ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ. Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ.  Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թումանյանի գերզգացմունքայնության, հարուստ հուզականության դրսևորումներից էր ինտուիցիան: Նրա կյանքի փորձառությունը զուգակցվում էր իր անգիտակցական շերտի բեմադրած պատկերների իրականացման հետ: Պոետի ներքնատեսությունը ու նախագուշակումը եղել են նրա աշխարհընկալման և մարդկային հոգու կեցության, ճանաչողության էական բաղադրամասերը, բանաստեղծի իմացության կարևոր միջոցներից: Մեկ անգամ չէ, որ Թումանյանը վերլուծել է իր կռահունակությունն ու նախազգացումները: Բանաստեղծը վստահ էր, որ «Բնազդը մեծ բան է – ամենաէականն է, և առողջ բնազդը քչերին է տրված: Շատերն են զգում, քչերն են կանխատեսում»: Բանաստեղծը հրաշալի գիտեր, որ ինքը այդ քչերից է: «Ամենաուժեղ բանը ինտուիցիան է, պայծառատեսությունը, հայտնությունը,- գրում է պոետը:- Նա կայծակի թռիչք ունի` վայրկենապես լուսավորում է, հրաբուխի ուժ` կատաղի կերպով ժայթքում է»: Ահա թե ինչու պատգամում էր. «Առողջ լինել, խոր ինտուիցիա ունենալ, ամեն ինչ զգալ, իմանալ»: Ինտուիցիայի մասին իր խոհերը բանաստեղծն արտահայտել է թե՛ բանավոր զրույցներում, թե՛ գրական և նույնիսկ հրապարակախոսական երկերում, անավարտ ուսումնասիրություններում, նամակներում և այլուր: 1910 թ. հոդվածներից մեկում Թումանյանը խոստովանում է. «Միշտ մի ճշմարիտ, ուղիղ ու հզոր առաջնորդ եմ ունեցել – և դա եղել է իմ բնազդը. նա է ինձ հանել ու հովանավորել»: Կանխազգալով իր կյանքի և ժամանակի գրեթե բոլոր կարևոր դեպքերը` Թումանյանը որոշել էր ինքնակենսագրության մեջ հատուկ տեղ հատկացնել իր ինտուիցիային, հեռազգացությանը և երազներին: Պոետը հավատում էր մարդու հոգու խորքում թաքնված ուժերին. «Երազ, նախազգացում – դրանք մեծ բաներ են և կարևոր, ինքնակենսագրությանս մեջ առանձին տեղ պիտի տամ իմ երազներին, նախազգացումներին»:
Կանխազգացումը` իբրև մարդկային հոգու ամենաբարդ ու ակնառու զգացողություններից մեկը, առանձնահատուկ ուժով դրսևորվում է հատկապես մարդու կյանքի ճակատագրական պահերին, սպասվող վտանգի նախաշեմին: Թումանյանի կյանքն այս իմաստով նույնպես բացառություն չէր:
Բանաստեղծի կանխազգացումների իրականանալը, շրջապատող կյանքն ու քաղաքական ազգային պատմական դեպքերը բնազդով կռահելու նրա ունակությունը հայտնի էր ոչ միայն մերձավորներին և գրեթե բոլոր ժամանակակիցներին, այլ նույնիսկ հարևան ազգերին: Հուշագիրներից շատ շատերն են արծարծել գալիքը նախազգալու Թումանյանի ունակությունը: Մկրտիչ Ջանանն իր հուշերում վկայում է. «Ինձ Կովկասում պատմեցին մինչև անգամ, որ Լոռվա շրջանում թուրքերը կոչում են Թումանյանին «փեյզամբեր»: Եվ իսկապես, Թումանյանը հեռատես էր և պայծառատես միանգամայն»: Ս. Գորոդեցկին գրում է. «Նրա լավատեսությունը մակերեսային բարեհոգություն չէ, այլ ճշմարիտ գաղտնագիտություն: Նա ծնվել է, որ կատարի բանաստեղծի խորհրդավոր և արդի կուլտուրայի մեջ հետզհետե մոռացող կոչումը` լինել կանխագուշակ, լինել մարգարե, լինել տեսանող»:
Թումանյանն այդ հատկությունը ժառանգել էր իր ծնողներից, հատկապես մորից. «Իմ հերն ու մերը նախազգացումի, պայծառատեսության ու երազի զարմանալի ընդունակություն ունեին… Իսկ մերս մինչև օրս էլ ինձ զարմացնում է իր նախազգացումներով, իր պայծառատեսությամբ ու իր երազներով»:
Տեր Թադևոսի ընտանիքում թերևս ամենից շատ անդրանիկ որդին` Հովհաննեսն էր ժառանգել դեպքերը նախազգալու այդ հատկությունը: «Երազը իմ կյանքում» գրառման մեջ Թումանյանը վկայում է. «Չեմ սխալվիլ, եթե ասեմ` իմ կյանքում մի որևէ դեպք չի պատահած, որ առաջուց նախազգացած ու նախատեսած չլինեմ: Նախազգացած ու նախատեսած էլ որ ասում եմ, ասում եմ ոչ միայն արթուն ժամանակ, այլև քնած ժամանակ, երազում, այլաբանորեն, պատկերներով, խորհրդանշաններով»:
Թումանյանը կանխազգացել է ոչ միայն իր և մերձավորների կյանքի դեպքերը, այլև հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող պատմական իրադարձությունները:
Բանաստեղծը, գտնվելով Թիֆլիսում, 1898 թ. հունվարի 5-ին` Ջրօրհնեքի երեկոյան, Թամամշյանների սեղանի շուրջ հյուրասիրվելիս նույն պահին զգացել էր հոր` Տեր Թադևոսի մահը Դսեղում, անմիջապես վատ զգացել ու հեռացել: Ուշագրավ է, որ ամեն անգամ հորը երազում տեսնելիս մեղմանում էին բանաստեղծի դառնությունները և կանխվում էր հուսախաբությունը, ամրապնդվում հոգեբանական ինքնապաշտպանությունը: Այդպես էր, օրինակ, Պետերբուրգի բանտախցում, երբ երազում հայրը լույս ճանապարհ ցույց տվեց, և լույս ճանապարհը մեծացրեց արդարացվելու նրա հավատը: Բարի կանխազգացումները պոետը անվանում էր այն «շքեղ ու թանկ» երազներից, որոնցից յուրաքանչյուրը նրա համար «մի գեղեցիկ կյանք» արժեր: Բանաստեղծը կանխազգացել է ինչպես հոր, նաև Ղազարոս Աղայանի, Ռոստոմ Զորյանի մահը, 1921 թ. իր վիրահատությունը և դրա հետևանքները, այնպես էլ 1905 թ. Ռուսական հեղափոխությունը, հայ-թաթարական ազգամիջյան կռիվները, 1915 թ. Մեծ եղեռնը, Անդրանիկի քաղաքական վեճերը, Պյատիգորսկից Թիֆլիս եկող գնացքի վթարի ենթարկվելը (1917 թ.): Երազում տեսել է, թե ինչպես է Ռուսաստանի տափաստանների վրա արյուն թափվում: Մյուս օրը հանդիպում է ծանոթներին, վստահեցնում, որ շուտով Ռուսաստանում հեղափոխություն կսկսվի, և այնքան վստահ էր երազի հիման վրա կատարած իր կռահումներում, որ նույնիսկ գրազ է գալիս, որ «Ռուսաստանը… տակնուվրա կլինի, հեղափոխություն կսկսվի և այլն, և այլն… Չհավատացին, գրազ եկանք… էդպես էլ եղավ»:
Թումանյանի կանխազգացումները, անհանգստությունները հաճախ արտահայտվել են երազների միջոցով: Բանտախցում տեսած երազները, որոնց մեջ ամենից շատ երեխաներին էր տեսնում, օգնում էին բանաստեղծին հարմարվել բանտային կյանքի պայմաններին: Բանաստեղծը մեծ նշանակություն էր տալիս երազներին: Նրա կարծիքով, մենք տակավին կոշտ ու կոպիտ ենք, անգամ ոչ կատարյալ, քանի որ լավ չենք հասկանում մեր կանխազգացումները: «Հավատում եմ երազներին, իմ նախազգացումները երազների վրա են հիմնված»,- ասում էր բանաստեղծը:
Վստահելով իր ներքին ձայնին` Թումանյանը գրեթե միշտ ճիշտ էր կողմնորոշվում անձնական և ազգային-հասարակական կյանքի ամենաբարդ ու բեկումնային պահերին: 1912 թ. Պետերբուրգի բանտում նա պահպանում էր հոգու խաղաղությունը` վստահ, որ իրեն անպարտ են ճանաչելու և կանխազգում էր ու հավատում այնտեղ տեսած իր երազներին` մինչ դատը վստահեցնելով, որ նույնիսկ դատախազը կգնահատի իր խաղաղարար գործունեությունը:
Մինչև համաշխարհային աղետի սկսելը` 1914 թ. ամռանը, նա արդեն կանխազգացել էր աշխարհացունց աղետը, գալիք ահազարհուր դեպքերը և այդ պատերազմում հայ ժողովրդին սպասվող ողբերգությունը: «Կարելին և ցանկալին» հոդվածում Թումանյանը գրում է. «Եվ կարծում եմ այժմ, տարիներ անցնելուց հետո իմ հայրենակիցները պետք է ուրախ լինեն, որ իրանց բանաստեղծը պատերազմից դեռ շատ առաջ, էնքան ճիշտ ըմբռնած ու պարզ ասած է եղել էն ամենը, ինչ որ հետագայում կատարվեց… Ինձ առաջնորդողը եղել է բանաստեղծի կանխատեսությունը… թերևս ոմանք զարմանան, եթե ասեմ, որ պատերազմի նախընթաց ամիսներին ես էնքան պարզ էի զգում պատերազմը, որ հատուկ բանաստեղծություն ունեի, մինչև անգամ ուզում էի տպել «Նոր հոսանք» ամսագրում» (7, 466): Քանի՜-քանի անգամ Թումանյանը հանգիստ նայել է մահվան աչքերին` վստահ, որ իրեն ոչինչ չի պատահի, իր կողքով անցնող գնդակներից ոչ մեկն իրեն չի դիպչի: Այդպիսի մի կրակահերթի տակ բավականին ժամանակ հայտնվեց Թումանյանը Դիլիջանից Երևան ճանապարհին, երբ գնում էր խաղաղասիրական առաքելությամբ` դադարեցնելու քաղաքացիական կռիվները. «Մի ֆրոնտից մյուսն անցկենալու ժամանակ… ընկա երկու կողմից էլ հրացանային և պուլեմյոտային կրակի տակ-երկու անգամ, երկարատև-սաստիկ… մինչև գիշերվա կեսը մնացի դիրքերի առաջին… Ես այժմ էլ չեմ հասկանում, թե ինչպես ազատվեցի էն կրակի տակից ու էնքան կարմիր գնդակների տարափի միջից: Բայց զարմանալին էն է, որ հենց նույնիսկ էն րոպեներին` մի կողմից գլխարկս բարձրացրած ձեն էի տալիս, որ չարձակեն, մյուս կողմից մտածում էի, թե չեմ սպանվելու: Ասում էի` եթե սպանվելու լինեի` առաջուց նախազգացած կլինեի… էսքան գնդակ է գալիս ինձ վրա, և ոչ մինը չի դիպչում… Վերջապես մի կատարյալ հրաշք… Վերջապես ճշմարիտն էն է, որ կենդանի եմ»:
Թումանյանը մանրամասն հիշում և պատմում է, թե ինչպես 1915 թ. ամռան վերջերին Էջմիածնում երազում կանխազգացել է եղբոր` Ռոստոմի մահը:
Մղձավանջային երազից հետո արթնացել է և հավատալով իր կանխազգացմանը` նամակով ահազանգել է եղբորը մոտալուտ աղետի մասին: Սակայն երբ բանաստեղծը Էջմիածնից Թիֆլիս է հասնում` հույս ունենալով, որ եղբայրը, անսալով անմիջապես Թիֆլիս գալու իր խնդրանքին, արդեն Թիֆլիսում կլինի, նույն օրը ստանում է նրա սպանությունը գուժող հեռագիրը: Ճանապարհին սպանված եղբոր գրպանում բանաստեղծի նամակն էր:
Թումանյանի ինտուիտիվ ունակությունների անբաժան մասն է կազմում հեռազգացությունը (տելեպատիա)` երևույթների ընկալումը տարածության մեջ: Բանաստեղծն ուներ վեցերորդ զգայարան: Մասնավորապես, շատ մտերիմ մարդկանց հետ ունեցել է վերզգայական կապ և հաղորդակցություն: Թումանյանի հեռազգացությունը տարածվում էր և՛ հարազատների, և՛ մտերիմ, «հոգեկից» ընկերների վրա: Այդպիսի մտերիմներից էր Ղ. Աղայանը: Թումանյանի և Աղայանի զրույցներում, հոդվածներում ու նամակներում մշտապես առկա է եղել երազը` իբրև անմեկնելի ու անվախճան գոյի ակնթարթային արտացոլանք, իբրև ենթագիտակցականի առկայությունը իրական գիտակցության մեջ: Հեռազգացության, կանխազգացման և մարգարեականության հատկանիշը նրանք ձգտել են տեսնել մեծ հոգիների, տաղանդավոր ու հանճարեղ մարդանց կյանքում: Թումանյանը մտովի տեսել է, թե ինչպես հանկարծամահ եղավ Աղայանը, տեսել է հենց նույն ակնթարթին ու նույն կերպ: Երկու մտերիմ ընկերները զգում էին միմյանց կյանքի կատարվող կամ կատարված դեպքերը: Նրանց հեռազգացությունը հոգեկցության, գրական, հոգևոր երկվորյակներ լինելու հավաստումն է: 1902 թ. գարնան մի օր կեսգիշերին Աղայանը զգում է Թումանյանի վատառողջ լինելը, նրա ուշագնացությունը և անհանգստացած, թե որևէ դժբախտություն է եղել բանաստեղծին, գալիս է «գիշերվա երեք ժամին» բանաստեղծի բնակարան և դրսից` առանց աստիճաններով բարձրանալու, ձայն է տալիս. «Ա՜յ տղա, կենդանի՞ ես»: «Հա՜, ի՞նչ կա»: «Ա՜յ տղա, առո՞ղջ ես»: Իսկ առավոտյան պատմում է արդեն իր կանխագուշակ երազի մասին: Թումանյանը կանխազգացել է Աղայանի մահը: Օրը ցերեկով` Աղայանի մահվան նույն պահին, բանաստեղծն իր գրասեղանի առջև նստած հանկարծ պարզ ու հստակ տեսնում է Աղայանի վայր ընկնելը. «Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատակեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր… Ղազարոսն առջևս գետին տապալվեց… մեռավ… ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք… Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել»: Թումանյանը չարագուշակ տեսիլքի ազդեցությամբ այլևս չի կարողանում պարապել: Նա սկսում է անհանգիստ քայլել սենյակով մեկ և ներս մտած կնոջը պատմում է իր կանխազգացման և արթմնի տեսիլքի մասին: Նույն այդ պահին ներս է մտնում սարսափած որդին և գուժում Աղայանի հետ պատահածը»:
Կանխազգացումը, ներքին ձայնը, հոգու լսողությունը Թումանյանի համար եղել են ստեղծագործական մտածողության անբաժանելի ուղեկիցները: Նա ինտուիցիան համարում էր բանաստեղծական տաղանդի գլխավոր հատկություն, որը բնորոշում էր այլ եզրույթներով` «շունչ, սրբազան, սարսուռ, դող», որոնք անհնար է բառերով մեկնել: Տաղանդի երկրորդ բնորոշ, էական հատկանիշը համարում էր «կանխատեսությունը, ինտուիցիան, երևակայությունը, հարմոնիայի զգացումը»: Թումանյանի խոսքերով, հենց այդպիսի պահերին է արվեստագետը հասու լինում ստեղծագործական ոլորտների, երբ նրա մեջ «շարժվում են նրա ինտուիտիվ զգացմունքները», և երբ նրան համակում է «էն մեծ սարսուռը», ոգևորությունը, ներշնչանքը. «Ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում, և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուղիղ առաջնորդը»: Նա վստահ էր, որ ինտուիտիվ զգացմունքների ոչ կանխամտածված, հանկարծակի փայլատակումը, ոգևորության ու սրբազան դողի, հարմոնիայի զգացման հետ միասին ստեղծագործողի «արարչական վիճակի» անհրաժեշտ բաղադրիչն են, առանց որոնց արարումը հնարավոր չէ, և ոչ մի պոետ պոետ չէ. «Աստծուց հետո միայն բանաստեղծն է, որ ստեղծում է: Այո՛, շատ ճիշտ է: Աստված և բանաստեղծն են ստեղծում… Երկուսն էլ ստեղծում են ոչինչ բաներից մեծ բաներ, երկուսն էլ ստեղծում են իրանց պատկերի նման, երկուսն էլ հայտնվում են իրանց ստեղծածի մեջ… Բանաստեղծ-անհատն, իհարկե, անցավոր մարդ է. ես բանաստեղծության ոգին եմ ասում -… մի օր նա կասի իր արարչական խոսքը – թող լինի լույս – ու կլինի լույս»:
Թումանյանի կռահունակությունը, դեպքերը կանխազգալու մարգարեական օժտվածությունը չէր կարող իր դրսևորումը չգտնել գեղարվեստական երկերում: Նրան բնորոշ էր երազային պատկերների ազդեցության տակ, նույնիսկ երազում ստեղծագործելը: Այդ մասին պահպանվել են մի շարք վկայություններ: Տ. Փիրումյանը գրում է. «Գիշերները սովորություն ունի անկողնուց վեր կենալ և հանկարծ միտքը եկած տողերը գրել: Նա հաճախ ոտանավորով խոսում է նաև երազում և զարթնելիս գրի է անցկացնում»: Այն, որ Թումանյանը կարող էր երազում գտնել ամիսներով որոնվող բառն ու արտահայտությունը, մտքի ու ապրումների համապատասխան ձևը, վկայում է նաև երկու քառյակների մի ձեռագիր: Այսօր էլ Թումանյանի թանգարանում, նրա աշխատասենյակում մահճակալ-թախտի կողքին կախված է քառյակների արկղը: Կյանքի վերջին տարիներին քառյակներ գրելիս նա դրանք դնում էր այդ արկղի մեջ: Մի գիշեր նա երկու անգամ երազից հետո արթնանում է և առանց լամպը վառելու գրում է երկու քառյակ: Երկրորդ անգամ արթնանալիս չի նկատում, որ նույն թղթի վրա է գրում, և ցավոք, այդ երկու քառյակներն էլ այսօր անընթեռնելի են: Նույնիսկ ինքը` բանաստեղծը, երազում ստեղծածը չի կարողացել վերականգնել:
Թումանյանի ստեղծագործություններում կանխագուշակ երազների, հերոսների ինտուիտիվ զգացումների, երազում թե արթուն ապագայի մեջ թափանցելու, քնած ժամանակ հոգեկան ակտիվության բազմաթիվ դրսևորումներ կան: Գրողը երազների միջոցով իր երկերում նախապատրաստում էր ընթերցողին ապագա գործողությունների համար: Թումանյանի գեղարվեստական երկերում երազն ու իրականությունը հաճախ են հանդես գալիս սերտ միահյուսված: Նրա հերոսներից շատերն են օժտված դեպքերը նախազգալու ունակությամբ, շատերի երազներն են խորհրդանշական:

Առաջին անգամ տպագրվել է Գրական թերթում

Կարճ հասցե: javakhq.info/u/4376.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :