«Տնտեսական բլոկի պատասխանատուներն աշխատանքները բավականին վատ են համակարգում». Տնտեսագետ

«Տնտեսական բլոկի պատասխանատուներն աշխատանքները բավականին վատ են համակարգում». Տնտեսագետ

«Մենք բավականին մեծ դժգոհություններ ունենք տնտեսական առումով, այդ դժգոհությունները գալիս են ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված այս ժամանակահատվածից, այլև դրանից առաջ էլ։ Տնտեսական բլոկի պատասխանատուներն առանձնապես տնտեսական բարեփոխումներ, լուրջ ռազմավարություններ ու անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու առումով բավականին վատ են աշխատանքները համակարգում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հայաստանի տնտեսական ընդհանուր վիճակին և ռիսկերին։

 

Նրա խոսքով՝ այստեղ առաջին հերթին պատասխանատու է Էկոնոմիկայի նախարարությունը, այնուհետև՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և փոխվարչապետի ինստիտուտը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Այս երեք ինստիտուտները տնտեսական ոլորտի աշխատանքները բավականին դանդաղ են առաջ տանում՝ կիսաարգելափակված վիճակ է։

 

Ըստ տնտեսագետի՝ իրենք տարբեր հարցերով փորձում են դիմել նրանց` կապված նաև ներդրողների հետ՝ ներսից և արտերկրից, սակայն այնպիսի տպավորություն է, որ կա՛մ մենեջմենթն անհրաժեշտ մակարդակի վրա չէ, կա՛մ ռեսուրսներ չունեն։

 

«Հետևաբար՝ առկա խնդիրները սրվել են հենց կորոնավիրուսի պայմաններում, երբ անհրաժեշտություն կա արտակարգ գործառույթներ իրականացնել, մենք դրանք չենք տեսել։ Օրինակ՝ կորոնավիրուսը, բացի առողջապահական խնդիրներից, առաջացնելու է բավականին լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ, և շատ խնդիրներ կարող են լուծվել որոշակի գործառույթներ պլանավորելով, կամ կորոնավիրուսի պայմաններում կարելի է որոշակի հնարավորություններ օգտագործել։ Որո՞նք են այն նեգատիվ ազդեցությունները, որոնք ներկայումս չեն կառավարվում, և որոնց գլխավոր պարետը պետք է ուշադրություն դարձնի։ Առաջինը՝ պետք է հաշվի առնեն, որ փոքր և միջին բիզնեսն առավելապես տուժելու են, որովհետև այդ կատեգորիայի ձեռնարկատերերը գտնվում են ցածր եկամտաբերության շեմի վրա: Բացի այդ, նրանք իրենց գործողությունները հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտում են իրականացնում, որոնք որ խաթարվում են։ Ստացվում է, որ Իրանի և Չինաստանի՝ որպես կարևոր գործընկեր երկրներ, որոնք էժան ապրանք մատակարարողներ են, մասնակցությունը մեր տնտեսության մեջ էականորեն կնվազի։ Այդ երկրներում ևս վիրուսը կա, տրանսպորտային լոգիստիկան խախտված է, իսկ այդ երկրներին փոխարինող երկրներ դեռևս գտնված չեն»,- շեշտեց Գագիկ Մակարյանը։

 

 

Տնտեսագետը միաժամանակ հավելեց, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է Իրանին և Չինաստանին փոխարինող երկրների մասին մտածեն, մատակարարների հետ աշխատանքներ տանեն՝ հասկանալու համար, թե այլընտրանքային ինչ տարբերակներ կան։

 

Ըստ Գագիկ Մակարյանի՝ այս իրավիճակում պետությունը պետք է հաշվի առնի, որ եթե հարկային արտոնություններ չի կարող տալ, պարզապես կարող է հայտարարել, որ երկու ամիս հարկեր կարող են չվճարել, մինչև իրավիճակը կբարելավվի, քանի որ կան ընկերություններ, որոնք եկամուտ չունեն, որպեսզի հարկեր վճարեն։

 

Բացի այդ, պետությունը կարող է նաև տույժ ու տուգանքները չեղարկել։

 

«Հիմա, փոխարենը՝ մենք գնանք նրան, որ թեթևացնենք այս բեռը, հատկապես այն դեպքում, երբ բազմաթիվ ձեռնարկատերեր թույլ են տալիս, որպեսզի իրենց աշխատակիցները տանից աշխատեն, ինչը բարդ է արդյունաբերական ընկերությունների համար, և կհանգեցնի նրան, որ այդ աշխատանքի արդյունավետությունն արհեստականորեն կսահմանափակվի, քանի որ տանից կիսատ-պռատ աշխատելով՝ նույն արտադրողականությունը չեն ապահովի։ Կառավարությունը նաև պետք է քայլեր ձեռնարկի տեղական որոշ արտադրություններ խթանելու համար, օրինակ՝ ախտահանիչ միջոցների, թաց անձեռոցիկների, և այլն։

 

Չմոռանանք նաև, որ աշխատանքային միգրանտների մեծ մասը Հայաստանից չի մեկնելու, հետևաբար՝ հազարավոր մարդիկ մնում են Հայաստանում, և եթե նախկինում գնում ու Հայաստանին տրանսֆերներ էին փոխանցում, հիմա այդ հնարավորությունը նվազում է։ Այս դեպքում Էկոնոմիկայի և Սոցիալական հարցերի նախարարությունը պետք է պլանավորեն զբաղվածության ծրագրեր, ստանդարտ աջակցության ծրագրերը հիմա իրենց արդյունավետությունը կորցնում են»,- ընդգծեց տնտեսագետը։

 

Նրա դիտարկմամբ՝ առողջապահության հատվածը պետք է համագործակցի տնտեսական հատվածի հետ, իրարից անկախ այս երկու հատվածները չեն կարող առաջ գնալ։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8798.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :