2020 թվականին մաքսային եկամուտների 15 տոկոսանոց աճ է ակնկալվում. ՊԵԿ

2020 թվականին մաքսային եկամուտների 15 տոկոսանոց աճ է ակնկալվում. ՊԵԿ

2020 թվականին մաքսային եկամուտների 15 տոկոսանող աճ ենք ակնկալում: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Ըստ նրա` նույնիսկ եթե բացառել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը, ապա անցյալ տարի եւս եկամուտների աճ է գրանցվել:

 

«Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանը, ապա կանխատեսվում է ամսական 150 միավոր, իսկ տարեկան` մոտ 15.000 միավոր, ինչը համապատասխանում է 2015 թվականի ցուցանիշներին: Փետրվարին մաքսային նոր գներով ներմուծվել է մոտ 80 մեքենա, մինչդեռ անցյալ տարվա հոկտեմբերի սկզբից, երբ մաքսազերծումն արդեն իրականացվում էր Գյումրիում, այդ ցուցանիշը հասնում էր օրական 200 մեքենայի: Դեկտեմբերի վերջին ամեն օր մինչեւ 2000 մեքենա էր մաքսազերծում անցնում, ինչի արդյունքում մաքսային ծառայությունը ստիպված եղավ 24-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնել»,- ասաց նա:

 

Շուշանիկ Ներսիսյանը պարզաբանեց, որ այն մեքենաների հարցը, որոնք դեռ ճանապարհին են, մնում է բաց, եւ ՀՀ կառավարությունը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել այդ հարցով՝ հաշվի առնելով միջազգային պարտավորությունները ԵՏՄ շրջանակներում: Հունվար ամսին ներկայացված մաքսազերծման վերաբերյալ նախնական հայտարարագրերի համաձայն` գրանցվել է մոտ 4500 ավտոմեքենա, մինչեւ հունվարի 31-ը ներառյալ դրանցից միայն 3800-ն է արտոնյալ գներով մաքսազերծում անցել: Սեփականատերերը, որոնց ավտոմեքենաները ուշ բերվել էին Հայաստան, ստիպված էին գրանցել ավտոմեքենաներն արդեն իսկ բարձրացված գներով:

 

«Ավտոմեքենաների ներմուծման արտոնությունները ժամանակին տրվում էին այն հիմքի վրա, որ լուծվելու է միայն սոցիալական հարցը: Այսօր, առանց Միության մեր գործընկերների շահերը հաշվի առնելու, այս հարցը հնարավոր չէ լուծել: Ղազախստան արտահանվող ավտոմեքենաների գույքահարկի վճարման հետ կապված հնարավոր խնդիրը մեղմելու համար քննարկվում է առցանց պլատֆորմի ստեղծման հարցը»,- ասաց պաշտոնյան: Նա հավելեց, որ, ըստ իր տվյալների, 2019 թվականին Ղազախստանի քաղաքացիների անուններով գրանցված արտահանվող մեքենաների քանակը կազմել է 20 հազար միավոր, Ռուսաստանի քաղաքացիների անուններով` 40 հազար միավոր:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6765.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4502 : Ցուցադրված է` 1 - 15 :