Ֆուտբոլային մրցաշար Ջավախքում` նվիրված Արցախում զոհված Տիգրան Բերակչյանին

Ֆուտբոլային մրցաշար Ջավախքում` նվիրված Արցախում զոհված Տիգրան Բերակչյանին

Չնայած անձրևային և մառախլապատ եղանակին, երբ շատերը նախընտրում են մնալ տանը և գիրք ընթերցել, Ջավախքի Լոմատուրցխ գյուղի փողոցներում արտասովոր մարդաշատություն էր նկատվում, ինչը բնորոշ չէ այդ սակավամարդ բնակավայրին։ Եղանակը ներդաշնակ էր մարդկանց տրամադրությանը, քանզի նրանք գալիս էին մաս կազմելու Ջաբրայիլում զոհված Ջավախքի զավակ, արմատներով լոմատուրցխեցի, ժամկետային զինծառայող Տիգրան Բերակչյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի։ 

Ֆուտբոլային մարզադաշտում և՛ հանդիսատեսը, և՛ մրցակից թիմերը անհանգիստ էին, բոլորը ինչ-որ հարցուփորձեր էին անում մեկը մյուսից։ Հիմնական պատճառը պարզ էր․միջոցառումն սկսվելու էր 12։00-ին, սակայն մի ժամ անցել էր, սակայն․․․

Խաղի հետաձգման պատճառը հերոսի ծնողների ուշացումն էր, նրանք պետք է ժամանեին Երևանից։ Չափազանց հարգելի պատճառ էր, նույնիսկ անթույլատրելի էր հուշամրցաշարի բացում կատարել առանց վերջինների ներկայության։ 

Սակայն ժամանակի ռեալ օգտագործման և եղանակային վատ պայմանների պատճառով, մինչ բացման արարողությունը, տեղի ունեցավ Լոմատուրցխ-Վաչիան ֆուտբոլային խաղը։

Նախատեսված էր, որ խաղալու էին մինչ այդ շրջանի տարբեր վարչական մարմինների մակարդակով հաղթող ճանաչված թիմերը, և մրցակցությունը շարունակվելու էր նրանց միջև։ Չնայած խաղալու ցանկությամբ ժամանել էին նաև այնպիսի թիմեր, որոնք պարտվել են հիշյալ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ, թույլ տրվեց նորից մասնակցել։

«Հրավիրվել են շրջանի բոլոր թիմերը, որոնք հաղթել են փնջային խաղերում, իսկ մյուս ցանկացողներին մենք չէինք կարող մերժել, քանի որ հյուրընկալ  կողմ ենք, ինչպես նաև այս հուշամրցաշարը մասսայականություն է ակնկալում»,- ասաց Լոմատուրցխ գյուղի գյուղապետ Աղվան Բերակչյանը։ Վերջինիս խոսքերով՝ քառօրյա պատերազմում հայրենիքի համար մարտնչող 20-ամյա Տիգրանի մահը շատ է ազդել  ջավախահայ երիտասարդությանը, և այս մրցաշարի նպատակը նրանց հոգում ազգասիրության, հայրենանվիրության զգացման առավել խորացումն է, միասնականության ամրապնդումը՝ Տիգրան Բերակչյանի  հիշատակը հարգելով և նրա անունը հավերժացնելով։ Նա տեղեկացրեց, որ կազմավորվել էր հատուկ հանձնաժողով/ կազմկոմիտե/՝ Ազավրեթի վարչական մարմնից շրջանային ժողովի պատգամավոր  Գրիգոր Ծոռմուտյանի նախագահությամբ, որը ստանձնել է հուշամրցաշարի կազմակերպումը։ Կազմկոմիտեի մեջ ընդգրկված են  թե՛ Լոմատուրցխը, թե՛ Ազավրեթի վարչական շրջանի այլ գյուղերից համապատասխան անձինք։ 

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, խոսքն ուղղելով Տիգրանի հայրիկին՝ Հենդրիկ Բերակչյանին, ասաց․«․․․Դուք չպետք է շնորհակալություն հայտնեք, որ այստեղ կազմակերպել ենք նման միջոցառում։ Ո՛չ։ Մենք  պետք է շնորհակալություն հայտնենք ձեզ, որ այդպիսի երիտասարդ եք դաստիարակել,- ասաց Սամվել Պետրոսյանը և քիչ անց ավելացրեց,- ախալքալաքցիներից բազմաթիվ երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին մեկնել ռազմաճակատ։ Ջավախքցիներից շատերը՝ հանձին Տիգրան Բերակչյանի, շարունակեցին ծառայել խրամատներում, և իր կյանքի գնով վերջինս կարողացավ պաշտպանել․․․ »։ Նա  անդրադարձավ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ապրիլյան պատերազմին, դրա հետևանքով ունեցած կորուստներին, բայց որպես անհերքելի փաստ նշեց, որ այդ ընթացքում «ամբողջ հայությունը համախմբվեց հզոր բռունցքի մեջ և հակահարված տվեց թշնամուն»։

Հենդրիկ Բերակչյանը բոլորին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման, ինչպես նաև իր ընտանիքի վիշտը կիսելու, ցավը մեղմելու ցանկության համար։

Իսկ Լոմատուրցխի հանրային դպրոցի փոխտնօրեն Սաշա Աղաբաբյանը, ով նաև Տիգրանի հարազատն է, ֆինանսական և հոգևոր աջակցության համար շնորհակալություն հայտնեց շրջանի ղեկավարությանը: 

 Բացման խոսքով հանդես եկավ և հուշամրցաշարի մեկնարկն ազդարարեց Լոմատուրցխի հանրային դպրոցի տնօրեն Հովհաննես Շորաղյանը․«Թո՛ղ որ այս մի քանի օրերի ընթացքում մեր մարզադաշտում և ամենուր իշխի առողջ տրամադրությունը, ընկերությունը, մեկ մեկու զիջելու կարողությունը։ Թո՛ղ որ մեր երիտասարդությունը իր ուժերը չափի ո՛չ թե մարտադաշտերում, այլ մարզադաշտերում»։ 

Մինչ հուշամրցաշարի մեկնարկը՝ ներկաներին դրական լիցք և բարձր տրամադրություն հաղորդեցին Լոմատուրցխի հանրային դպրոցի սաները՝ ազգային և ժամանակակից ռիթմիկ պարային ելույթներով։

Հուշամրցաշարի առաջին օրը կայացավ ֆուտբոլային 5 հանդիպում․

Լոմատուրցխ-Վաչիան /5։3/

Սուլդա-Արագվա /6։1/

Մերենիա-Խանդո /7։0/

Ագանա-Բուռնաշեթ /3։2/

Կոկիո-Գոման /0։5/։

 

Արմինե Բերակչյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4266.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :