Մաջադիա գյուղը նոր մարզադաշտ ունի

Մաջադիա գյուղը նոր մարզադաշտ ունի

Հուլիսի 23-ին Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղում բացվեց ֆուտբոլային մարզադաշտ, որը նվիրված էր մանկավարժ, «Աբուլ» ակումբի  ֆուտբոլիստ և սպորտասեր Գրիշա Պարոնյանի 70-ամյա հիշատակին։ Նրա որդին՝ Արարատը, ում անունը հայրը կնքել է ի պատիվ «Արարատ 73-ի», իրականացրել է հոր երազանքը՝ գյուղի կենտրոնում ունենալ մեծ մարզադաշտ։

«Ես հիմա հուզմունք և հոգեկան մեծ բավարարվածություն եմ զգում, որ կարողացա իրագործել  հորս նպատակը՝ ափսոս առանց իրեն, բայց վստահ եմ, որ ստացվեց հենց այնպես, ինչպես հայրս կուզենար տեսնել,- նշեց Արարատ Պարոնյանը և ավելացրեց,- մարզադաշտը կառուցելով՝ իրականացրել եմ ոչ միայն հորս երազանքը, այլև ինչ-որ արժեքավոր բան եմ ստեղծել մեր համագյուղացիների, մեր երիտասարդների համար և կոչ եմ անում դրսում ապրող իմ հայրենակիցներին, որ եթե ունեն նման հնարավորություն, ապա ինչ-որ մի օգտակար բան անեն մեր Ջավախքի, մեր հայրենիքի համար»։

Մարզադաշտի բացման և Գրիշա Պարոնյանի 70-ամյա հիշատակին նվիրված միջոցառմանը  ներկա էին հյուրեր Ռուսաստանից, Հայաստանից և Ջավախքի շրջաններից։ Ողջույնի խոսքերով հանդես եկան Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալակի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, գործընկերներ և համագյուղացիներ Սամվել Գրիգորյանը, Գրիգոր Վարդիկյանը, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը և այլոք։ Բոլորը Արարատ Պարոնյանի այս արարքը դիտարկեցին ոչ միայն որպես հոր երազանքը իրականություն դարձնելու ցանկություն, այլև հայրենի գյուղում ինչ-որ օգտակար քայլ անելու և Ջավախքում դա ավանդական դարձնելու նպատակ։ 

Բացումը նախ մեկնարկեց ֆուտբոլային մրցաշարով, որտեղ խաղացին նախորդ օրը եզրափակիչ դուրս եկած Մաջադիայի և Գոմանի հավաքականները, այնուհետև տեղի ունեցավ խաչքարի բացման և օրհնության արարողությունը։

Մարզադաշտում հավաքվածները դիտեցին  Հայաստանի «Արարատ 80»-ի և Ախալքալաքի «Աբուլ»-ի վետերանների ընկերական հանդիպումը։

Վետերանների խաղից հետո հաղթողներին և լավագույն խաղացողներին հանձնվեցին մրցանակներ։ Մաջադիայի հավաքականը 2։2 խաղաց Գոմանի հավաքականի հետ, ապա 11 մետրանոցներից հետո 3։2 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Կորխ գյուղի հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

«Արարատ 80»-ի և «Աբուլ»-ի վետերանների ընկերական խաղում հաղթանակ տարան «Արարատ 80»-ի վետերանները՝ 4։2 հաշվով։

Գրիշա Պարոնյանի 70-ամյա հիշատակին նվիրված միջոցառումն ավարտվեց երգ ու պարով։ Ելույթներով հանդես եկան ժողովրդական երգիչներ Աշոտ Ստամբոլցյանը և Մասիս Հունանյանը։ Ազգային պարերով հանդես եկան «Ջավախք ազգագրական երգի պարի համույթը» և Մաջադիայի փոքրիկ սաները։

Արարատ Պարոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, համագյուղացիներին ներկայության և իր այս նախաձեռնությանը հոգեպես աջակցելու համար։ Նա կոչ արեց բոլորին. «Վայելե´ք, հրավիրե´ք, խաղացե´ք, ու ոչ միայն ջավախքցիներով»։

Անուշիկ Ստամբոլցյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4276.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :