2020-ին կմեկնարկի «Հայաստանում մրգերի արտադրության ոլորտի զարգացման ՖՐՈՒԹԵՆԻԱ» նախագիծը

2020-ին կմեկնարկի «Հայաստանում մրգերի արտադրության ոլորտի զարգացման ՖՐՈՒԹԵՆԻԱ» նախագիծը

Ագրարային համալսարանը 2020-ին շարունակելու է ՀՀ կառավարության եւ արտերկրի իր գործընկերների աջակցությամբ իրականացնել հավակնոտ նոր նախագծեր: Այս մասին հունվարի 14-ին հրավիրած ասուլիսում խոսեց ՀԱԱՀ ռեկտոր, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Վարդան Ուռուտյանը:

2020-ին՝ Ագրարային համալսարանի հիմնադրման 90-ամյակի տարում կմեկնարկի «Հայաստանում մրգերի արտադրության ոլորտի զարգացման նախագիծը (ՖՐՈՒԹԵՆԻԱ)», որի նպատակն է ՀԱԱՀ-ի ագրոնոմիական մասնագիտությունների ուսումնական պլանների արդիականացումը՝ ներառելով պտղաբուծության զարգացման արդիական, հարակայուն մոտեցումներ ու հայեցակարգեր: Իսկ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը մեծապես կնպաստի ոլորտի արդիականացմանը եւ մրցունակ մասնագետների պատրաստմանը:

Առաջիկայում մեկնարկելիք ծրագրերից են՝ Ագրոճարտարագիտական լաբորատորիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում «խելացի» անասնաշենքի կառուցումը, կանաչ կերի հիդրոպոնիկ արտադրությունը եւ Կաթնամթերքի վարպետաց դպրոցի հիմնումը, Ապարանում գյուղատնտեսական քոլեջի կառուցումը, Վանաձորում գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումը, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի ստեղծումը եւ համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տարածքում ժամանակակից անտառային ջերմատնային տնկարանի հիմնումը:

Սպասվող հետաքրքիր ծրագրերից է համալսարանի գինեդարանի ավելի քան 100-ամյա եզակի կառույցը գինու տուրիզմի եւ ուսումնական կենտրոնի ժամանակակից կառույցի վերափոխելու նախագիծը: Գինեդարանում կստեղծվի նաեւ գինու պատմության թանգարան:

Կառուցված լաբորատորիաներին կավելանան սննդի անվտանգության եւ օրգանական գյուղատնտեսության լաբորատորիաները:

Հունվարի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը հակիրճ ներկայացրեց միջազգային համագործակցության ընդգրկուն ծրագրերը: Ըստ այդմ. տարվա ընթացքում համալսարանը կնքել է համագործակցության 13 հուշագրեր արտերկրի տարբեր բուհերի եւ միջազգային, ինչպես նաեւ 40 տեղական կազմակերպությունների հետ։ ՀԱԱՀ-ում դասախոսություններով հանդես է եկել 39 դասախոս՝ եվրոպական տարբեր համալսարաններից: Միջազգային շարժունության ծրագրերի եւ միջազգային վերապատրաստումների են մասնակցել ՀԱԱՀ-ի 63 ուսանող եւ 97 աշխատակից:

Միջազգային գործակցության կարեւորագույն ծրագրերից են Վահենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակում 2019-ին ստորագրվել է կրկնակի դիպլոմ տալու վերաբերյալ հուշագիր։

2000թ.-ից գործում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, որը տալիս է ՀԱԱՀ-ի դիպլոմ եւ ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի ավարտական հավաստագիր Ագրոբիզնեսի եւ մարկետինգի բակալավրական ու մագիստրոսական ծրագրերի շրջանակում:

2020թ. կրկնակի դիպլոմ առաջարկելու վերաբերյալ եւս մեկ համաձայնագիր կկնքվի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ՝ Երեւանի (EVN) գինու ակադեմիայի Գինեգործության եւ գինու բիզնես երկամյա կրթական ծրագրի շրջանակում։

Վիեննայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանի (BOKU) հետ իրականացվող «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի շրջանակում ավարտին է հասցվել Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի մշակումը: Այն կմեկնարկի 2020-2021 ուսումնական տարում:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4986.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :