ԻՄ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԵՏՔ Է, ՊԱՐՏԱՎՈ՛Ր Է ՃԱՆԱՉԵԼ ԿՈՄԻՏԱՍԻՆ

ԻՄ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԵՏՔ Է, ՊԱՐՏԱՎՈ՛Ր Է ՃԱՆԱՉԵԼ ԿՈՄԻՏԱՍԻՆ

Մենք չիմացանք,

թե ինչ երգեցիր

օտար Փարիզի հոգեբուժարանում...

Բայց նվնվոցը դու դարձրիր լաց,

հանապազօր հաց,

տնքոցը հիվանդի` հորովել, հո՜, հո՜...

Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա,

Էլ չենք հեծկլտա

թալանված մեր ապերջանկությամբ.

մի բահ էլ նրա ուսին կդնենք,

որ նա էլ երգի.

հորովել, հո՜, հո՜...

Սլավիկ Չիլոյան

Երբ դպրոցական էի, Կոմիտասն իմ պատկերացումներում ապրում էր որպես խեղճուկրակ մի վանական , որ ցեղասպանությունից հետո, անկարողության ցավից խելագարվել ու մահացել է: Այդ ժամանակ նույնիսկ չգիտեի էլ, որ նա ոչ թե 1915, այլ 1935թ. է մահացել, ոչ թե Պոլսում, այլՙ Փարիզում: Դպրոցական ընթացքում այդ սուրբ մարդը ոչ մի րոպե իմ մտավոր հայացքում չի երեւացել այնպիսին, ինչպիսին եղել է: Տարիներ անց, երբ արդեն որոշ բաներ գիտեի նրա մասին, ընդունվելով բանասիրության ֆակուլտետ, ակնկալում էի գոնե մեկ լիարժեք դասախոսություն լսել բանահավաք-ազգագրագետ Կոմիտասի մասին, բայց ոչ միայն դասախոսություն, այլեւ ակնարկ անգամ չլսեցի...

Որքա՞ն կարելի է թույլ տալ այս համատարած հանցավոր անուշադրությունը: Դեռ ինչքա՞ն ժամանակ է հայ երիտասարդն անհաղորդ մնալու իր ազգային-մշակութային տիտանին: Եթե հայ երիտասարդը չի ճանաչելու Կոմիտասին. ապա այդ դեպքում ինչի՞ համար է մեր պայքարը, ո՞ւմ դեմ ենք մենք պայքարում, երբ մոռացության փոշու տակ թաղում ենք մեր անառարկելի մեծությանը:

Կոմիտասի մասին բուն գրվելիքը դեռ մի կարգին չի գրվել...

Ի թիվս մի շարք կարեւոր հոբելյանների, այս տարվա սեպտեմբերի 26-ին լրանում է նաեւ նրա 150-ամյակը: Հրահանգված է պատշաճ ուշադրություն դարձնել նաեւ Կոմիտասի հոբելյանին: Իհարկե, այդ պատշաճ ուշադրություն ասվածն այստեղ հարաբերական է, ավելինՙ դա անպատշաճ անուշադրության պես մի բան է լինելու, եթե նրա մասին մինչ օրս շարադրված պարբերությունները չվերնայվեն, չվերախմբագրվեն ու , ըստ բուն էության, չներկայացվեն ժողովրդին, որովհետեւ այն, ինչ ներկայացվել է նախկինում, ինչ խոսք, պատմել է Կոմիտասի մասին, բայց ամբողջովին չի ներկայացրել նրան: Ես Հայաստանի վերջին աշակերտը չէի, ով, զոհ դառնալով այդ թերությամբ ու սխալներով լի շարադրանքներին, Կոմիտասի մասին խոսելիս լռում էր, որովհետեւ ոչինչ չգիտեր, ոչինչ չուներ ասելու: Տարիների ընթացքում աշակերտները, սերունդները փոխվում են, բայց Կոմիտասը նույնն է մնումՙ չճանաչված:

Դպրոցում, էլ չեմ ասում բուհում, ի՞նչ են սովորում մեր երեխաները Կոմիտասի մասին: Վստահորեն ասում եմՙ ոչինչ, որովհետեւ օրվա ուսուցիչներից շատերն իրենք կարիք ունեն սովորելու այն, ինչ փորձում են սովորեցնել աշակերտներին: Հարցում անցկացրեք Կոմիտասիՙ ով լինելու մասին, եւ գոնե տասից ութ-իննը «գերազանց սովորող» աշակերտի պատասխանն այն կլինի, թեՙ «հոգեւորական էր, որը խելագարվեց ու մահացավ հայոց ցեղասպանության ժամանակ»: Այդքանը, ոչ ավելին: Բայց դա լղարիկ ու անգրագետ իմացություն է Կոմիտասի մասին, մի մարդ, որի անվան ու հանճարի առաջ գիտակից աշխարհն այսօր էլ է խոնարհվում, վաղն էլ պիտի խոնարհվի:

Հայոց ցեղասպանությունն, անշուշտ, մեծ հետք թողեց Կոմիտասի հոգեկան ներաշխարհի վրա, բայց մի՞թե միայն դա է, որ հայը պետք է իմանա նրա մասին, մի՞թե Կոմիտասի ամենամեծ ծառայությունը խելագարվելն ու զոհվելն էր, մի՞թե նրա ապրած կյանքից «ամենաուսուցանելին» մահանալն էր...

Կոմիտասի կյանքն այնքան բովանդակալից էր, որ,այսպես ասած, մի շնչով հնարավոր չէ ամեն ինչ հիշել ու ներկայացնել, բայց այնուամենայնիվ, մի քանի կարեւոր դրվագ, որից հետո չիմացողը թող ինքն իրենց հարց տա. ամոթ չէ՞:

Կոմիտասն իր կյանքի ընթացքում գրառել է մոտ 4000 հայկական ժողովրդական երգերի նմուշներ: Նա փայլուն ազգագրագետ էր, հետաքրքրվում էր այլ ժողովուրդների մշակույթներով: Եզակի է 1904թ.նրա հրատարակած քրդական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն: Բայց այս կարեւոր փաստերի առկայությամբ էլ, այսօր ոչ մի խոսք չկա նրա մասինՙ բանասիրական ֆակուլտետների բանահյուսություն առարկայի ծրագրում: Թեեւ դեռ ժամանակին Թովմաս Հարթմանը կարծում էր, որ. «Կոմիտաս վարդապետի նշանակությունը մնայուն է, նա առաջինը լուրջ ուշադրություն դարձրեց Հայաստանի ժողովրդական երգերի վրա: Նա առաջինը զգաց այդ երգերի մշակութական եւ ազգագրական նշանակությունը իր ցեղին համար...» :

Խեղճ հոգեւորականի կերպարը մեզ այսքան տարի թույլ չի տվել իմանալու, որ Վարդապետը սերտ կապեր է ունեցել հայ մշակույթի նշանավոր գործիչներից շատ շատերի հետ: Օրինակՙ Մանուկ Աբեղյանի օգնությամբ 1903թ. լույս է ընծայում «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ժողովածուն, որի երկրորդ տպագրությունը լույս տեսավ 1904-ին, իսկ 1905-ին հրատարակվեց եւս 50 երգ:

Նույն 1903թ., երբ Ջիվանին Թիֆլիսից գալիս է Էջմիածին, Կոմիտասը նրա հետ ձայնագրում է Շիրինի «Այգեպան, ի՞նչ ես անում», եւ Ջիվանու «Ա՛խ, կորան» երգերը..:

1904թ. Իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկով սկսում է աշխատել իր մտերիմ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա` օպերա գրելու մտադրությամբ:

Շատ կարեւոր է նկատել, որ դասախոսություններով ու համերգներով Կոմիտասը հանդես է եկել եւրոպական մի շարք երկրներում, Եգիպտոսում եւ այլուր: 1911թ. գարնան վերջերին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում Կոմիտասը հանդես է գալիս դասախոսությունների շարքով, որը տեղում մեծ հռչակ է բերում նրան, իսկ նույն թվականի հունիսի 5-ին «Ալհամպրա» թատրոնում կայացած համերգից հետո բոլորի խոսակցության թեման ուղղակի Կոմիտասն էր: Այդ առիթով եգիպտական «Էլ Մուքադդամ» թերթը Կոմիտասի մասին գրեց, որ նա աշխարհի ամենահաբավավոր վարպետն է:

Կոմիտասի մասին գրեց նաեւ եգիպտական մեկ այլ թերթՙ «Էլ-Վաթանը», թե նրանով կարող է հպարտանալ ոչ միայն հայ ազգը, այլեւ ամբողջ Արեւելքը:

1914թ. Կոմիտասը բանախոսություններով մասնակցում է ֆրանսիացի հայտնի երաժշտագետ Լուի Լալուայի նախագահությամբ ընթացող Միջազգային երաժշտական ընկերակցության համաժողովին ու մեծ հավանության արժանանում:

Դեռ կենդանության օրոք Կոմիտասի համբավն արդեն տարածվել էր ամբողջ Եւվրոպայով: 1906թ. Փարիզում տեղի ունեցած համերգից հետո ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին ոգեւորված բացականչում է.

«Հանճարեղ հայր Կոմիտաս, խոնարհվում եմ Ձեր երաժշտական հանճարի առջեւ» :

Նույն համերգի մասին հետագայում վերոհիշյալ Լուի Լալուան, որ հայ դաշնակահարուհի Շուշանիկ Բաբայանի (Կոմիտասի մտերիմ, նրա մասին հարուստ հուշեր թողած Մարգարիտ Բաբայանի քույրը) ամուսինն էր, հետեւյալ կերպ է արտահայտվել.

«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը մի հեղաշրջում էր եւ իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտնականների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եւրոպական է, ոչ արեւելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ» :

Կոմիտասի կենսագրության կարեւոր խմբագրումներից մեկն էլ պետք է լինի նրա խելագարության վարկածը, որին կանդրադառնամ մեկ այլ հոդվածով:

«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլՙ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը, եւ դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այդպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում», գրում էր Պարույր Սեւակը Վարդապետի մասին :

Կոմիտասը ո՛չ խեղճ է եղել, ո՛չ ճապաղած, ո՛չ էլ անաշխույժ: Ժամանակակիցները պատմում են, որ նա բավականին աշխույժ, ժիր ու կայտառ մարդ է եղել: Օրինակ, Փանոս Թերլեմեզյանի հուշերից տեղկանում ենք, որ նա ոչ միայն աշխույժ ու ժիր է եղել, այլեւ ղեկավարելու ձիրք է ունեցել: Պատմելով Պոլսում նրա հիմնած երաժշտական խմբի մասինՙ նկարիչը գրում է, որ նա«թե գիտության եւ թե կառավարելու արվեստի տեսակետից շատ ուժեղ լինելով... » :

Մեկ այլ տեղ Թերլեմեզյանն այսպես է հիշում Վարդապետին.

«Կոմիտասը չափազանց ուրախ եւ չափազանց աշխատասեր էր: Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ եւ երբեմն էլ բարկացող էր» :

Կոմիտասի կենսուրախության մասին վկայում է նաեւ Հրաչյա Աճառյանը.

«Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ եւ պատրատաբան էր Կոմիտաս եւ սիրուած ճեմարանի մեծէն ու փոքրէն» :

Գարեգին Լեւոնյանն իր հուշապատման մեջ գրում է Կոմիտասի մասին.

«Զվարճախոս, սրախոս, կատակաբան, վառվռուն, նույնիսկ երբեմն թեթեւ: «Սա ինչ մասխարա մարդ է, եղբայր, սա հո կատարյալ կոմիկ է, մի՞թե սա է Կոմիտասը », կասեր անկասկած այդ պահերին անծանոթ հանդիպողը» :

«Պետք է ասեմ, որ ճեմարանի ամբողջ աշակերտությունը սրտանց սիրում էր պարզ ու կենսուրախ Կոմիտասին եւ լիովին վայելում էր նրա ջերմ սերն ու ընկերական վերաբերմունքը, գիշերօթիկ սաների հատուկ խանդավառությամբ համախմբվելով նրա շուրջը եւ լսելով նրա մտերմական կատակներն ու սրախոսությունները» , - հիշում է Վահան Տեր-Առաքելյանը:

Ահա հենց այս Կոմիտասին պետք է ճանաչի հայ մարդը դեռ դպրոցից, այս Կոմիտասը պետք է լինի նրա ուսուցիչը, ոչ թե վանքում «կուչ եկած, լաց լինելով խելագարված ու մեռած վանականը»:

Ցավալիորեն պետք է նշեմ, որ հենց վերջին տեսակի Կոմիտասին էլ ճանաչում են հասարակության լայն շերտերը:

Եվ նման մեծությանը մենք դատապարտել ենք մոռացության ու անճանաչելիության, պիտակել խեղճության ու թշվառության պիտակով, այնինչ մենք այնքան խեղճ ու թշվառ ենքՙ նրան այդպիսին կարծելով:

Ահա անելիքը, որը գոնե Վարդապետի ծնունդից 150 եւ մահվանից 84 տարի հետո անհրաժեշտ է անել: Իսկ, եթե այս ամենը գիտական մակարդակով չի պարզվելու, չի մատուցվելու մեր ժողովրդին, անիմաստ են բոլոր պաստառներն ու սին հայտարարությունները, որոնք միանգամից մոռացվում են որեւէ միջոցառման ավարտից անմիջապես հետո:

Ներկա օրերում, երբ օտարամուտ ուժերը ներքին ապազգայնացումի առաքելությամբ ազատ երթեւեկում են մեր միջավայրում, երբ ամեն տեսակ ազգայինը վաղուց տեղի է տվել արտաքին ճնշող գռեհկությանը, մենք Կոմիտասին հենց որպես հակավիրուս, պետք է ունենանք մեր հոգում, մենք պետք է կրենք նրան, մեր երեխաները պետք է ճանաչեն ու դաստիրակվեն նրանով: Իհարկե, Կոմիտասի կենսագրությունը յոթ փակի տակ պահված չէ, եւ այնպես չէ, որ ես վերոբերյալներով գյուտ եմ արել, բայց դրանք պետք է ակադեմիական գրականության էջերից դուրս բերել ու տանել նաեւ դպրոց, դնել աշակերտի սեղանին ու հորդորել, որ կարդա: Ես վստահ եմ, Կոմիտասը լավ կդաստիարակի նրանց, մեր նորահաս սերունդներին:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ԱԶԳ՝ 20․07․2019Թ․

Կարճ հասցե: javakhq.info/u/4487.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :