«Մեր աղջիկին փեսա տուր». հայկական միջնադարյան Ամանորի հիթերը

«Մեր աղջիկին փեսա տուր». հայկական միջնադարյան Ամանորի հիթերը

Մինչ մարդիկ սպասում են, թե ով է կարողանալու կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը եւ Ամանորի համաշխարհային հիթ ստեղծել, կարելի է ծանոթանալ այս տոնին նվիրված հայկական ավանդական երգերին: Դրանք ոչ պակաս հիթեր են եղել ու տարածված են եղել Հայաստանի տարբեր բնակավայրերում: 1978թ. հրատարակված «Ամանորը հայ ժողովրդական տոնացույցում» գրքում ներառաված են մինջանդարից մինչեւ 19-20-րդ դդ. Ամանորի երգերը:

 

Դրանք ծիսական բնույթ են կրել: Ըստ ուսումնասիրությունների՝ քրիստոնեության ընդունումից հետո հարմարեցվել են դրան: Բովանդակությամբ տարբեր են եղել. ամուսնություն են մաղթել երիտասարդներին, նաեւ մաղթել կամ խնդրել են հարստություն, գովաբանել են տանտիրոջը եւ այլն: Նոր տարվա տոնական տրամադրությունները երբեմն նպաստել են նրան, որ այլ իրադարձությունների նվիրված ստեղծագործությունները եւս այդ ժամանակ երգվեն: Օրինակ, Ամանորին կատարել են երգ, որը երգել են նաեւ հարսանեկան ծեսի ժամանակ.Բարի եկար, նոր տարի,

 

Տուր մեզի ցորեն գարի,

 

Լե, լե, լե, լե, լե,

 

Մեր փեթակն ալիր կուզե, լե, լե,

 

Տանտիկինը եղ կուզե, լե, լե...

 

Մեր օջախը փայտ կուզե, լե, լե...

 

էղուն (այդի), պաղչին պտուղ տուր, լե, լե...

 

Մեր աղջիկէն փեսա տուր, լե, լե,

 

Մեր տղային հարս մը տուր, լե, լե...

 

Հիւընտութին թող չըլլի,

 

Քեսատութին թող չըլլի,

 

Հեյրան Նոր տարի:

 

Ամանորի երգերում արտահայտվել է նաեւ զոհաբերություն անելու սովորույթը: Տանտերերից պահանջել են զոհ մատուցել: Նվիրատվության հիմնական առարկաններն Ամանորի ծիսական ուտելիքներն են եղել (գաթա, հավ, ընկույզ, չորացրած միրգ)։ Երբեմն հարցրել են տան փոքրի անունը եւ նրան հաջողություն ու առատություն մաղթող տողեր երգել.

 

— Զեր տղի անուն ի՞նչ ի, ալելուիա։

 

—Յէկոբ քե ծառէ, ալելուիա։

 

— Սեղան յըառջեւ խազար բոարին, ալելուիա,

 

Կթխեն ի ձեռն նռան գինին, ալելուիա,

 

Յէկոբ նստէ ծառի տըկին, ալելուիա,

 

Մ աղեր թալե ծառի ճօղին, ալելուիա,

 

Յէկոբ խեծեր կապուտ քուռակ, ալելուիա,

 

Մեջքն ա զարկեր պողպատ-ուրագ, ալելուիա:

 

Տարբեր ընտանիքներից հավաքած նվիրատվությունը համարվել է ծեսին մասնակցած բոլորի համահավասար սեփականությունը: Հետեւաբար համարվել է, նվիրատվություն չանողը վտանգի տակ է դնում ամբողջ համայնքի համար ակնկալվող բարգավաճումը։ Նրանց, ովքեր չեն ցանկացել մասնակցել, անիծել են:

 

Կաղանդոսը գոս,

 

Ըլեք տվեք երկու կոկոզ.

 

Վով էր չտվեց՝

 

Իրանց հավուն ճիվը կը կոտրեմ.

 

էկեր (եթե) հավ չունին՝

 

ճժուն ճիվը կը կոտրեմ.

 

Կաղանդոսը՝ գոս:

 

Ամանորի երգերի մեջ մեծ տեղ են ունեցել տանտերերին գովաբանող երգերը: Դրանցում նկատվում է տանտերերին երկնային լուսատուների՝ հատկապես Արեւի հետ համեմատելու միտում.

 

... Ձեր տունը շեն հետ արեւուն,

 

Արեւն էրկըններ ձեր տըղէյներուն,

 

Չարը զատանէր, բարին մոտէներ:

 

Մյուս կողմից մարդիկ իրենց համար են հարստություն խնդրել: Եղել են բնակավայրեր, որտեղ Նոր տարվա նախորդ գիշերը երիտասարդները կեսգիշերին գնացել են ՝ գետից ջուր բերելու: Նրանք հավատացել են, որ այդ ժամանակ գետը 1 ժամով ոսկի է դառնամ: Գետի ափին որոշ ժամանակ սպասելուց հետո նրանք երգել են.

 

Քեզի կուտում ցորեն, գարի,

 

Դուն ա ինծի տոլ բարի,

 

Շնորհաւոր Նոր տարի:

 

Ընդհանուր առմամբ Ամանորին նվիրված երգերն առանձնանում են թեմաների բազմազանությամբ, եւ դա մի պատճառով: Եթե տարեկան տոնացույցի ամեն տոն ունի որոշակի հատուկ խնդիրներ եւ բովանդակություն ունի, ապա Նոր տարվա տոնակատարությունն իր ծիսակարգով վերաբերում Է գալիք ողջ տարվա սպասելիքներին: Այնպես որ 21-րդ դարում Jingle Bells-ին մրցակից ստեղծել ցանկացողները կարող են հայացք գցել սովորույթներին:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/4565.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :