքի խոսքից անմիջապես հետո, որպես միջոցառման մուտքի խորհրդանիշ,Մավր Մկրտչյանի կատարմամբ հնչեց Ջիվանու«Հովիկ» անմահ երգը, որը ներկաներին մի պահ տեղափոխեց հայրենի Ջավախք՝  պապենական երկիր։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն, իր խոսքում կարևորելով ջավախահայությանն օգնություն տրամադրելու հանգամանքը, նշեց, որ ծանոթ է հիմնադրամի հիմնադիրներին, որոնք վստահություն ներշնչող մարդիկ են, և այս հայանպաստ ծրագրերին պետք է մասնակից դառնան ոչ միայն ջավախահայերը, այլև ամբողջ հայությունը։ 

Հյուպատոսը հատկապես կարևորեց ՋԱՀ-ի ծննդօգնության աջակցության ծրագիրը, քանի որ«հայերը Ջավախքում դարերով ապրել են և շարունակելու են ապրել։ Մենք հայերս մի զարմանալի յուրահատկություն ունենք՝ դառնում ենք բոլորով միասին արցախցի, որպեսզի փրկենք Արցախը, կարող ենք դառնալ ջավախքցի, որպեսզի օգնենք Ջավախքին, վաղը, եթե հարկ լինի, կդառնանք մշեցի, վանեցի, և սրանում է մեր ազգի մեծությունը և հզորությունը։ 

Ես կարծում եմ՝ այսօր պահն է, որ բոլորս դառնանք մի քիչ ջավախքցի, քանի որ Ջավախքը մեր ազգին տվել է հանճարեղ նկարիչներ, արվեստի, գրականության, գիտության ոլորտի մեծություններ»։

Իր հերթին Սանկտ Պետերբուրգի  հայկական ազգային մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Չկա մեր հողի ոչ մի կտոր, որ մերը չլինի, չկա մեր ժողովրդի մի մաս, որի առաջ մենք պատասխանատու չլինենք, չկա մեկ ազգային հարց, որը չլինի մեր սեփականը։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, քանզի սա մեր ընդհանրական հարցն է»։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանն իր ելույթում Ս. Պետերբուրգի հայ համայնքին ներկայացրեց կազմակերպության անցած կարճ, բայց բովանդակալից ճանապարհը, իրականացված ծրագրերը, որոնցից շատերը դեռ ընթացքի մեջ են։ Խոսելով ծննդօգնության աջակցության ծրագրի մասին՝ Ս. Սահակյանը նշեց, որ այդ գումարները, որոնք հատկացվում են Ջավախքի բազմազավակ ընտանիքներին, նյութականից առավել ունեն բարոյական մեծ նշանակություն, որի շնորհիվ ջավախահայությունն առավել վստահ և ամուր է զգում իրեն սեփական հողի վրա։ Ս. Սահակյանը ներկայացրեց ՋԱՀ-ի կողմից իրականացվելիք ևս մեկ ծրագիր, որը վերաբերում է Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում մեծ աշուղի տուն-թանգարանի ստեղծմանը։ Բանախոսի վստահեցմամբ՝ արվելու է ամեն ինչ, որ մինչ հերթական «Ջիվանիական օրվա» տոնակատարությունները տուն-թանգարանը պաշտոնապես բացվի և տոնակատարության օրն ունենա իր առաջին այցելուները։ 

«Ջիվանու տուն-թանգարանի ստեղծումից հետո մենք ծրագրում ենք հիմնել Դ. Դեմիրճյանի, Հավասու տուն-թանգարանները, իսկ Ախալցխայում երևի թե կունենաք մի քանի տուն-թանգարաններ, քանի որ այդ քաղաքը շռայլ է գտնվել մեր ազգին մեծեր պարգևելու գործում»։ Ս. Սահակյանը նշեց, որ Ս. Պետերբուրգի միջոցառման կազմակերպմամբ տրվում է ռուսաստանյան մի շարք քաղաքներում և նահանգներում իրականացվելիք նմանատիպ միջոցառումների մեկնարկը, որոնց հայկական համայնքների կազմում ՋԱՀ-ը կունենա իր գործող մասնաճյուղերը։ «Մենք բոլոր քաղաքների հայկական համայնքներում ունենք ակտիվ ջավախահայեր, որոնք էլ հենց կդառնան մեր մասնաճյուղերի կորիզը», – իր խոսքում նշեց գործարարը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ՋԱՀ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր ոլորտում կայացած անձնավորություն է՝ գիտնական, զինվորական, գործարար, արվեստի բնագավառում բարձր դիրքեր զբաղեցնող մարդիկ, ովքեր, սակայն, կարող էին իրենց բնագավառներում հանգիստ աշխատել, եթե չլիներ այն գիտակցումը, որ Ջավախքի պարագայում հապաղումը բառի ուղիղ իմաստով հանգեցնելու է այդ երկրամասի կորստյանը։ Պատմաբանը նշեց, որ ինքն իր 14 գրքերից իննը, այդ թվում իր դոկտորական ատենախոսությունը, նվիրել է Ջավախքին։

«Ես 35 տարի է, ինչ ապրում եմ Երևանում, բայց ջավախքցի եմ հոգով, սրտով և ինձ միշտ համարել եմ դասալիք։ Իմ արմատները Ջավախքում են, և ես հայրենիք ասված հասկացությունը ընկալում եմ իմ հարազատների շիրիմների՝ այդ հողի վրա մշտական ներկայությամբ։ Ես՝ Երևանում ապրողս, գիտակցում եմ, որ իսկական ջավախքցին նա է, ով ապրում է այնտեղ և կռիվ տալիս հող հայրենիի հետ։ Ես ունեմ հոգու պարտք և սեր մեր փոքրիկ հայրենիքի նկատմամբ, իսկ այդ սերը գալիս է իմ փոքր ծննդավայրից՝ Ջավախք աշխարհից»։ Պրոֆ. Ա. Մելքոնյանը հաջողության հասնելու նախապայման է համարում հատվածական մտածողության փոխարինումը համահայկական գաղափարներով։ 

Բանախոսի կողմից խոսվեց նաև տարածաշրջանին սպառնալիք հանդիսացող իսլամական արմատականության, Վրաստանի ժողովրդագրական պատկերի՝ հօգուտ մահմեդականության փոփոխման բերումով ստեղծված վտանգների մասին. վտանգներ, որոնք սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի մաս կազմող ՀՀ-ին ու Վրաստանին, այլև  քրիստոնեությանն ընդհանրապես։ 

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամի կողմից ներկայացվեցին նաև նշանավոր ջավախահայերի կյանքից մի շարք հուզիչ դրվագներ, որոնք մեր օրերում ունեն դաստիարակչական մեծ նշանակություն. «Մենք՝ ջավախքցիներս, հպարտանում ենք, որ Հայաստանի առաջին հանրապետության 4 վարչապետերից երկուսն ախալքալաքցիներ էին՝ Հովհաննես Քաջազնունին և Համո Օհանջանյանը, որը ծնվել է Ախալքալաքի Խաս բախչայի կողքի տանը, Ախալքալաքում է ծնվել ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, նրա կողքի տանն է ապրել արդարադատության նախարար Արտաշես Չիլինգարյանը (Ռուբեն Դարբինյան), մի փոքր վերև՝ Դերենիկ Դեմիրճյանը։ 

1895 թ., երբ Արևմտյան Հայաստանում սկսվում են համիդյան կոտորածները, 10-11 տարեկան 4-րդ  դասարանցիներ Ռուբեն Տեր-Մինասյանն ու Արտաշես Չիլինգարյանը լսում են, որ Սասունից եկած գաղթականները Ախալքալաքի զինվորական ավանում հսկա քարերից շենքեր են սարքում՝ դրանով հայթայթելով օրվա ապրուստը։ Երբ մոտենում են սասունցիներին՝ վերջիններս հարցնում են տղաներին, թե «ուրկե՞ եկած են», տղաներն ասում են՝ մենք ախալքալաքցիներ ենք, դու՞ք ուրկե եկած եք, պատասխանը լինում է՝ «մենք սասունցի ենք»։ Եվ, ինչպես պատմում է Ռ. Տեր-Մինասյանն իր հուշերում, սասունցին փաթաթվում է իրեն և ասում. «լաճս, ի՞նչ նման ես իմ լաճին, տեսնես յարաբ լաճս ի՞նչ եղավ…»։ Ռուբենը պատմում է, որ իրենք չեն հասկացել, թե ինչ է «լաճը», հետո, երբ գալիս են Մեսրոպյան վարժարան և հարցնում Համո Օհանջանյանի քրոջը՝ Սաթենիկ Օհանջանյանին, որը բացատրում է, թե ինչ է լաճը։ 

Հաջորդ օրը, երբ նորից են մոտենում սասունցուն, վերջինս պատմում է, որ կոտորածներից մազապուրծ, հասնելով Ախալքալաք՝ չգիտեն, թե ուր են մնացել իրենց զավակները։ Եվ Մեսրոպյան վարժարանի 11-12 տարեկան 12 աշակերտներ որոշում են վրեժ լուծել, որի համար խմբվում են և անցնում Արդահան, հասնում մինչև Կարսի Մազրա գյուղը։ 

Ամբողջ Ախալքալաքը ոտքի է կանգնում, փնտրում են, ի վերջո Սաթենիկ Օհանջանյանը գլխի է ընկնում, որ տղաները գնացել են Էրգիրն ազատագրելու։ Ոստիկանությունը նրանց գտնում և վերադարձնում է, վարժարանի տնօրեն Խաչատուր Դիլանյանին հեռացնում են, իսկ Սաթենիկ Օհանջանյանին՝ բանտարկում։ Ահա այս ոգին էր, որ ապրեց մեր մեջ և փոխանցվելով հասավ մինչև արցախյան պատերազմ, որտեղ նորից ծնվեցին կենդանի լեգենդներ՝ Գուրգեն Դալիբալթայան, 1918 թ. օրինակով Վ. Սարգսյանի գլխավորությամբ ունեցանք մահապարտների ջոկատներ, ահա նրանցից մեկն այստեղ է՝ Գագիկ Գինոսյան, որի սաները Ս. Պետերբուրգի օդակայանում պարելով դիմավորեցին, որից ապշահար էին ներկաները։ Այս կազմակերպության հիմնադիրներից է արցախյան պատերազմի ավիացիայի հերոսներից Սերգեյ Վանցյանը։ Մենք մեր փառապանծ ներկայությունը այսպիսով պետք է քաղաքակիրթ աշխարհում նորովի վերահաստատենք, ինչպես եղել ենք 6-7 հազար տարի շարունակ»։

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իր հերթին հպարտորեն նշեց, որ ինքն այն երկրի զավակն է, որն աշխարհին պարգևել է Սուրենյանցներ, Կոջոյաններ, Գայֆեճյաններ, բազմաթիվ ակադեմիկոսներ ու աշխարհահռչակ գիտնականներ, և նաև այդ երկիրը պահելու գիտակցումն էր, որ նրան տարավ դեպի արցախյան ազատամարտ:

Ըստ նրա՝ Ջավախքի խնդիրը նախևառաջ ռազմավարական խնդիր է հենց ՀՀ-ի համար, որը ՀՀ-ին սահմանակից հայերով բնակեցված միակ տարածաշրջանն է: «Այսինքն՝ Ջավախքի հայաթափումը մեծ հարված կլինի հենց Հայաստանի Հանրապետությանը, որը մեծ խնդրի առաջ կկանգնի, եթե չլինի Ջավախքը, որով կվտանգվի նաև հայ ժողովրդի ապագան: Կուզենայի գիտակցենք, որ եթե չսատարենք Ջավախքին, այն կարող է կրկնել Նախիջևանի ճակատագիրը, իհարկե, ցանկալի չէր լինի, որ այստեղ կրկնվեր նաև արցախյան սցենարը:

Պետք է հասկանալ, որ Ջավախքի լինելիությամբ նորովի է կառուցվում հայ-վրացական բարեկամությունը, որը տարածաշրջանում ահագնացող թուրքական ինտերվենցիային դիմակայող միջոցներից մեկն է», – իր խոսքում նշեց Գ. Գինոսյանը՝ ավելացնելով, որ հայ մարդը Ջավախքից չի արտագաղթում սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության պատճառով, հայ մարդն արտագաղթում է, երբ չի տեսնում այդ տարածքում իր երեխաների արժանապատիվ ապագան.

«Այն երկրում, ուր ծնվել են Սուրենյանցի ու Կոջոյանի նման հանճարներ, այսօր շատ դեպքերում հասարակ վրձնի կամ դաշնամուրի կարիք կա: Կուզենայի, որ մեզանից յուրաքանչյուրն իր ավանդն ունենա ամենակարևորի՝ ջավախքցուն իր հայ լինելու, ջավախքցի լինելու հպարտությունը վերադարձնելու մեջ: Ջավախքցին պետք է գիտակցի, որ իր լինելությունը Ջավախքում իր քմահաճույքը կամ ցանկությունը չէ՝ կուզի կմնա, չի ուզի, չի մնա, այլ նա, երբ հասկանա, որ իր կողքին ենք մենք, և իր այնտեղ լինելով՝ ինքը թիկունք է կանգնում ՀՀ-ի ապագային, վստահ եմ, որ ջավախքցին կմնա իր հողում, կշենացնի այն, և մի օր Ջավախքում կունենանք ինքնաբավ մշակույթ, լուրջ կրթություն»: Հիշելով կրկին Ջավախքի մեծերին՝ Գ. Գինոսյանը եզրակացրեց. «Ունենալով այս գիտական, մշակութային պոտենցիալը՝ մենք այսօր արհեստականորեն ամլացնում ենք այդ հանճարածին արգանդը»:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի բարեգործական միջոցառմանը ներկա էին ինչպես ՀՀ տարբեր մարզերից պետերբուրգաբնակ հայեր, այնպես էլ ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք նույնպես հանդես եկան ելույթներով:

Երեկոն իրենց ելույթներով զարդարեցին Ս. Պետերբուրգի հայ համայնքի պարի խմբերը, որոնց հետ Գ. Գինոսյանն արդեն մի քանի օր է, ինչ իրականացնում էր վարպետության դասեր: Ավելորդ չենք համարում նշելու, որ այս խմբերի ներկայացուցիչները, որոնցից ոմանք ժամանակին եղել են Գ. Գինոսյանի սաները, Ս. Պետերբուրգի «Պուլկովո»օդակայանում մեզ դիմավորեցին հենց Գինոսյանի դասավանդած հայ ավանդական երգերով ու պարերով: Տեսարան, որն անհնար է վերհիշել առանց հուզմունքի:

Ս. Պետերբուրգի հայ համայնքնառանձնակի ջերմությամբ դիմավորեց նաև հայ ժողովրդական և գուսանական երգերի անզուգական կատարող, ծնունդով Ջավախքի Մերենիա գյուղից Մավր Մկրտչյանին, որի «Կռունկ», «Քանքարավոր ընկեր»,«Հայրենիքիս ջուրը», «Ավարայրի դաշտը»և այլ երգեր իրենց խոր ազդեցությամբ դեռ երկար կմնան ներկաների հիշողություններում: Տաղանդաշատ երգչուհի Արաքսյա Ամիրխանյանի շերամյան և այլ կատարումներ ևս ընդունվեցին մեծ խանդավառությամբ: Երեկույթին մենապարով հանդես եկավ նաև տեղի հայ համայնքի շնորհաշատ պարուհի, ՀՀ նախագահի մրցանակակիր Ս. Բաբախանյանը։

Միջոցառման ընթացքում հայտարարված դրամահավաքի արդյունքում Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ինչպես ջավախահայ, այնպես էլ այլ ներկայացուցիչների կողմից կատարված նվիրատվության գումարի չափը կազմեց 30.000,0 ԱՄՆ դոլար։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ, ՋԱՀ

http://javakhkmedia.com

Կարճ հասցե: javakhq.info/u/3696.html
Ջավախք Ջավախքին աջակցություն հիմնադրամ Սանկտ Պետերբուրգ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :