Սպասել շուկայի կոլապսին

Սպասել շուկայի կոլապսին

Նախորդ տարվա ընթացքում ահռելի  ծավալներով ներկրված ավտոմեքենաների խնդիրը գնալով ավելի է խորանում և դրա հիմնական պատճառներից մեկն անորոշությունն է։ Ինչպես մնացած ոլորտներում, այստեղ ևս հարցի կարգավորման հստակություն չկա։

 

Նախորդ երկու տարիներին Հայաստան ներկրված հարյուր հազարավոր ավտոմեքենաների քանակը շուկայում անկանխատեսելի միջավայր է ստեղծել։ Մեքենաների շուկայի զգալի մասը կազմում էր Ղազախստան արտահանվող մեքենաների վաճառքը։ Սակայն ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարի ավտոշուկա ոտք չեն դրել: Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառելու ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Հիմա Ղազախստանի կառավարությունը պահանջում է ղազախներից վճարել մաքսազերծման հին և նոր դրույքաչափերի տարբերությունը։

 

Արդյունքում ԵԱՏՄ երկրներից այլևս չեն գալիս Հայաստան ավտոմեքենա գնելու։ Ավելին, ըստ լրատվամիջոցներում  հրապարակվող տեղեկատվության՝ գնված և արտահանված հայկական համարանիշերով մեքենաների մի մասն արդեն Ղազախստանից հետ են բերվում՝ վաճառողներին վերադաձնելու համար։ Սա շուկայի համար շոկային ցնցում է, որի իրական ծավալները ոչ ոք չի հաշվարկել և իրական պատեկրացումներ չկան։

 

Որոնք են առաջիկա շոկի հիմնական գործոնները.

 

1. Փաստ է, որ Հայաստանի ներքին շուկան չունի այս քանակի մեքենաների պահանջարկ, այստեղ այդ ծավալի սպառումը պարզապես անհնարին է։

 

2. Ավտովաճառաողների մի զգալի հատված մեքենաները ձեռք է բերել փոխառու միջոցների հաշվին՝ վարկ, գրավ, պարտքեր և այլն։

 

Վաճառել են բնակարաններ և գումար դրել « գործի մեջ», կամ օգտագործել են իրենց վերջին խնայողությունները։

 

3. Հենց եկավ գույքահարկը վճարելու ժամանակը՝ մարդիկ ստիպված փորձելու են դեմպինգային գներով վաճառել մեքենաները, որպեսզի փակեն վարկերն ու պարտքերը։ Չկա որևէ երաշխիք, հստակ կանխատեսում, որ մեքենաները կվաճառվեն, իսկ ժամանակն անցնում է և փոխառած միջոցների համար պետք է վճարել։

 

4. Շատերը զգալի գումարներ են վճարում մեքենաները կայանելու համար։

 

Պատկերացնում էին արդյո՞ք, այս հեռանկարը ՀՀ Իշխանությունները։ Վստահաբար՝ այո։

 

Ամենայն հավանականությամբ նրանք ողջ նախորդ տարի լռել են բյուջետային աննախադեպ մուտքեր ունենալու և հեղափոխական վիճակագրություն ատանալու համար։ Բայց սա կատարվել է սեփական քաղաքացիների հաշվին,սեփական քաղաքացիներին ակնհայտ կոլապսից հետ չպահելու գնով։

 

Հիմա պարտավոր են գտնել  լուծումներ։ Հիմնվելով վիճագրական տվյալների վրա, կարող ենք փաստել, որ 2019թ. մեքենաների ներմուծման վրա ծախսվել է մոտ 670-680 մլն դոլար՝ գրեթե կրկնակի ավել, քան նախորդ տարիներին։ 2018 թ-ին ներմուծվել էր 362 մլն դոլարի, իսկ 2017 թ-ին՝ 247 մլն դոլարի տրանսպորտային միջոց։ 190 հազար ավտոմեքենաներից յուրաքանչյուրից միջինը մոտ 450 հազար դրամ հարկային մուտքեր են ստացվում, ինչի մասին իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտնել էր ՊԵԿ նախագահը։ Ստացվում է, որ միայն ավտոմեքենաների ներմուծումից Հայաստանի պետական բյուջեն անցած տարի ստացել է մոտ 85 մլրդ դրամ, որի շնորհիվ էլ գերակատարվել է բյուջեի եկամուտները։ Բարոյական արդարության խնդիր է ծագում՝ամեն ինչից զատ։

 

Լուծումներ չգտնելու պարագայում կփլուզվի շուկան, կկործանվեն մեծ թվով ընտանիքներ, կխեղվեն ճակատագրեր, քանի որ շատ դեպքերում պարտքով բերված մեքենաները ոչ թե մեկ-երկուսն են, այլ տասնյակներ ու հարյուրներ։ Մեքենաների ներմուծման համար մարդիկ գրավադրել են իրենց տները։ Մինչդեռ, ներմուծված շուրջ 190 հազար մեքենաների մեծ մասը դեռևս վաճառված չէ, իսկ վարկերի տոկոսների վճարումները պետք է կատարվեն, չխոսելով արդեն մայր գումարի մարման մասին։

 

Խնդիրներ են ունենալու նաև վարկեր տրամադրած բանկերը։ Թեև նրանց համար ելք ամեն դեպքում կա՝ կբռնագանձեն վարկերի տրամադրման համար գրավ դրված անշարժ գույքը։ Սա նշանակում է, որ շատ մարդիկ կմնան առանց տուն, ինչը սոցիալական լուրջ դժգոհություններ է առաջացնելու։

 

Գրիգոր Պողոսյան

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7091.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :