«Իզվեստիա». ԵՏՄ տեխկանոնակարգի համաձայն կոնյակի անվանափոխումը կնվազեցնի արտադրանքի պահանջարկը

«Իզվեստիա». ԵՏՄ տեխկանոնակարգի համաձայն կոնյակի անվանափոխումը կնվազեցնի արտադրանքի պահանջարկը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի համաձայն կոնյակի անվանափոխումը կարող է հանգեցնել պահանջարկի կտրուկ անկման, ինչպես նաեւ արտադրանքի ինքնարժեքի մեծացման: Այս մասին նշում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով «Ռոսալկոհոլկարգավորմանը» առընթեր աշխատանքային խմբի դիտողությունները ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ, որոնք ուղարկվել են Ռուսաստանի ֆինանսների նախարարություն:

Ըստ փաստաթղթի՝ հիմնական ծախսերն ուղղվելու են նոր տեխնոլոգիական փաստաթղթերի, դիզայներական մակետների եւ պիտակների մշակմանը: Անցկացվելու է նաեւ մարքեթինգային վերլուծություն, տեխնիկական կանոնակարգին համապատասխանության հաստատման կրկինակի ընթացակարգեր, իսկ դա կհանգեցնի արտադրողների համար լրացուցիչ ծախսերի եւ արտադրանքի արժեքի աճի: Սրա հետ կապված կնվազեն արտադրության եւ կոնյակի իրացման ծավալները, բոլոր մակարդակներում բյուջետային եկամուտները: Դրանից բացի, Միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ 2021 թվականից օգտագործվելու է «գինու թորումից թունդ ըմպելիք բրենդիի (կոնյակ) համար»: Բիզնեսի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ ստիպված են լինելու պիտակների վրա գրել այս երկար սահմանումը, իսկ դա կարող է գնորդներին շփոթեցնել:

«Ռոսալկոհոլկարգավորման» մասնագետների կարծիքով՝ անհրաժեշտ է կանոնակարգը շտկել եւ թողնել ըմպելիքի նախկին՝ կոնյակ անվանումը: Դրանից բացի, կանոնակարգը կարող է լրացվել «երեքամյա կոնյակ», «չորսամյա կոնյակ», «կոլեկցիոն», «շատ հին» եւ այլ կարգերով: Տեխկանոնակարգում փոփոխությունների կատարման հնարավորությունն ու նպատակահարմարությունը քննարկվելու են, պարբերականին հայտնել են ՌԴ ֆինանսների նախարարությունից:

Պարբերականի հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հստակեցրել են, որ պիտակի վրա «կոնյակ» անվանումը պետք է լատինատառ լինի եւ կարող է օգտագործվել մի պայմանով, եթե ըմպելիքը պատրաստվել է համապատասխան տարածաշրջաններում: Ռուսաստանում անվանումը կարող է տպագրվել կիրիլիցայով:

«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» նոր տեխկանոնակարգը ԵՏՄ անդամ երկրների տարածքում ուժի մեջ է մտնելու 2021 թվականին:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4959.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2463 : Ցուցադրված է` 1 - 15 :