Սլավիկ Գալստյան․ Ցանկանում եմ, որ մեր թիմը մեծ կազմով մասնակցի Օլիմպիական խաղերին

Սլավիկ Գալստյան․ Ցանկանում եմ, որ մեր թիմը մեծ կազմով մասնակցի Օլիմպիական խաղերին

2019-ին հայկական սպորտի համար իսկական բացահայտում եղավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում երկու մեդալակիրներից մեկն էր: 63 կգ քաշայինների պայքարում Սլավիկը նվաճեց բրոնզե մեդալ:

ԱԱ-ից հետո աշխարհի մեդալակիրը փոխեց քաշային կարգը՝ օլիմպիական եւ Հայաստանի առաջնությունում հանդես եկավ 67 կգ-ում՝ ձեռնոց նետելով այս քաշի առաջատար Կարեն Ասլանյանին եւ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին:

Հիշեցնենք, որ դեռ 2019-ի ամռանը Միհրան Հարությունյանը հայտարարել էր, որ վերադառնալու է մրցագորգ եւ 67 կգ քաշում պայքարելու է Տոկիո-2020 ուղեգրի համար: Սլավիկ Գալստյանը հաղթեց Հայաստանի առաջնությունում եւ այժմ էլ մեծ եռանդով պատրաստվում է օլիմպիական ուղեգրի համար պայքարին:

NEWS.am Sport-ի համար Սլավիկ Գալստյանն ամփոփել է տարին, խոսել ծրագրերի, քաշային կարգը փոխելու, Կարեն Ասլանյանի ու Միհրան Հարությունյանի հետ մրցակցելու եւ Օլիմպիական խաղերի մասնակցելու նպատակների մասին:

Սլավիկ, ինչպիսի՞ն էր 2019 թվականը քեզ համար:

Տարին հաջողված էր ինձ համար այն առումով, որ կարողացա մեծահասակների մեջ մեդալ նվաճել: Ընդհանուր՝ գոհ եմ իմ արդյունքներից:  Կփորձեմ 2020-ում ավելացնել եւ ավելի բարձր արդյունքների հասնել: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում անհաջող մասնակցություն ունեցա, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեցի: Աշխարհի առաջնությում ամեն ինչ ավելի լավ ստացվեց՝ բրոնզե մեդալը նվաճեցի:

Եվրոպայի առաջնությունում հոգեբանորեն շատ լարված էի ու երեւի լավ պատրաստված չէի: Աշխարհի առաջնությում ամեն ինչ այլ էր: Թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես ամեն գոտեմարտիս պատրաստված էի դուրս գալիս մրցագորգ: Աշխարհի առաջնությում ավելի շատ էի հավատում, որ հնարավոր է բոլորին էլ հաղթել, մեդալ նվաճել:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ոչնչի համար չեմ ափսոսում: Շատ էի ուզում աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալ: Թերեւս, միայն դրա համար եմ ափսոսում, որ կարող էի դառնալ, հնարավոր էր, բայց չստացվեց ինչ-ինչ պատճառներով:

Քաշային կարգդ փոխեցիր եւ Հայաստանի առաջնությունում հաղթեցիր 67 կգ-ում: Ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցիր փոխել:

Իմ քաշում արդեն մեդալ էի նվաճել, ինչը մեծ վստահություն տվեց ինձ: Որոշեցի տեղափոխվել օլիմպիական քաշ եւ ավելի բարձր նվաճումների ձգտել: Նպատակս օլիմպիական ուղեգրի համար պայքարն էր: Հայաստանի առաջնությում չէի եկել ուղղակի մասնակցելու եւ նոր քաշում ինձ փորձելու: Եկել էի հաղթելու եւ լրջորեն պատրաստվել էի: Պատահական ոչինչ չի լինում:

Եզրափակիչում Կարեն Ասլանյանի հետ էիր, ով Ռիո-2016-ից հետո առաջին համարն էր այս քաշում:

Բոլորն էլ գիտեն, որ Կարենը շատ լավ մարզիկ է: Գորգի վրա մրցակիցներ ենք, բայց գորգից դուրս իմ մոտ ընկերն է: Չէի ուզի, որ ինքը լիներ իմ մրցակիցը այս քաշում, բայց սա սպորտ է եւ հաղթում է նա, ով ուժեղ է: Այժմ երկուսս էլ պայքարելու ենք օլիմպիական ուղեգրի համար: Որ մեկս ուժեղ է, թող նա էլ գնա այդ ուղեգիրը ձեռք բերի:

Ինձ համար կարեւորն այն է, որ 67 կգ քաշային կարգում այդ ուղեգիրը ձեռք բերենք, այլ ոչ թե՝ անպայման ես գնամ բերեմ, կամ ավելի վատ՝ մեր մեջ կոնֆլիկտ լինի: Վստահ եմ, որ նման բան չի լինի. դա մեզ համար չէ:

Սլավիկ, խոսում ես միայն Կարեն Ասլանյանի մասին, բայց չմոռանանք, որ այս քաշում ունենք նաեւ Միհրան Հարությունյան, որը բազմիցս հայտարարել է ըմբշամարտ վերադառնալու ցանկության եւ Ռիոյում «թողած» ոսկե մեդալը Տոկիոյում վերադարձնելու մասին:

Միհրան Հարությունյանը օլիմպիական փոխչեմպիոն է, բայց նա 2016 թվականի փոխչեմպիոնն է: Դրանից անցել է 4 տարի: Եթե ինչ-որ մեկն ուզում է գալ եւ պայքարի մեջ մտնել, պետք է Հայաստանի առաջնությանը գար: Այդպես, որ լիներ, կարող էր, օրինակ, Կարենը չմասնակցեր Հայաստանին, ասեր, որ ինքն այս քաշում ուժեղն է:

Միհրան Հարությունյանին շատ եմ սիրում եւ հարգում որպես մարզիկ, նա շատ լավ ըմբիշ է: Բոլորս էլ գիտենք, որ նա շատ ուժեղ է, բայց ուժեղ է նա, ով գալիս է, պայքարում եւ հաղթում:

Այսինքն՝ հայտարարում ես, որ դու լիարժեք պատրաստ ես օլիմպիական ուղեգրի համար պայքարին:

Այո, հենց այնպես չեմ ասում, ուղղակի ասելու համար: Տեսնում եմ ինձ այդ պայքարում եւ լիարժեք պատրաստ եմ:

Ո՞րն է լինելու քո առաջնային նպատակը 2020-ում:

Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց առաջնային նպատակս օլիմպիական ուղեգիրն է: Այս պահին ամենակարեւոր քայլս դա է լինելու:

Երբ դու հասկացար, որ պատրաստ ես Տոկիո-2020-ի համար մտնել պայքարի մեջ:

Վերջերս եմ հասկացել: Երկար ժամանակ չեմ պատկերացրել, որ կկողմնորոշվեմ քաշային կարգումս, արդյունք կունենամ մեծահասակներում: Կենտրոնացել էի 63 կգ քաշային կարգի վրա: Նույնիսկ չեմ մտածել քաշային կարգս փոխելու մասին, քանի որ կարծում էի՝ չի կարող ըմբիշը երկու քաշում լինել: Պետք էր մեկի վրա կենտրոնանալ: Կանգնեցի 63-ի վրա եւ այս քաշն ինձ հաջողություն բերեց: Աշխարհի առաջնությունից հետո հավատը սեփական ուժերիս կրկնապատկվեց, որովհետեւ այնտեղ էլ ես հավատում էի, որ կարող եմ նույնիսկ աշխարհի չեմպիոն դառնալ: Միայն աշխարհի առաջնությունից հետո հասկացա, որ հնարավոր է հաղթել նաեւ 67-ում:

Ի՞նչ փոխվեց քո կյանքում 2019-ին, հատկապես աշխարհի բրոնզե մեդալակիր դառնալուց հետո:

Մեծ փոփոխություններ չեղան իմ կյանքում: Ինձ համար կարեւորն այն է, որ ինքս բավարարված զգամ իմ արդյունքներից: Զգացի, որ իմ կողքի մարդիկ, իմ հարազատները նույնպես ուրախացան իմ արդյունքով: Փոխվեց այն, որ ներքուստ ավելի մեծ վստահություն ձեռք բերեցի ինքս իմ ուժերի նկատմամբ:

Սիրո՞ւմ ես Ամանորը: Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքին:

Իմ ամենասիրած տոներից մեկն է Ամանորը, Սուրբ Զատիկից հետո: Սիրում եմ նշել ընտանիքիս հետ՝ տոնածառ, տոնական սեղան: Ամանորի հրաշքին հավատում եմ: Երազանքներս նպատակներ են եւ գիշերը 12-ին զանգերը հնչելուց մտքումս պահում եմ իմ երազանքը, որովհետեւ հենց այդ վայրկյաններին ավելի ոգեշնչող է ամեն ինչ:

Իմ բոլոր ընկերներին մեծ սպորտային հաջողություն եմ մաղթում 2020 թվականին։ Ցանկանում եմ, որ բոլոր քաշային կարգերում էլ ուղեգիր ունենանք, եւ մեր թիմը մեծ կազմով մասնակցի Օլիմպիական խաղերին:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4667.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :