Ներքին շուկայում լարվածությունը մեծանում է

Ներքին շուկայում լարվածությունը մեծանում է

Մասնակի սահմանափակումներից 1 շաբաթ հետո կառավարությունը որոշեց անցնել Իրանի հետ սահմանի տոտալ փակման։ Թվում էր, թե դա պետք է ավելի վաղ արվեր։ Բայց կառավարությունը սկզբում նման անհրաժեշտություն չտեսավ։ 1 շաբաթ պահանջվեց հակառակում համոզվելու համար։ Նախ՝ հայտարարվեց վիզային ռեժիմին վերադառնալու, այնուհանդերձ՝ նաև բեռնափոխադրումներն արգելելու մասին։

 

 

«Անհրաժեշտություն է առաջացել վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը։ Սահմանափակումը կտարածվի նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ»,- հայտարարել է առողջապահության նախարարը։ Ինչպես և սպասվում էր, սահմանափակումը երկարացվեց՝ առայժմ մինչև մարտի 24-ը։

 

Հետագա գործողությունների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։ Այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, կորոնավիրուսի տարածման վտանգը Իրանից շարունակում է մնալ չափազանց բարձր։ Այն առայժմ նահանջելու մասին խոսելու հիմքեր չի տալիս։

 

Իրանի հետ բեռնափոխադրումների սահմանափակումով, ըստ էության, դադարեցվում է առևտուրը երկու երկրների միջև։ Պետք է ենթադրել, որ դա չի տարածվի միայն Իրանից ստացվող գազի և Հայաստանից առաքվող էլեկտրաէներգիայի փոխանակումների վրա։ Մյուս բոլոր ապրանքների դեպքում մատակարարումները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Իրանից, կդադարեն։ Եվ դա կտևի առնվազն 3 շաբաթ։

 

 

Կտուժի հիմնականում ներմուծումը։ Այդպես է, որովհետև հայ-իրանական առևտրային հարաբերությունները խիստ բևեռացված են. ներմուծումը գրեթե 4 անգամ գերազանցում է արտահանմանը։ Անցած տարի ներմուծումն Իրանից հասավ 325 մլն դոլարի՝ ավելանալով ևս 20 տոկոսով։ Մինչդեռ արտահանումը կազմեց ընդամենը 84 մլն դոլար՝ նվազելով 11 տոկոսով։

 

Հայաստանից Իրան արտահանման հիմնական մասը գազի դիմաց մատակարարվող էլեկտրաէներգիան է։ Մյուս ամենամեծ ծավալ զբաղեցնող ապրանքատեսակը ոչխարի միսն է։

 

Ի տարբերություն արտահանման՝ Իրանից Հայաստան բերվող ապրանքների տեսականին բավական ընդգրկուն է։ Խոսքը մի քանի հարյուր ապրանքատեսակների մասին է՝ սկսած սննդամթերքից, միրգ-բանջարեղենից, վերջացրած տարբեր տեսակի կենցաղային և շինարարական ապրանքներով։ Սահմանի փակումից հետո այդ ապրանքների ներմուծումը կդադարեցվի։

 

Թե այս ընթացքում ինչ քայլեր են արվել շուկան դրա հնարավոր բացասական հետևանքներից զերծ պահելու համար, ոչինչ հայտնի չէ։ Բայց 3 շաբաթը քիչ ժամանակ չէ ներքին շուկայում իրանական ապրանքների դեֆիցիտ առաջացնելու համար։ Մի բան, ինչը կարող է ազդել նաև գների վրա։

 

Առանձին ապրանքների գնաճային դրսևորումներ արդեն նկատվում են։ Խոսքը միայն բժշկական պարագաների մասին չէ, որոնք հասցրել են ոչ միայն թանկանալ, այլև անհետանալ դեղատներից։

 

Գնաճային ճնշման տակ են հայտնվել լայն սպառման ապրանքները։ Մարդիկ ունեն մտահոգություններ և փորձում են իրենց ապահովագրել հնարավոր հետևանքներից։ Վերջին օրերին բազմաթիվ սպառողներ ակտիվ գնումներ են կատարում, ինչը, անշուշտ, կարող է շուկայում գնաճային որոշակի դրսևորումների հանգեցնել։ Առավել ևս, որ  սահմանային խստացումներ այս կամ այն երկրի կողմից կարող են կիրառվել ցանկացած պահի։

 

Հայաստանը ռիսկային է հատկապես նրանով, որ Իրանի հետ սահմանն ընդհանրապես փակելուց հետո, այս պահին բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ունի միայն Վրաստանի միջոցով։ Չնայած վերջին շրջանում այստեղ էլ խնդիրների պակաս կարծես չկա։

 

Բեռնափոխադրողները բողոքում են Վրաստանում հանդիպող խոչընդոտներից։ Վերջերս նման խնդիրների էր բախվել կոնյակի արտահանումը։ «Վրաստանի սահմանին գտնվող Գեզիլ տերմինալում արդեն մոտ 2 շաբաթ է Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայողները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ Ռուսաստանում». Այս մասին օրերս ահազանգել էր բեռնափոխադրողներից մեկը։

 

Անցած օրն էլ այսպիսի ահազանգ էր հնչեցրել գործարար Վահրամ Միրաքյանը.  «Հայկական շատ ընկերություններ ու անհատներ Իրանից միրգ ու բանջարեղեն են գնում, մաքսազերծում են Հայաստանում ու ապրանքը վաճառում են ռուսական շուկայում: Մենք էլ ենք այդպես անում: Միջնորդ ենք լինում Իրանի ու ՌԴ ի միջև, գումար ենք աշխատում, հարկերն էլ մնում են Հայաստանում: Հիմա Վրաստանը չի թույլատրում՝ իրանական ապրանքը տարանցիկ գնա իրենց տարածքով: Չգիտեմ ինչու, հիմնավորումը կորոնավիրուսի մասին գիտական հայտնի փաստերի համատեքստում չի դիմանում քննադատությանը, բայց դե մարդիկ կարողանում են, չեն թողնում (ի դեպ, Թուրքիայից մուտք թույլատրվում է, չնայած էնտեղ էլ Իրանից պակաս տարածված չի վիրուսը): Արդյունքում՝ այս պահին, ըստ ինձ հասած տեղեկատվության, մոտ 60 ֆուր, հիմնականում՝ իրանական կիվի, խնձոր ու բանջարեղեն, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, մնացել է Հայաստանում, չեն կարողանում անցնել Վրաստանով, մուտքն արգելվում է»։

 

Վերջին օրերին ակտիվացել են խոսակցությունները նաև Վրաստանի կողմից սահմանը բեռնափոխադրումների համար փակելու վերաբերյալ։ Բայց պետք է ենթադրել, որ դրա հավանականությունը շատ փոքր է։ Հակառակ դեպքում, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։

 

Ամեն դեպքում, նման պայմաններում բնավ տարօրինակ չէ մարդկանց անհանգստությունը, որ վաղը-մյուս օրը կարող են խնդիրներ առաջանալ Հայաստան մատակարարումների շարունակականության և դեֆիցիտի առաջացման ու գների բարձրացման հետ կապված։ Ի վերջո, բժշկական որոշ պարագաների օրինակը դեռ թարմ է։ Մի քանի օրում դրանց գները քառապատկվեցին ու հնգապատկվեցին։

 

Ոչ մի երաշխիք չկա, որ նույնը չի կարող կրկնվել նաև մյուս ապրանքների դեպքում։ Շուկայի վերահսկողությամբ զբաղվող թիվ 1 մարմինը՝ ի դեմս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, նման դեպքերում սովորաբար դիտորդի դերում է, իսկ տուժողը, ինչպես միշտ, սպառողն է լինում։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8155.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :