Արսեն Հարությունյան․ Հաղթանակը ԵԱ-ում միշտ մնալու է իմ հիշողություններում

Արսեն Հարությունյան․ Հաղթանակը ԵԱ-ում միշտ մնալու է իմ հիշողություններում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը տեւական ժամանակ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ոսկե մեդալակիր չէր ունեցել: Նախորդ անգամ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը՝ 2013 թվականին:

2019 թվականի ապրիլին Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 19-ամյա ըմբիշ Արսեն Հարությունյանը հնչեցրեց Հայաստանի հիմն ու ծածանեց հայոց եռագույնը՝ տանելով փայլուն հաղթանակ մեծահասակների կազմում: Արսենի չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում անհավանականներից էր, քանի որ ոսկե մեդալի ճանապարհին բոլոր գոտեմարտերում Արսենը հաղթանակների հասավ խոշոր հաշվով պարտվողի դերում լինելուց հետո:

NEWS.am Sport-ի հետ զրույցում երիտասարդ չեմպիոնը վերհիշեց Բուխարեստում տարած հաղթանակը, մեկնաբանեց աշխարհի առաջնությունում իր հետ տեղի ունեցած միջադեպն ու ձախողումը եւ խոսեց առաջիկա ծրագրերի մասին:

Արսեն, ինչպիսի՞ն էր 2019-ը քեզ համար:

Չեմ կարող ասել շատ լավ, բայց ոչ էլ վատ: 2019-ը տպավորությունների տարի էր ինձ համար: Կարողացա մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դառնալ, բայց աշխարհի առաջնությում պարտվեցի. հենց սրա համար չեմ կարող ասել՝ շատ լավ:

Եվրոպայի չեմպիոնությունից անցել է մի քանի ամիս: Ի՞նչ հիշողություններ են մնացել այդ հաղթանակից:

Սա իմ առաջին մեծ հաղթանակն էր, եւ այն միշտ մնալու է իմ հիշողություններում: Շատ էի ուրախացել, որ կարողացել եմ 19 տարեկանում մեծահասակների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել: Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի ճանապարհին բոլոր գոտեմարտերում պարտվողի դերում եմ եղել, ապա կարողացել եմ առավելության հասնել եւ հաղթել:

Եվրոպայի առաջնությունից տպավորված եմ հատկապես իմ վերջին երեք գոտեմարտերով՝ թուրք, վրացի եւ ռումինացի ըմբիշների հետ: Սովորաբար, չեմ կարողանում իմ մրցելույթները նայել, բայց այդ երեքը միշտ նայում եմ եւ հաճույք ստանում: Երբեք չեմ մոռանա, որ եզրափակիչում 0:8 պարտվելիս հաղթեցի 17:11 խոշոր հաշվով: Ամեն անգամ տեսագրությունը նայելիս համոզվում եմ, որ երբեք չի կարելի հանձնվել: Հատկապես գորգում ինձ շատ է օգնելու այս հաղթանակը հոգեբանական առումով, որ ես արդեն պարտվելիս հաղթել եմ, ուրեմն երբեք չպետք է հանձնվեմ՝ ով էլ լինի մրցակիցս:

Դավիթ Սաֆարյանից հետո ազատ ոճում չեմպիոնական հաղթանակներ չունեինք: Քո չեմպիոնությունը համարո՞ւմ ես նոր դարաշրջանի սկիզբ:

Ճիշտ է, երկար ժամանակ հաղթանակներ չենք ունեցել մեծահասակներում, բայց իմ տարեկիցներն, ընկերները ունեցել են հաղթանակներ երիտասարդների կազմում: Նրանք շատ ուժեղ տղաներ են եւ այսօր արդեն համալրում են մեծերի կազմը: Հուսամ, մենք՝ երիտասարդներս, նոր ճանապարհ կբացենք մեծ հաղթանակների համար ազատ ոճի ըմբշամարտում: Հավատում եմ, որ 2020-ից սկսած իմ ընկերները ինձանից բարձր հաղթանակներ են տանելու, չեմպիոններ են դառնալու: Բոլորս ենք այդ նոր դարաշրջանը բացում ազատ ոճում՝ մարզիչների օգնությամբ:

Մեծ հաղթանակից հետո ցավալի ու անհասկանալի պարտություն կրեցիր աշխարհի առաջնությում: Ի՞նչ տեղի ունեցավ քեզ հետ Նուրսուլթանում:

Այս թեմայի շուրջ ոչ մեկի հետ չեմ խոսել, չեմ պատմել մինչ օրս... Աշխարհի առաջնությունում ես գերլարված էի, անկեղծ: Երկու տարի առաջ ես այդ նույն ըմբիշներին էկրանից էի նայում ու երազում էի լուսանկարվել նրանց հետ: Նուրսուլթանի գորգում ես այդ նույն ըմբիշներին պետք է հաղթեի, որ չեմպիոն դառնայի: Հոգեբանական առումով ինձ համար դա սթրես էր: Ես սթրես ապրեցի: Այդ խնդիրը ես մինչեւ հիմա ունեմ՝ գերլարվածություն, սթրես. պետք է կարողանամ այդ վիճակները հաղթահարել: Այժմ աշխատում եմ այդ ուղղությամբ: Մի քիչ արդեն հաղթահարել եմ:

Ես շատ էի ուզում աշխարհի չեմպիոն դառնալ. ինքս իմ մեջ շատ էի ճնշվել, լարվել, ինձ լարվածության մեջ պահել, որ անպայման պետք է նվաճեմ չեմպիոնի տիտղոսը, հենց այդ պատճառով մտա գորգ, մարմնիս մկաններն ամբողջությամբ ձգվեցին, ու այլեւս չկարողացա գոտեմարտել: Մեկնարկիս նախորդող գիշերն էլ չէի կարողացել քնել. անհամբեր սպասում էի՝ երբ էր լույսը բացվելու, որ գնայի, դուրս գայի գորգ ու պայքարի մեջ մտնեի: Լարվածությունն ինձ խանգարեց հաղթել աշխարհի առաջնությունում: Հուսամ՝ 2020 թվականին կկարողանամ այդ բարդույթները հաղթահարել ու լավ արդյունքներ գրանցել Եվրոպայի առաջնությունում եւ վարկանիշային մրցաշարերում:

Աշխարհի առաջնությունում բոլորը քեզ հետ մեծ հույսեր էին կապում եւ հավատում, որ այստեղ էլ ոսկի կնվաճես: Գուցե՞ դա էլ քեզ ճնշեց:

Այո, հենց դա էր... Ես բոլորի ուշադրության կենտրոնում էի եւ տեսնում էի՝ ինչպես են բոլորը հույսով նայում ինձ: Լարվածության կենտրոնում էի: Ես գիտեի, որ պետք է այսքան մարդկանց հույսեր արդարացնեմ, դրանից կրկնակի լարվում էի: 6:0 հաղթում էի, մի ակնթարթում մկաններս ձգվեցին եւ այլեւս չկարողացա ոչինչ անել: Ուղղակի չէի կարողանում շարժվել:

Գիտեմ, որ շատ ծանր ապրումներ ես ունեցել աշխարհի առաջնությունում պարտվելուց հետո: Ինչպե՞ս հաղթահարեցիր:

Ես շատ պարտություններ եմ ունեցել գորգում, առանց դրանց չի լինում, բայց երբեք ծանր հոգեբանական ապրումների մեջ չեմ ընկել, երբեք այսպիսի սթրես չեմ ապրել, ինչ եղավ աշխարհից հետո: Մինչեւ հիմա սթրես եմ ապրում, երբ պարտությունս գալիս է աչքիս առաջ: Նորից վերապրում եմ այդ ամենը, որ աշխարհի չեմպիոն լինելու հնարավորությունը ձեռքիցս բաց թողեցի լարվածության պատճառով: Անկեղծ, դեռ չեմ կարողանում վերականգնվել այդ պարտությունից հետո:

Ի՞նչ երազանք ունես 2020-ում: Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքին:

Ես հավատում եմ, որ Նոր Տարվա գիշերը հրաշքներ են տեղի ունենում: Երազանք եմ պահում ամեն տարի: Շատ եմ սիրում այս տոնը: Սիրում եմ հյուր գնալ, ընդունել: Ամանորյա երազանքս պահում եմ հենց ժամը 12-ին, որպես կանոն, իմ բոլոր երազանքներն իրականանում են: Օրինակ՝ նախորդ տարի ես երազանք էի պահել Եվրոպայի չեմպիոն դառնալ մեծերում: Խոստովանում եմ, որ միայն Եվրոպայի մասին էի երազանք պահել, քանի որ այդ շրջանում մտքերս միայն Եվրոպայի մասին էին: Ու այն իրականացավ:

Հաջողա՞կ ես...

Երջանիկ մարդ եմ: Իսկապես ինձ համարում եմ երջանիկ մարդ ոչ միայն սպորտում, այլ նաեւ կյանքում: Երջանիկ եմ, որ աշխատում եմ հրաշալի մարզիչների հետ, որ նրանց օգնությամբ կերտում եմ իմ մարզական կարիերան: Երջանիկ եմ նաեւ, որ ամեն օր հնարավորություն ունեմ տեսնել ծնողներիս, ընտանիքիս անդամներին, նստել նրանց կողքը:

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ 2020-ը բոլորի ընտանիքներում լինի հաջողության տարի: Օլիմպիական խաղերում մեր բոլոր մարզիկներին մեծ հաղթանակներ եմ մաղթում:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4658.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :