Համաշխարհային տնտեսությունն արդեն գտնվում է ռեցեսիայի վիճակում. վերլուծաբաններ

Համաշխարհային տնտեսությունն արդեն գտնվում է ռեցեսիայի վիճակում. վերլուծաբաններ

Համաշխարհային տնտեսությունն արդեն գտնվում է ռեցեսիայի (ստիճանական ետաճում) վիճակում, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով տնտեսական գործունեությանը հասցված հարվածն արդեն տարածվել է բազմաթիվ ոլորտներում: Այս կարծիքին է Reuters գործակալության կողմից հարցված տնտեսագետների մեծ մասը:

 

COVID-19 համաճարակը ֆինանսական շուկաներին շոկի է հասցրել, որն ամենախոշորն է 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: Այս մասին արդեն հայտարարել են Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի եւ Ավստրալիայի տասնյակ կենտրոնական բանկեր:

 

Ներդրողները խուճապով են տրամադրված բաժնետոմսերի, պարտատոմսերի, ոսկու եւ ապրանքների գների նկատմամբ, ինչը ընդգծում է լուրջ տնտեսական վնասի ակնկալիքը կորոնավիրուսի բռնկումից, հայտնում է  «Ամերիկայի Ձայնը»: 

 

Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի երկրներից այս շաբաթ հարցված տնտեսագետների ավելի քան երեք քառորդը ((31-ը` 41-ից), պատասխանելով հարցին` արդյոք համաշխարհային տնտեսությունը անկման վիճակում է գտնվում, ասել են, որ տնտեսական աճն ամբողջ աշխարհում արդեն ավարտվել է: «Անցած շաբաթ մենք եկանք այն եզրակացության, որ COVID-19 բռնկումից ցնցումը գլոբալ ռեցեսիայի կհանգեցնի` փետրվարից ապրիլ ամիսներին բոլոր պայմանագրերի կրճատման պատճառով»,- ասել է JP Morgan-ում գլոբալ տնտեսական հետազոտությունների ղեկավարը Բրյուս Կասմանը: «Այլեւս կասկած չկա, որ պատմության մեջ ամենատեւական համաշխարհային տնտեսական աճը կավարտվի այս եռամսյակում: Ապագայի հետ կապված կարեւորագույն հարցն այժմ կայանում է 2020-ի ռեցեսիայի խորությունն ու տեւողությունը գնահատելն է»,- հավելել է Կասմանը:

 

Տնտեսագետները վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս իջեցրել են աճի իրենց  կանխատեսումները եւ ավելացրել են ռեցեսիայի հավանականության կանխատեսումները աշխարհի խոշորագույն տնտեսությունների մեծ մասում:Առավել հոռետեսական սցենարները, որոնց մասին խոսվում էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ, արդեն իսկ կենտրոնական են դարձել Reuters-ի հետազոտությանը մասնակցող տնտեսագետների մեծամասնության համար:

 

Ըստ BofA-ի գլոբալ տնտեսության բաժնի ղեկավար Իթան Հարիսի` աշխարհի երեք խոշորագույն տնտեսություններից երկուսը` ԱՄՆ-ն և եվրագոտին, բացասական աճ կտեսնեն, իսկ Չինաստանի տնտեսությունն աննշան կաճի` 1.5 տոկոսով: «Վիրուսից ցնցման [տնտեսության համար] մասին մեր առաջին հրապարակումը կոչվում էր «Վատ կամ ավելի վատ», իսկ այժմ մենք կփոխենք անվանումը` «Իսկապես վատ կամ շատ ավելի վատ»: Այժմ մենք ակնկալում ենք, որ COVID-19-ը գլոբալ ռեցեսիայի կհանգեցնի 2020 թվականին, որն իր մասշտաբով համարժեք կլինի 1982 եւ 2009 թվականների ռեցեսիաներին»,- ասում է Հարիսը: Կանխատեսվում է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 1.6 տոկոսով, ինչը Reuters-ի հունվարյան հարցման մեջ կանխատեսվող 3.1 տոկոսի կեսն է կազմում, եւ այդ աճն ամենաթույլը կլինի 2007-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: 2020 թվականին ՀՆԱ-ի գլոբալ աճի կանխատեսումները տատանվում են -2.0-ից 2.7 տոկոսոի միջեւ:

 

«Կորոնավիրուսի դեպքերը ավելացմանը զուգահեռ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կուժեղանա: Մենք իջեցրել ենք համաշխարհային ՀՆԱ-ի աճի մեր կանխատեսումները տարեկան մինչեւ 1.25 տոկոս. սա ավելի քիչ է, քան 1981-82 եւ 2008-09 թվականներին, սակայն ավելի վատ է, քան 1991 եւ 2001 թվականների ճգնաժամերի ժամանակ»,- նշում են Goldman Sachs-ի հետազոտողները: «Համապատասխանաբար` մեր տնտեսագետները ռեցեսիաներ են ակնկալում Եվրոպայում, Ճապոնիայում, Կանադայում եւ, հավանաբար, Միացյալ Նահանգներում»:

 

ԱՄՆ տնտեսությունն այս տարի, հավանաբար, ռեցեսիա կապրի, եթե արդեն չի ապրում, վկայում են ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության կողմից ձեռնարկված շտապ միջոցառումներից հետո անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հինգշաբթի: «ԱՄՆ-ի տնտեսությունը շոկի կենթարկվի այս կորոնավիրուսից, եւ ես կարծում եմ, որ դեռեւս մեծ անորոշություններ կան շոկի ժամանակահատվածի չափի, խորության եւ տևողության վերաբերյալ,- ասում է Pacific Investment Management Co.-ի (PIMCO) տնտեսագետ Թիֆանի Ուիյլդինգը:- Մենք դեռ մտածում ենք դրա շուրջ: Մենք կարծում ենք, որ այս տարի ԱՄՆ-ում, հավանաբար, ոչ մեծ տեխնիկական անկում տեղի կունենա»:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8933.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :