Վահագն Չախալյան.Վրաստանի նոր իշխանությունները շատ անկեղծ են Հայաստանի հանդեպ

Վահագն Չախալյան.Վրաստանի նոր իշխանությունները շատ անկեղծ են Հայաստանի հանդեպ

«Հանուն Վրաստանի հզորացման անհրաժեշտ է օր առաջ այս գործընթացներին մասնակից դարձնել նաև ջավախահայությանը». ասել է ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: Նա նշել է, որ Վրաստանի այսօրվա իշխանությունները շատ ավելի անկեղծ են Հայաստանի հետ հարաբերություններում։ 

«Այն լարվածությունը, որը կար Սաակաշվիլիի տարիներին, բնականաբար թուլացել է և շարունակում է թուլանալ, իրավիճակը գնում է դեպի բարելավմանը»,-ասել է նա:

-Ջավախքի հիմնախնդիրներն ի՞նչ փոփոխության են ենթարկվել՝ սրվե՞լ են, թե՞ մեղմացել, նոր իշխանությունները խոստումները կատարե՞լ են:

-Վաղ է ասել, որ խոստումները, որպես այդպիսին, կատարված են: Այն լարվածությունը, որը կար Սաակաշվիլիի տարիներին, բնականաբար թուլացել է և շարունակում է թուլանալ, իրավիճակը գնում է դեպի բարելավմանը: Այսօրվա իշխանություններն ամեն դեպքում ավելի շատ են անկեղծ ՀՀ-ի հանդեպ: 

Միշտ էլ Վրաստանը հայտարարել է, որ ուզում է Հայաստանի հետ ջերմ, եղբայրական հարաբերությունների մեջ լինել, բայց հայտարարելը մի բան է, գործերն՝ այլ: Սաակաշվիլիի հայտարարություններն ավելի պրատակոլային էին, իսկ այս իշխանությունների մոտ ավելի շատ է անկեղծություն նկատվում: Նրանք փորձում են ավելի սերտ համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, ավելի շատ են հաշվի նստում Հայաստանի շահերի հետ տարածաշրջանում, որը չի եղել Սաակաշվիլիի ժամանակ:

-Իսկ հայ համայնքի խնդիրներն ի՞նչ փոփոխության են ենթարկվել:

-Հայ համայնքում թեթևություն, փոփոխություն կա: Այն ռեժիմը, որ Սաակաշվիլիի տարիներին ուժային կառույցների կողմից մեծ զոնայի էր վերածել Ջավախքը, հիմա չի նկատվում, չնայած ուժային մարմինները նորից պահպանում են իրենց «դերակատարությունը», այսինքն՝ վերահսկողությունը նորից չափից դուրս է: Սաակաշվիլիի ռեժիմը ջավախահայությանը սարքել էր Վրաստանի պետականության քանդմանը, ամբողջականության փլուզմանը ձգտող կերպար: Այդ կերպարից մեկ օրում դուրս գալ չի ստացվում, նոր իշխանություններն էլ շատ զգույշ են: Չեն հավատում այդ «մոնստրի» գոյությանը, բայց մի օրում պատրաստ չեն կառավարության այդ համակարգը փոխարինել: Նաև ես կարծում եմ, որ իրենք կառավարման նոր մոդելի փնտրտուքների մեջ են, որը չեն կարողանում գտնել, և մենք էլ պետք է օգնենք իրենց, որ գտնեն այդ ձևը:

-Իսկ ազգային խնդիրնե՞րն են ավելի շատ անհանգստացնում Ջավախքի հայերին, թե՞ սոցիալ-տնտեսական:

-Մենք միշտ ասել ենք, որ մեզ հուզում են ավելի շատ քաղաքական խնդիրները: Ջավախքի հայաթափման գործընթացը սոցիալ-տնտեսական խնդիրներից չի սկսվել, ինչպես Սաակաշվիլին էր ներկայացնում: Մենք ասում ենք, որ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը հենց ինքն է հետևանք այն քաղաքականության, որը վարվել է մեր ռեգիոնում: Կոնկրետ օրինակ՝ վրացերենի չիմացությունը ևս քաղաքականության հետևանք է, որն իրենք օգտագործել են ջավախահայության դեմ: Ասել են՝ ջավախահայությունը չի կարողանում ինտեգրվել մեր քաղաքականությանը, քանի որ վրացերեն չգիտի: Բայց մեր ասածն ավելի հիմնավոր է` ջավախահայությունը վրացերենին չի տիրապետում, քանի որ մեկուսացված է, ընդգրկված չէ Վրաստանի ոչ տնտեսական, ոչ քաղաքական կյանքին:

-Ի՞նչ կասեք Վրաստանում իրականացված օրենսդրական վերջին փոփոխության մասին, որն առաջացրեց ջավախահայության դժգոհությունը:

-Այդ օրենքի մեզ հուզող մասն այն է, որ շատ ջավախահայեր այս տարիների ընթացքում, քանի որ Ռուսաստան չեն կարողացել գնալ, վերցրել են հայկական անձնագիր: Հետո Սաակաշվիլին Իվանիշվիլիի հետ պայքարում մտցրեց օրենք, որ երկու քաղաքացիություն ունեցող անձը պետք է զրկվի վրացական անձնագրից: Իրենց այս ներքին քաղաքական պայքարի արդյունքում բազում ջավախահայեր տուժեցին, զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից: Եթե այդ օրենքն ավելի շուտ լիներ, ջավախահայերը կմտածեին՝ վերցնե՞լ հայկական անձնագիր, թե ոչ: Բայց քանի որ օրենքը հետո է ընդունվել, իրենց կամքին հակառակ փաստի առաջ են կանգնել, և մոտ 3000 հոգի զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Մեծ աղմուկ բարձրացավ Ջավախքում, ինչի արդյունքում մեկ տարուց ավելի այս գործընթացը կանգնեցվեց: Իսկ նոր օրենքով խնդիր առաջացավ, որ այն մարդիկ, ովքեր զրկվել են քաղաքացիությունից, նրանց տրվում է Վրաստանում կեցության 180 օրյա կարգավիճակ, այսինքն՝ վիզային ռեժիմ է մտցվում:

-Տեղեկություն էր տարածվել, որ Ախալքալաքում որոշվել է ռազմական բազա ստեղծել, դա ինչպե՞ս է ընկալվում ջավախահայության կողմից:

-Բազայի ստեղծման գործընթացը սկսվել է դեռևս 2007 թ., ինչը մենք կանգնեցրել ենք: Իրենց ասելով` հիմա խոսքը գնում է ուսումնական կենտրոն կառուցելու մասին, բազա, որպես այդպիսին, չեն կառուցելու, թեև փորձը ցույց է տվել, որ երբեմն կառուցվելու ժամանակ մի բան է ասվել, կառուցելուց հետո՝ այլ բան: Խնդիրն այն է, որ ոչ միայն հասարակական քննարկում չի եղել, այլ նաև նույնիսկ տեղական իշխանություններին տեղյակ չեն պահել այդ մասին: Ճիշտ է, սա տարիներ շարունակ իրենց պահվածքի, իրենց քծնանքի, վերաբերմունքի արդյունքն են հիմա վայելում, բայց ինձ համար շատ տհաճ է, որ գոնե մեր տեղական իշխանության ներկայացուցիչներին չեն հրավիրել: Հանուն Վրաստանի հզորացման անհրաժեշտ է օր առաջ այս գործընթացներին մասնակից դարձնել նաև ջավախահայությանը:

-Արիֆ Ասկերովի հայտարարության վերաբերյալ պատասխան էիք հնչեցրել: Ինչի՞ն էր ուղղված Ձեր ասածը:

-Նա հայտարարեց, որ Հայաստանը չի կարող օգտվել Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթգծից, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Իմ պատասխանը վերաբերում էր նրան, որ հիմա էլ սկսեցին Արցախի հարցը կապել երկաթգծի հետ: Մինչև հիմա իրենք ամբողջ աշխարհին վստահեցնում էին, որ սա ուղղված չէ երրորդ պետության դեմ և չի կարող քաղաքական գործընթացների ճնշման միջոց դառնալ, սա բիզնես ծրագիր է, որից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները: Նման բազում հայտարարությունների ֆոնին, երբ հիմա Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ մինչև տարվա վերջ պետք է առաջին գնացքն անցնի, մեկ էլ ադրբեջանական երկաթուղիների տնօրենը բարձրանում և նման հայտարարություն է անում, ինչը նշանակում է, որ դա ադրբեջանական իշխանական դիրքորոշումն է:

-Այսինքն՝ կարծում եք, որ ադրբեջանա-թուրքական գործոնը մեծ տեղ ունի Վրաստանում:

-Իրենք ամեն կերպ փորձելու են, որ իրենց հայտարարությունն իրականություն դառնա: Ես համոզված եմ, որ իրենք Սաակաշվիլու հետ ունեցել են ներքին համաձայնություն և հիմա փորձելու են այդ համաձայնությունը փաթաթել նոր իշխանությունների վզին, բայց այստեղ կարևոր է ջավախահայության և ընդհանրապես ամբողջ հայության դիրքորոշումը: Եթե մենք վճռական լինենք, ինչպե՞ս կարող են Ադրբեջանի իշխանությունները որոշել մեր իշխանությունների տեղը, մենք Վրաստանի քաղաքացի ենք, ընտրել ենք վրացական իշխանությանը և մենք թույլ չենք տա, որ Ադրբեջանի իշխանությունները որոշում ընդունեն մեր իշխանությունների տեղը: Դժվար է լինելու, բայց պետք է համախմբված ու վճռական լինենք: Ի՞նչ հիմքով պետք է արգելեն ադրբեջանական իշխանությունները, որ հայկական բեռները չհասնեն Կարզախ գյուղ:

-Վրաստանի՝ անվտանգության և տնտեսական տարբեր կառույցներին անդամակցելը բացասաբա՞ր կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա:

-Ես կարծում եմ, որ բացասական չի անդրադառնա, եթե երկուստեք ցանկություն կա, որ մեր հարաբերությունները ավելի ամրապնդեն և ուժեղանան, հաստատ Բրյուսելից կամ Մոսկվայից չեն ստիպելու, որ հակառակը լինի:

-Ինչպե՞ս եք գնահատում հիմնախնդիրները բարձրացնելու Հայաստանի իշխանությունների կատարած քայլերը:

-Անշուշտ կարելի էր անել ավելին: Շատ խնդիրներ կան, որոնց լուծումը կարելի էր նախաձեռնել:

-Որքանո՞վ է մտահոգիչ Ջավախքի արտագաղթի խնդիրը:

-Գյուղեր կան, որ բնակչության 30-40 տոկոսն է մնացել: Մենք մի հաշվարկ սխալ ենք անում, մենք ասում ենք` կար 50 տուն, հիմա մնացել է 25 տուն, սակայն մենք մոռանում ենք, որ այդ 50 տունը, որ կար, հիմա պետք է լիներ 150 տուն: Ջավախքի հայաթափումը այսօր խնդիր է ոչ միայն մեզ համար, այլ դա հենց համար առաջին խնդիրն է Վրաստանի պետականության համար: Ջավախքի հայաթափումը Վրաստանի կործանման սկիզբն է, քանի որ այդ տները դատարկ չեն մնալու, և այդ տարածքները վրացիներով վերաբնակեցնելու ծրագիրը իրատեսական չեն լինելու: Այնտեղ այլ ազգի բնակչություն է հաստատվելու, ինչը կարող է կատաստրոֆիկ հետևանք ունենալ, եթե հաշվի առնենք թուրքերի-ադրբեջանցիների դեմոգրաֆիկ աճի տեմպերը:

-Ի՞նչ փուլում է գտնվում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցը, ինչ-որ հույսեր կա՞ն այդ առումով:

-Գործընթացը գնում է, ջավախահայության համար առաջին պահանջը հայերեն լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալն է: Մենք վճռական ենք մեր պահանջների մեջ, և եթե մեզ չի կարողացել կոտրել Սաակաշվիլին, դժվար թե ինչ-որ մի բան կարողանա կոտրել, և ջավախահայությունը հրաժարվի իր քաղաքական պահանջներից: Մենք լավատես ենք դարձել, որովհետև Վրաստանի այսօրվա իշխանությունների մեջ շատերը հասկանում են, որ մեր պահանջն օրինական է, լրիվ համապատասխանում է մեր իրավունքներին և որքան հնարավոր է շուտ պետք է լուծում տալ: Կոնկրետ ժամկետներ չենք լսել, բայց ներքին պայմանավորվածություն կա, որ Վրաստանի պառլամենտը պետք է ընդունի տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան: Դեռևս լուծված չէ նաև դպրոցներում հայոց լեզվի, հայոց պատմության դասավանդման հարցը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3452.html
Ջավախք Վրաստան Հայաստան իշխանություններ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :