Կաթիլային ոռոգման համակարգն այսօր արդեն պարտադիր է

Կաթիլային ոռոգման համակարգն այսօր արդեն պարտադիր է
Քաղցրահամ ջրերի խնայողաբար օգտագործումն այսօր դարձել է բազմաթիվ պետությունների առաջնային նպատակներից մեկը: Հատկապես ջրառատ ավազան ունեցող երկրները լավ են գիտակցում քաղցրահամ ջրի օրեցօր աճող պահանջարկն ու գինը: Հեռու չգնանք.
Թուրքիան վերջին տասնամյակներին կառուցված ջրամբարների շնորհիվ տարածաշրջանում դարձել է տնտեսական հեգեմոն և խաղի կանոններ է թելադրում ջրազուրկ պետություններին: Խոսքը միջագետքի մեծ գետերի՝ Եփրատի ու Տիգրիսի վրա կառուցված ջրամբարների մասին է (և ոչ միայն՝ նաև Արաքսի, Արածանու, Ճորոխի ևն) ինչի շնորհիվ այդ երկիրը ստանում է նաև հսկայական քանակի էլեկտրաէներգիա:
Ջրերի ամբարումից հսկայական օգուտներ են ստանում նաև Միջին Ասիայի ջրով հարուստ պետությունները՝ մասնավորապես, Ղրղստանն ու Տաջիկստանը: Վերջինս 2018 թվականին ավարտեց դեռ խորհրդային տարիներին սկսած, Ամուդարիայի վտակ Վախշ գետի վրա կառուցվող Ռագունի ջրամբարի և հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, ինչը, տեղի իշխանության խոսքերով, երկրին լուսավոր ժամանակներ կբերի: Նման մի ջրամբար էլ գոյություն ունի Ղրղստանում՝ Նարին գետի վրա…
Նույն Ժամանակներում Աֆրիկայում Եթովպիան կառուցում է Եթովպիական վերածնունդ կոչվող ջրամբարը Կապույտ Նեղոսի վրա, որը Նեղոս գետի աջակողմյան վտակն է և բերում է այդ գետի ջրի շուրջ 85 տոկոսը:
Իսկ ինչ ենք անում մենք՝ մեր ունեցած քաղցրահամ ջրի պաշարը պահպանելու և այն խնայողաբար օգտագործելու համար: մենք, որ ունենք բնական <<ջրամբար>> իր ջրահավաք ավազանով: Սևանա լիճը, որը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարն է, այսօր օգտագործվում է անբարեխղճորեն:
Արարատյան դաշտի արտեզյան ջրերը, որոնք վերջին գնահատականներով, (1984թ.) կազմել են 3 մլրդ մետր խորանարդ և որից օգտագործման թույլատրելի ջրառը պետք է լինի 1,2 մլրդ, անխնա օգտագործվում է: Օգտագործվում է օլիգարխների և նախկին իշխանավորների կողմից՝ ձկնաբուծական ֆերմաների ջրային պահանջները բավարարելու նպատակով: Հիդրոերկրաբանների գնահատմամբ միայն ձկնաբուծարանները 300 մլն խորանարդ մետր ավելի արտեզյան ջրեր են վատնում քան թույլատրելի չափաքանակն է: Ինչը խախտում է Արարատյան դաշտի՝ շրջակա լեռներից սնվող, արտեզյան ջրերի վերականգնման ընթացքը, և եթե այսպես շարունակվի ապա մոտակա ժամանակաշրջանում Արարատյան դաշտի հողերը կհայտնվեն անապատացման վտանգի տակ: Բայց չէ՞ որ Արարատյան դաշտավայրը քաղցրահամ ջրի բնական շտեմարան է, որը մենք աչքի լույսի պես պետք է պահենք:
Պետությունը պետք է արգելի (զրկելով այդ տնտեսվարողներին նախկին իշխանության կողմից տրամադրված հորատման լիցենզիաներից) Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների գոյությունը և այդ ձկնաբուծարանները Սևանա լիճ տեղափոխելու լավ պայմաններ ստեղծի, որպեսզի Սևանում զարգանա (առանց քիմիական միջամտությունների) ձկնարտադրությունը: Դա կլուծի մի քանի կարևորագույն խնդիր․ կսահմանափակի Սևանից ձկան, մանրաձկան որսը՝ թույլ տալով ձկնորսին դառնալ ձուկ արտադրող և կսահմանափակի Արարատյան դաշտի արտեզյան ջրերի անխնա օգտագործումը: Մենք կկարողանանք Արարատյան դաշտի ջրերը օգտագործել միայն ոռոգման նպատակով ու Սևանը այդ պարագայում կդադարի մնալ ոռոգման սեզոնի գլխավոր դերակատար: Հնարավոր կլինի կրճատել Սևանից դուրս ելնող ջրի քանակը և բարձրացնել Սևանի մակարդակը: Այսօր մեկ –երկու խորքային հոր իր ենթակայանով կարող են ապահովել մի համայնքի ոռոգման ջրի պահանջարկը, հատկապես, եթե այդ համայնքի հողերը ոռոգվեն կաթիլային ոռոգման համակարգով:
Դեռ անցյալ դարի կեսերին հրեա ինժիներ, կաթիլային ոռոգման համակարգի ստեղծող, Simcha Bless –ը Իսրայելի հարավում՝ Մեռյալ և Կարմիր ծովերիմիջև ընկնող Արավա անապատում, փորձարկեց աշխարհում առաջին կաթիլային ոռոգման համակարգը: Առաջին տարում այդ համակարգի շնորհին 15 տոկոս բերքի քանակի աճ արձանագրվեց՝ միաժամանակ կրճատելով ջրի ծախսի 40 տոկոսը: Տարիներ անց նույն ինժիների կողմից ստեղծված Netafim (եբրայերեն՝ ջրի կաթիլ) ֆիրման, աշխարհի 110 երկրներում՝ սկսած Ֆիլիպինների շաքարի եղեգի դաշտերից, մինչև Տանզանիայի թեյի պլանտացիաներ, ներդրել է այդ համակարգը, ինչը իրական հեղափոխություն է գյուղատնտեսության մեջ:
Այսօր ավելի քան երբեք մեզ անհրաժեշտ են հեղափոխական քայլեր մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար և դա գյուղատնտեսության մեջ՝ պետության կողմից կաթիլային ոռոգման համակարգի պարտադիր ներդնումը կլինի:

Հմայակ ՄԿՐՏՉՅԱՆ
Կարճ հասցե: javakhq.info/u/4463.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :