Երազանքներս կապված են Օլիմպիական խաղերի հետ․ Կարապետ Չալյանն ամփոփում է տարին

Երազանքներս կապված են Օլիմպիական խաղերի հետ․ Կարապետ Չալյանն ամփոփում է տարին

Մրցաշրջան-2019-ին հայկական սպորտում ուշադրության կենտրոնում էր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանին մշտապես հաղթող եւ հիմնական մրցակից Կարապետ Չալյանը:

Գյումրեցի ըմբիշի հետ կապվեց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ավագ Ջուլֆալակյանի մեղադրանքների մեծ բաժինը հասավ հենց Չալյանին: Հայկական մարզաշխարհը ցնցած հրաժարականից հետո Կարապետ Չալյանը Նուրսուլթանում մասնակցեց աշխարհի առաջնությանը, նվաճեց օլիմպիական ուղեգիր, բայց մեդալի համար պայքարում ցավալի պարտություններ կրեց:

Այս ընթացքում Չալյանը հասցրեց երկրպագուների մեծ բանակ հավաքել։ Նրա հաղթանակներին սպասում են շատերը: Ինքն էլ փաստում է, որ դեռ շատ անելիք ունի մեծ սպորտում, մեծ հաղթանակներ կերտելու երազանք ու ցանկություն կա, բայց մինչ այդ Տոկիո-2020-ին մասնակցելու համար պայքար: Դեռ հայտնի չէ, թե ով է մեկնելու Տոկիո եւ ինչ կարգով է ընտրություն կատարվելու Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ:

NEWS.am Sport-ի ընթերցողների համար Չալյանն ամփոփել է 2019 թվականը, խոսել հաղթանակների, լարված տարվա, մեկնաբանել ԱԱ-ում մեդալ չնվաճելու պատճառներն ու ներկայացրել ամենամեծ երազանքը:

Կարապետ, 2019-ը քեզ համար բավական լարված ստացվեց, բայց այդքանով հանդերձ տարար հաղթանակներ՝ օլիմպիական ուղեգրի տեսքով եւ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնությամբ: Գո՞հ ես քո արդյունքներից:

Գոհ եմ: Եվրոպական խաղերում լավ մասնակցեցի, գրավեցի երկրորդ տեղը: Դժգոհ եմ աշխարհի առաջնությունից: Գրավեցի 5-րդ տեղը, բայց կարող էի ավելի լավ արդյունք ցույց տալ: Կարող էի դուրս գալ եզրափակիչ, բայց վատ անցկացրի կիսաեզրափակիչի եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտերս:

Ամեն դեպքում, աշխարհի առաջնությունում նվաճեցիր Օլիմպիական ուղեգիր: Դա՞ չէր քո գերխնդիրը:

Ամենաշատն ինձ հենց դա է ուրախացնում անցնող տարում: Ինձ համար շատ կարեւոր էր ուղեգիր նվաճելը աշխարհի առաջնությունում: Ուրախ եմ, որ ստացվեց:

Տարին լարված ստացվեց քեզ համար, մի փոքր խնդիրներով...

Ինձ համար լարված ստացվեց աշխարհի առաջնությունը: Ես ուզում էի անպայման օլիմպիական ուղեգիր նվաճել: Բացի այդ, երկրորդ գերնպատակս Նուրսուլթանում մեդալ նվաճելն էր, որը չստացվեց: Իսկ մեդալ չնվաճեցի, կարծում եմ, շատ ուզելուս պատճառով: Ճիշտ է՝ առողջական խնդիրներ էլ ունեի, բայց ինձ խանգարեց նաեւ այդ միտքը, որ ես ուղղակի շատ եմ ուզում մեդալով վերադառնալ Հայաստան: 

Կիսաեզրափակիչում եւ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվելուց հետո շատ էիր տխրել. Հաղթահարե՞լ ես այդ պարտություններդ:

Եթե անկեղծ, ոչ: Ես կարող էի դառնալ աշխարհի չեմպիոն, կար այդ հնարավորությունը, մոտ էի: Ուղղակի պետք է չլարվեի ու հանգիստ մոտենայի գոտեմարտերին: Շտապողականությունն ու այդ մեծ ցանկությունը խանգարեցին ինձ: Երբ մտածում եմ այս ամենի մասին, նորից վերհիշում եմ, ու այն միտքը, որ կարող էի դառնալ աշխարհի չեմպիոն ու բաց թողեցի, շատ ծանր եմ տանում: Ամեն ինչ նորից վերապրում եմ:

Առջեւում կարեոր օլիմպիական տարին է: Ի՞նչ նպատակներով եւ երազանքներով ես մտնում 2020 թվական:

2020 թվական մտնում եմ միայն հաղթանակներ կերտելու, նախորդ տարվա սխալներս շտկելու եւ երազանքս իրականացնելու նպատակով: Չգիտեմ, որքանով կհաջողվի ինձ: Ես ուզում էի 2019-ում մեդալներ, բարձր նվաճումներ գրանցել, բայց ինչ-որ բան ինձ չհերիքեց: Հուսամ 2020-ում ամեն ինչ կստացվի:

Սիրո՞ւմ ես Ամանորը: Ինչպե՞ս ես անցկացնում տոները:

Իմ ամենասիրած տոներից մեկն է: Նշում եմ մշտապես ընտանիքիս անդամների հետ: Փորձում եմ ուրախ դիմավորել Նոր Տարին, երբեմն դա պայմանավորված է լինում իմ տրամադրությամբ:  Եթե հաղթանակներ ունենում եմ տարվա ընթացքում, այս տոն օրերին տրամարդությունս բարձր է լինում: Օրինակ՝ այս տարի լավ տրամադրություն ունեմ, որովհետեւ հաջողություններ եմ ունեցել:

Երազանքներին հավատո՞ւմ ես: Ամանորի գիշերը երազանք պահո՞ւմ ես:  

Այո, անպայման: Հավատում եմ: Ամեն տարի էլ մտքումս պահում եմ երազանք: Դրանք հիմնականում կապված են միայն սպորտի հետ: Այս տարի երազանքներս կապված են Օլիմպիական խաղերի հետ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ էլ այս տարի երազանք է պահում Տոկիոյի վերաբերյալ: Իմ երազանքը՝ Օլիմպիական խաղերին մասնակցելն է եւ հաղթող դառնալը:

Շնորհավորում եմ բոլորին Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ: Թող առողջ լինեն, 2020-ում բոլորի երազանքներն իրականա ու, ամենակարեւորը, սահմանին ծառայող զինվորներին մաղթում եմ խաղաղ երկինք:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4638.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :