«Կտրուկ քայլեր է պետք իրականացնել, որպեսզի ողորմելի կցորդից գոնե կարողանանք ժամանակակից պետության փեշերը տրորել»

«Կտրուկ քայլեր է պետք իրականացնել, որպեսզի ողորմելի կցորդից գոնե կարողանանք ժամանակակից պետության փեշերը տրորել»

168.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

 

– Պարոն Բոստանջյան, Սահմանադրական փոփոխությունները որևէ կերպ կարո՞ղ են անդրադառնալ ներդրումների վրա։ Օրերս Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ըստ էության, ասել էր, որ Սահմանադրական փոփոխությունները, որով նախատեսված է հեռացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և վեց դատավորների, դրականորեն կազդի ներդրումների վրա։

 

– Հասկանում եմ, որ որոշող ընդունողները և կառավարողներն ամենայն հավանականությամբ ներդրումների հետ կապված որևէ բան չունեն ասելու և ժամանակ շահելու համար պատճառաբանություններ են բերում, որոնց մեջ մտնում է ամեն ինչ, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի խնդիրը։ Ակնհայտ է, որ այս ամենն իրավական չէ, և այս ամենի մասին խոսելը պարզապես անիմաստ է, որևէ տրամաբանական վերլուծության չի ենթարկվում։ Նման տրամաբանության  պարագայում ներդրողը որևէ պարագայում ռիսկի չի դիմի տվյալ երկրում գործունեություն ծավալելու համար։

 

– Հեղափոխությունից հետո տնտեսության կառուցվածքում հիմնարար փոփոխություններ եղե՞լ են։

 

– Որևէ փոփոխություն չի եղել, տնտեսությունը զարգացել է իներցիոն ձևով։ Մարդն իր էությամբ պետք է գործունեություն իրականացնի՝ լա՞վ, թե՞ վատ, կարևոր չէ: Այսօր իներցիոն ձևով շարունակվում է այն, ինչ արվում էր նախկինում։ Այս ամենը նկարագրել նորի կամ հնի և, առավել ևս, ուզենալ դրա մեջ փնտրել տարբերություններ՝ առնվազն զավեշտալի է։ Խոշոր առումով մենք բազմիցս շեշտադրել ենք, որ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցություն գոյություն չունի և չի կարող լինել, բայց դե, «պողոսների» համար թող բարձրաձայնվի նման բառակապակցություն, ոչինչ, սրա հետ մի կերպ կարելի է համակերպվել։

 

 

Գոնե Հայաստանի կտրվածքով նման հեղափոխություն կարող էինք պատկերացնել, երբ արագ տեմպով տնտեսության կառուցվածքը փոխվեր, բայց մեր տնտեսության կառուցվածքը, պատկերավոր ասած՝ 17-րդ դարի է։

 

– Իսկ այսօր տնտեսական քաղաքականությունը գաղափարախոսություն ունի՞:

 

– Ցավոք, գաղափարախոսություն չկա, գուցե ինքս կարճատես եմ, բայց բոլոր պարագաներում սա տեսնում եմ ոչ միայն ես, այլև շատ ու շատ փորձագետներ։

 

– 2019 թվականը տնտեսական առումով ինչպիսի՞ տարի էր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ 2019 թվականի տնտեսական ցուցանիշները վկայում են, որ տարին տնտեսական առումով լավն է եղել:

– Ինքս հարգում եմ Բաբկեն Թունյանին, նա խելոք անձնավորություն է, նա հանգրվանել է իշխող թիմում և չի կարող բացասական բաներ խոսել։ Բայց Բաբկեն Թունյանը 100 տոկոսով գիտի, որ կտրուկ քայլեր է պետք իրականացնել, որպեսզի մենք կցորդից, այն էլ՝ ողորմելի կցորդից, գոնե կարողանանք ժամանակակից պետության փեշերը տրորել։ Այս կտրվածքով սուտի-մուտի տոկոսներն առոչինչ են, որովհետև ֆինանսական ռեսուրսների պտույտից և այլնից կարող է տպավորություն ստեղծվել, որ աճ կա, բայց աճ ինչի՞ մեջ կա։ Բան չունեմ ասելու, ծառայությունների ոլորտում կա աճ, բայց նոր արժեք չի ստեղծվում։

 

– Եթե այս ամենն ամփոփեք, տնտեսությունն այժմ,  Ձեր կարծիքով՝ ի՞նչ վիճակում է գտնվում։

 

– Տնտեսությունը կիսադժբախտ վիճակում է, մի վիճակ է, որտեղ ՀՀ քաղաքացիները մեծագույն դժվարությամբ, այս խիստ բևեռվածության, աղքատության բարձր մակարդակի պայմաններում աշխատում են մի կերպ իրենց գոյությունը պահպանել։

 

Կարող եք դուրս գալ փողոց ու հարցնել անցորդներին, թե որտեղ են աշխատում, որքան եկամուտ ունեն և ինչպես են ապրում։ Սա էլ կլինի ցուցանիշը, և դրանից լավ ցուցանիշ չկա, որքան էլ բարձր ու տարբեր տոկոսներ ներկայացնենք, ինչպես միշտ ասել եմ, որքան էլ ասենք՝ հալվա-հալվա, դրանից բերանը չի քաղցրանա։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7727.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :