Մարզական խոշոր իրադարձություններ 2020-ին, որոնց ՀՀ-ն մասնակցելու է. օլիմպիական խաղեր ու Եվրոպայի առաջնություններ

Մարզական խոշոր իրադարձություններ 2020-ին, որոնց ՀՀ-ն մասնակցելու է. օլիմպիական խաղեր ու Եվրոպայի առաջնություններ

2020 թվականը մարզական առումով հագեցած է լինելու: Տեղի են ունենալու միջազգային կարեւոր մի շարք իրադարձություններ, որոնց մի մասին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Մեծ մասին ոչ միայն մասնակցելու է, այլեւ պայքարելու է մեդալների համար:

Տարվա 2 գլխավոր մարզական միջոցառումներից են ամառային 32-րդ օլիմպիական խաղերը: Տոկիո 2020-ը մեկնարկելու է հուլիսի 24-ին: Ավարտվելու է օգոստոսի 9-ին: Հայաստանը, որը Ռիո 2016-ում 30-ից ավելի ներկայացուցիչ ուներ, առայժմ ընդամենը 3 ուղեգիր է ձեռք բերել՝ 1-ը՝ մարմնամարզությունից, 2-ը՝ ըմբշամարտից: Դեռեւս առջեւում են ըմբշամարտի եւ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերը, որոնցում հայ մարզիկները կարող են ավելացնել վարկանիշների թիվը: Բռնցքամարտի վերաբերյալ դեռ վերջնական մանրամասներ չկան, իսկ ըմբշամարտում հայերը 2 հնարավորություն ունեն. եվրոպական մրցաշարը, որը տեղի կունենա մարտի 19-22-ը, Հունգարիայում եւ համաշխարհայինը, որը կկայանա ապրիլի 30-ից մայիսի 3-ը Բուլղարիայում:

Հայաստանի հենակետային մարզաձեւերից մեկում՝ ծանրամարտում, դեռեւս հայտնի չէ, թե քանի վարկանիշ կունենանք: Դա պարզ կլինի այս տարվա մայիսին, սակայն քանիսն էլ լինեն, մի բան հստակ է, որ 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, որը սպասում է, որ իրեն փոխանցեն Ռիո 2016-ի օլիմպիական ոսկին, պայքարելու է ոսկե մեդալի համար:Օլիմպիական տարվա ընթացքում սովորաբար օլիմպիական որոշ մարզաձեւերի մայրցամաքային առաջնություններն այնքան էլ մեծ ուշադրության չեն արժանանում, որքան ոչ օլիմպիական տարիներին: Մարզիկները պատրաստվում են խաղերին ու երբեմն նախընտրում են բաց թողնել դրանք, արդյունքում այդ ստուգատեսներն այնքան էլ ուժեղ կազմ չեն հավաքում, եւ դիտարժանությունը նվազում է, սակայն ամեն դեպքում դրանք մեդալ նվաճելու հերթական հնարավորություն են: Փետրվարի 10-16-ն Իտալիայում տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, ապրիլի 4-12-ը Ռուսաստանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Ֆրանսիայում մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայ մարմնամարզիկները բաց չեն թողնում նաեւ գավաթի մի շարք խաղարկություններ: Դոհայի գավաթի խաղարկությունը մարտի 18-21-ն է:

Օլիմպիական խաղերից ոչ պակաս շատերի համար նույնիսկ ավելի կարեւոր է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այս տարի այն յուրահատուկ է՝ հոբելյանական: Մրցաշարի 60-ամյակի կապակցությամբ այն այս տարի անցկացվելու է տարբերվող ձեւաչափով՝ ՈՒԵՖԱ-ի անդամ 12 երկրների 12 քաղաքներում հունիսի 12-ից հուլիսի 12-ը: Ինչպես հայտնի է, ցավալի որակավորման փուլից ու դրա ողբերգական ավարտից հետո ՀՀ-ն մրցաշարը դիտելու է հեռուստացույցով:

Ընդհանրապես ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար տարին սկսվելու է ընկերական 2 հանդիպումներով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտնել է, որ մարտի 26-ին ՀՀ-ն կհյուրընկալվի Ուզբեկստանին, իսկ 30-ին՝ Ղազախստանին: Մինչ այդ էլ ֆուտբոլասերները գլխավոր մարզչի վերաբերյալ նորությունների են սպասում: Աստիճանաբար հասունանում են խոսակցությունները, ըստ որոնց, Աբրահամ Խաշմանյանը կարող է փոխարինվել: Նրա օրոք հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը: Բացի այդ՝ այս մասնագետի հարաբերությունները խաղացողների հետ սրված են, այդ պատճառով էլ կարծիքներ կան, որ նա չի կարող շարունակել աշխատանքը հավաքականում:

Սեպտեմբերին էլ կմեկնարկի Ազգերի լիգայի 2020-21 մրցաշրջանը: Մրցաշարի 2-րդ մրցաշրջանում Հայաստանն ընդգրկված է լինելու C դիվիզիոնում: Վիճակահանությունը կայանալու է մարտի 3-ին Նիդերլանդներում:

ՀՀ-ն այս տարի ներկայացված է լինելու նաեւ ձմեռային ամենադիտարժան մարզաձեւերից մեկի՝ գեղասահքի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հաստատեց, որ մենասահորդներ Սլավա Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, ինչպես նաեւ Թինա Գարաբերդյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 2 մրցումներին էլ մասնակցելու են: Եվրոպայի առաջնությունը կայանալու է հունվարի 20-26-ը, Ավստրիայում, իսկ աշխարհի առաջնությունը՝ մարտի 16-22-ը, Կանադայում:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/4768.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :