«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը օժանդակություն ցուցաբերեց ջավախահայ ընտանիքներին

«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը օժանդակություն ցուցաբերեց ջավախահայ ընտանիքներին

«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը հերթական անգամ դրամական օժանդակություն ցուցաբերեց 2014 թ-ի հունվարի 1-ից հետո երրորդ և ավելի երեխա ունեցող ջավախահայ ընտանիքներին, ինչպես նաև վեցից ավելի երեխա ունեցող թվով 24 ընտանիքների:

Գումարի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Ջավախքի երեք շրջկենտրոններում։

Առաջին շրջանն Ախալցխան էր։ Նվիրատվության հանձնման արարողությունը տեղի ունեցավ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի գրասենյակում։ 

Միջոցառմանը ներկա “Ջավախքին Աջակցություն”  հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ,  բարերար Սոս Սահակյանը շնորհավորեց նորածին երեխաների ծնողներին և ՋԱՀ-ի Ախալցխայի շրջանի պատասխանատուի հետ գումարները փոխանցեց ընտանիքներին: 

Նրա խոսքերով «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը հիմնադրամի գլխավոր ծրագրերից է։ Բացի այդ՝ իրենք ցանկանում են նաև  աջակցել Սամցխե-Ջավախքում և Ծալկայի շրջանում մշակույթի և արվեստի զարգացմանն ու պահպանմանը: Սահակյանի խոսքերով Ախալցխան արդեն մի քանի դար է, ինչ հայ ազգին տալիս է բազմաթիվ գիտնականներ և մշակույթի խոշոր գործիչներ:

ՋԱՀ-ի Ախալցխայի պատասխանատու  Էդուարդ Այվազյանի խոսքերով «Ջավախքին Աջակցություն»  հիմնադրամը բավական երիտասարդ կառույց է և ունի ընդամենը մեկ տարվա պատմություն, սակայն այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը կատարել է մեծ գործ հատկապես Ջավախքում ծնելիության խրախուսման գործում, և կան նաև շատ մեծ հույսեր կազմակերպության գործունեության հետ կապված, որ ՋԱՀ-ը ավելի հզորանալով պետք է նպաստի տարածաշրջանի մշակութային, հոգևոր և կրթական ոլորտների զարգացմանը:

Բարերար Սոս Սահակյանը ծանոթացավ նաև Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի բարեկարգման և նկուղային հարկի վերանորոգման աշխատանքներին,  օժանդակելու համար կատարեց նյութական նվիրատվություն:

ՋԱՀ-ի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում գումարների հանձնման արարողություն տեղի ունեցավ նաև Ախալքալաքում եւ Նինոծմինդայում. օգնություն ստացան Ախալքալաքի շրջանի 9 և Նինոծմինդայի շրջանի 8 բազմազավակ ընտանիքներ։

Ախալքալաքի «Ոսկե Ծիրան» կինոսրահի դահլիճում գումարների փոխանցման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց Տերունական աղոթքով: Ծրագրի կազմակերպիչները, շնորհավորելով նորածինների ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հույս հայտնեցին, որ բազմազավակ ընտանիքների քանակը գնալով կավելանա: Միջոցառմանը ներկա էր Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրում Ջավախքի բոլոր շրջաններից 2014 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է 112 ընտանիք:

«1000-2000 լարին, անշուշտ, մեծ աջակցություն է տվյալ ընտանիքին՝ նորածնի առաջնային ծախսերը հոգալու համար, իսկ ընդհանուր առմամբ ծրագիրը դրական կանդրադառնա ծնելիության գործընթացի, այդպիսով նաև Ջավախքի ժողովրդագրության վրա», – ասել է Ախալքալաքի շրջանում «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:

Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային կենտրոնում դրամական աջակցություն ստացող Նինոծմինդայի շրջանի 8 բազմազավակ ընտանիքներին իր օրհնանքի խոսքը ասաց շրջանի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը, իսկ նույն կենտրոնի ղեկավար, Վրաստանի հայ գրողների  «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանն իր խոսքում կարևորեց նման ծրագրերի իրականացումը, որոնք նյութական մեծ աջակցություն հանդիսանալուց զատ, ունեն նաև բարոյական խոշոր նշանակություն։

Նշենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը գրանցվել է 2013թ.-ի դեկտեմբերի 10-ին և սկսել իր գործունեությունը 2014 թվականից։ Հիմնադրամի նպատակն է աջակցել Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայաբնակ բնակավայրերի սոցիալ տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը և նպաստել գիտական, կրթական, հոգևոր, առողջապահական, մշակութային, մարզական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3526.html
Ախալքալաք Ջավախք «Ջավախքին աջակցություն» Նինոծմինդա Ախալցխա Ջավախք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :