Կենտրոնական բանկը 3 նոր հուշադրամ է թողարկել

Կենտրոնական բանկը 3 նոր հուշադրամ է թողարկել

Կենտրոնական բանկը 3 նոր հուշադրամ է թողարկել:

 

Ստորեւ ներկայացնում ենք այդ հուշադրամների նկարագրությունը

 

Խրիմյան Հայրիկ-200 (արծաթ)

 

Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան (Խրիմյան Հայրիկ, 1820-1907 թթ.) հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ է, Ամենայն հայոց կաթողիկոս 1893 թ-ից:

 

Սովորել է Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Լիմ եւ Կտուց անապատների դպրոցներում: Հիմնադրել է «Արծվի Վասպուրական» (1855 թ.) եւ «Արծվիկ Տարոնո» (1863 թ.) հայկական պարբերականները, Վարագավանքին եւ Մշո Սբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանները: 1854 թ. ձեռնադրվել է վարդապետ, իսկ 1868 թ.` օծվել եպիսկոպոս: Հայկական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու նպատակով դիմել  է եվրոպական մի շարք երկրների իշխանությունների: 1878 թ. գլխավորել է հայկական պատվիրակությունը Բեռլինի վեհաժողովում: Աջակցել է Վանի «Սեւ խաչ» եւ Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը, որի համար աքսորվել է Երուսաղեմ: Ամենայն հայոց կաթողիկոս օծվելուց հետո շարունակել է ազգային-ազատագրական գործունեությունը:

 

Հեղինակ է կրոնափիլիսոփայական, բարոյախոսական, չափածո ու այլ գրքերի, որոնցում արտահայտել է ժողովրդի հույզերն ու տառապանքը:

 

Դիմերես` Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ` վարդյակ, «Երկաթե շերեփ» հուշաղբյուրից հատված (գործ` Արեգ Իսրայելյանի), Խրիմյան Հայրիկի պատգամը եւ ստորագրությունը:

 

Դարձերես` Խրիմյան Հայրիկի դիմապատկերը:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

 

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Ժանսեմ-100 (արծաթ)

 

Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013 թթ․) ֆրանսահայ նկարիչ է, ՀՀ ԳԱԱ արտասահմանցի անդամ:

 

1922 թ. Թուրքիայից ընտանիքով գաղթել է Սալոնիկ, այնուհետեւ` Փարիզ: Սովորել է Մոնպառնասի ազատ ակադեմիայում, 1939 թ. ավարտել Փարիզի դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը:

 

Հեղինակ է ազգային թեմաներ շոշափող բազում կտավների, նկարաշարերի եւ դիմանկարների: Ժանսեմի ինքնատիպ արվեստը իրապաշտական է` տոգորված խոր մարդասիրությամբ: Լուսային հնչեղ երանգներն ու արտահայտիչ գծանկարը ներազդու են դարձնում մարդկանց դեմքերն ու շարժումները, պատկերի ողջ մթնոլորտը:

 

Ժանսեմն արժանացել է մի շարք միջազգային եւ պետական մրցանակների, այդ թվում` ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի (2002 թ․), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (2003 թ․), ՀՀ Պատվո շքանշանի (2010 թ․):

 

Ժանսեմի աշխատանքները ցուցադրվում են աշխարհի շատ երկրներում: Բազմաթիվ նկարներ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվում է «Ցեղասպանություն» (1998-2001 թթ.) նկարաշարը:

 

Դիմերես` հատված նկարչի «Կակաչներ» (1982 թ.) կտավից:

 

Դարձերես` Ժանսեմի դիմանկարը եւ հատված նկարչի «Դեղին հագուստով կինը» (1968 թ.) կտավից:

 

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

 

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Ժանսեմ-100 (ոսկի)

 

Դիմերես` դրվագ նկարչի «Դիմակներով կինը» (1978 թ.) կտավից:

 

Դարձերես` Ժանսեմի դիմապատկերը:

 

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:

 

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7972.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :