Արժութային-դիլերային բրոքերական գործունեությունը կվերացվի. քննարկում հանձնաժողովում

Արժութային-դիլերային բրոքերական գործունեությունը կվերացվի. քննարկում հանձնաժողովում

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Կենտրոնական բանկի մասին» օրենքի՝ Կենտրոնական բանկի հիմնական նպատակն է հանրապետությունում գների կայունության եւ ֆինանսական կայունության ապահովումը։ Այս մասին խորհրդարանի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Արտոնագրման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հունվարի 14-ին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը փոխարժեքի տատանումների հանդեպ, Կենտրոնական բանկի դրամավարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը առաջնահերթ նշանակություն ունի երկրում ֆինանսական կայունության ապահովման համար։

«Այդ քաղաքականության շրջանակում Կենտրոնական բանկը սահմանում է շուկայի մասնակիցների արտոնագրման, հետագա գործունեության կարգավորման եւ վերահսկողության կանոններ։ Արժութային շուկայի կարգավորումները ոչ թե պարզապես արտոնագրման կանոններ են, այլեւ, ըստ էության, ապահովում են արժութային շուկաների կայունությունը»,- նշել է Երիցյանը։

Նա ավելացրել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը, շնորհիվ նշված կանոնների, ապահովում է իր հիմնական խնդրի կատարումը գնային եւ ֆինանսական կայունության հարցում, որոնք լուծվում են արժութային շուկայում չարաշահումների զսպման եւ արժութային «շոկերից» ֆինանսական համակարգի պաշտպանության ճանապարհով։ Նման մոտեցումը, ԿԲ ներկայացուցչի կարծիքով, առաջին հերթին ուղղված է շոկային իրավիճակներում բնակչության շահերի պաշտպանությանը։

«Հարկ է նշել, որ նման մոտեցման դեպքում ծառայության հասանելիությունը չի սահմանփակվի սպառողների տարբեր խմբերի համար, քանի որ այդ ծառայությունները տրամադրվում են շուկայում գործող այլ ֆինանսական հաստատությունների կողմից ինչպես մասնաճյուղերի լայն ցանցի, այնպես էլ օնլայն սերվիսների միջոցով»,- նշել է Երիցյանը՝ ավելացնելով, որ ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների միջազգային փորձն ու իրավիճակի զարգացումը ոլորտում՝ Կենտրոնական բանկը մշակել է շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը նվազագույնի հասցնելու քաղաքականություն։

Նման մոտեցումը, ինչպես նշեց ԿԲ փոխնախագահը, օգտագործվում է արժույթի հանդեպ զգայուն շուկաներ ունեցող  շատ երկներում եւ ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանն ու բնակչության ավելի լայն մասի շահերի պաշտպանությանը հնարավոր չարաշահումների ռիսկերից։

«Այս օրենսդրական փաթեթի ընդունումից հետո արժութային-դիլերային բրոքերական գործունեությունը՝ որպես գործունեության արտոնագրման տեսակ, կդադարի գոյություն ունենալ, եւ այդ ծառայությունները կտրամադրվեն շուկայում գործող այլ ֆինանսական ինստիտուտների կողմից»,- պարզաբանել է Երիցյանը։

Նշենք, որ օրենսդրական փաթեթը ստացել է խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4957.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :