Հայկական գորգ

Հայկական գորգ
Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը:

Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը, գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը կամ գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։

Գորգագործական արվեստն իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։

Հայկական գորգարվեստը Խորհրդային շրջանում տարածում է գտել նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։ Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին Տրանսիլվանիայի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր։ 1915 թվականին Ցեղասպանությունից հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում։ Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ 1950-ականներից սկսած՝ նաև գործարաններ:

Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թվականին Շուշիում բացվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։ Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի, հայկական գորգերը պահվում են անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։

Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ:

Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թթ)։ Հայագետներ Ղափանցյանն ու Ջահուկյանը գտնում են, որ գորգ բառը պատկանում է խեթերենի բառաֆոնդին, ուր և հիշատակվում է kurka ձևով: Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին ուղղակիորեն գրում է, որ գորգ բառը հայկական ծագում ունի և նշանակում է -նախշ.: Մինչդեռ խեթերենի մասնագետ Է. Սարտիվենտն ու Պ. Ժաանը եզրակացնում են, որ խեթերեն kurka բառը նշանակում է քուռակ կամ ձիու քնփուշ:

Կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով: Դեռևս Հրաչյա Աճառյանն առաջ էր քաշել այն վարկածը, որ կապերտ բառն այլ լեզուներ է անցել հայերենի միջոցով: Մի շարք այլ լեզվաբաններ նույնպես գտնում են, որ գրաբարյան կապերտ բառը, միջին հայերենում ենթարկվել է հնչյունափոխության (բաղաձայնների դրափոխություն) և անցել այլ եվրոպական լեզուների[: Իսկ Հ. Սուքիասյանը նշում է, որ այս բառը փոխառնվել է հայերենից 13-րդ դարում, քանի որ Կիլիկիայի նավահանգիստներից հայկական գորգերն արտահանվում էին եվրոպական երկրներ: Այսպիսով, եվրոպական լեզուներն արտացոլում են ոչ թե հայերենի սկզբնական՝ «կապերտ» ձևը, այլ միջին հայերենի «կարպետ» տարբերակը։

Արաբ ժամանակագիրները վկայում են, որ կալի, խալի համ հալի բառը ծագել է Կարին քաղաքի անվանումից, իսկ Կարինը ինքնին արհեստների, հատկապես գորգագործւոոթյան խոշոր կենտրոն էր։ Արաբներն այն, հարմարեցնելով Կարնո քաղաք անվան հետ, կոչել են Քալիքալա: Աբդ ար Ռաշիդ ալ Բակուվին գրում է, որ իր գորգերով հայտնի Կարին քաղաքից, որը ռազմավարական դիրք էր զբաղեցնում Պարսկաստան և Եվրոպայի միջև, «արտահանում են քալի կոչվող գորգեր»: Իսկ 13-րդ դարի արաբ գիտնական Յակուտ ալ Համավին նշում է, որ գորգերը Քալիքալա քաղաքի արաբական կրճատված անվանումից՝ Քալի ձևից ստացել են քալի/կալի/խալի անվանումը:

Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։

Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիներն ու հայերը Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր՝ որպես տուրք:

Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը:

Գորգագործական արվեստը իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով կամ եկեղեցական հավաքածուները պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասի նվիրաբերել՝ փրկելու եկեղեցիները թալանից ու ավերումներից:

Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով։

1921 թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո Արցախում սկսվել է հայաթափման լայնածավալ ծրագրի իրականացում, որի շրջանակում կարևոր տեղ ուներ գորգը՝ մասնավորապես դրանց էթնիկական պատկանելիության հարցը։ Դա հատկապաես կանոնավոր ու ծրագրված ընթացք ստացավ 1960-70-ական թվականներից։ Բաքվից հատուկ հրահանգներով ուղարկված առանձին գործակալներ շրջում էին Ղարաբաղի հայկական բոլոր գյուղերով ու բնակչությունից հավաքում հին ձեռագործ գորգերը՝ դրանց դիմաց հանձնելով գործարաններում արտադրած նոր ու առանձնակի արժեք չներկայացնող գորգեր։ Նման «փոխանակություննե ավելի ճիշտ խաբեության և թալանի ակնհայտ դրսևորում էր։ Նաև այդպիսի քաղաքականության շնորհիվ է, որ Բաքվում ստեղծվեց գորգի թանգարան, որով Ադրբեջանն այսօր ներկայանում է աշխարհին որպես թե գորգագործական հին մշակույթ ունեցող ժողովուրդ:

Հիմնականում այս ամենի հետևանքով է, որ հայկական գորգարվեստը տարածում գտավ նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։ Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին Տրանսիլվանիայի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր։ 1915 թ. Ցեղասպանությունից հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում։ Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ 1950-ականներից սկսած՝ նաև գործարաններ:

Չնայած որ գորգը իրականում հայոց պատմամշակութային ժառանգության կարևոր բաղադրամասերից մեկն է, դրա դերն ու նշանակություն առ այսօր լիարժեքորեն ուսումնասիրված և արժևորված չէ։ Դժբախտաբար, հայոց գորգագործական մշակույթը կարևորող համապարփակ ուսումնասիրությունների բացակայությունից բացի, դեռևս չկան նաև հայոց բնորոշ գորգերի տիպաբանումներ։ Ու թեև գորգարվեստի ուսումնասիրման պատմությունն արդեն անցել է բավականին երկար ուղի, արևելյան գորգերի համակարգում հայկական գորգերը տակավին գիտականորեն կարևորված չեն։

Գորգագործությունը Հայաստանի հնագույն արհեստներից մեկն է։ Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի Ք.ա. 714 թ. արձանագրություններում նշվում է Ուրարտուում գործված կարմիր գործվածքների մասին: Ուրարտական ժամանակաշրջանին թվագրվող կարպետների պատառիկներ հայտնաբերվել են Արթիկի շրջանում, Կարմիր Բլուրում և Անիում և թվագրվում են Ք.ա. 13-րդ դար։

2007 թ. Արենի 1 քարայրում հայտնաբերվել են էնեոլիթյան և միջնադարյան մի շարք գործվածքներ։ Դրանք ունեն չափազանց լավ պահպանվածություն, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց ծագումն ու զարգացումը: Հաշվի առնելով Հայաստանիհնագույն բնակատեղիներից (Թեղուտ, Շրեշ բլուր, Շենգավիթ, Արթիկի դամբարանադաշտ և այլն) հայտնաբերված և Ք. ա. 3-2 հազարամյակ թվագրվող ոստայնանկի գործիքները, մանավանդ գորգ գործելու պարզունակ հարմարանքը, օժանդակ գործիքներն ու գործվածքները, մասնավորապես Հառիճի դամբարանադաշտից հայտնաբերված Ք.ա. 13-12 դդ. վերաբերող կարպետի մնացուկները՝ մի շարք ուսումնասիրողներ եկել են այն եզրակացության, որ Հայկական լեռնաշխարհում կային գորրգագործական մշակույթով զբաղվելու տեխնիկական և տեեխնոլոգիական հնարավորություններ, նաև անհրաժեշտ հումքային ռեսուրսներ:

Հայկական լեռնաշխարհը հարուստ էր նաև ներկանյութերով։ Դրանցից հայտնի էր հատկապես «հայկական» կոչված ներկը, որի մասին նշել են Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Պրոկոպիոս Կեսարացին և այլք։ Ք. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը նշում է, որ կովկասցիները ներկում էին բուրդը բույսերից ստացված ներկով, այնուհետև դրանից մշակում էին թել և նկարազարդում այն։ Իսկ դրա գույնը չէր խամրում ոչ ջրից, ոչ էլ ժամանակի ընթացքում:

Անտիկ դարաշրջանի հեղինակների վկայություններից պարզ է դառնում նաև, որ հին Հայաստանում գոյություն ունեցող արհեստներից՝ կավագործությունից և հյուսնագործությունից զատ լայնորեն տարածված էր նաև ջուլհակությունը: Արհեստավորական արտադրությունն ակտիվորեն արտահանվում էին հարևան երկրներ։ Այսպես, օրինակ, Հերոդոտոսն իր աշխատությունում գրում է, որ հայերը առևտուր էին անում Միջագետքի երկրների հետ՝ ապրանքներ փոխադրելով Եփրատ գետով: Ջուլհակագործությունը Հայաստանում զգալիորեն վերելք ապրեց հաջորդ, այսպես կոչված հելլենիստական ժամանակաշրջանում՝ սկսած Ք.ա. 3‑րդ դարից։ Նույն ժամանակաշրջանում զարգանում էին նաև միջազգային, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը, որոնք աներևակայելիորեն խթանեցին տարանցիկ առևտրի զարգացումը։ Վերջինս կայուն կերպով զարգանում էր նաև Հայաստանում՝ ներգրավելով երկիրը առևտրի փոխանակման մեջ հարևան և հեռավոր երկրների հետ: Արհեստավորական ապրանքների արտադրությունը շարունակվեց ընդհուպ մինչև Ք.ա. 4-րդ դարը, երբ հայ բնակչությունը, այդ թվում նաև մեծ թվով արհեստավորներ, պարսից շահ Շապուհ Բ-ի կողմից բռնի կերպով վերաբնակեցվեցին և տեղափոխվեցին Պարսկաստան: Այսպիսով, կենցաղային կյանքը, արհեստներն ու արվեստը Հայաստանում անկում են ապրում և վերածնվում միայն երկու դար անց։

Նախաքրիստոնեոկան ժամանակաշրջանի գորգարվեստին վերաբերող ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Դրա ուսումնասիրությունը կարևոր է հատկապես գորգագործության ծագումնաբաական խնդրի առումով։ Ք.ա. 5-րդ դար թվագրվող Պազիրիկ գորգը հայտնաբերվել է 1949 թ. Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից։ Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում ու այդպիսով, զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից, հասել մինչ մեր ժամանակները։ Գորգն աչքի է ընկնում գեղազարդման հարուստ համակարգով, գունային երանգների բազմազանությամբ և ամբողջական պատկերացում է տալիս 2500 տարի առաջ եղած գորգագործական տեխնոլոգիայի մասին։

Ս. Ի. Ռուդենկոն, համեմատելով այդ նմուշի և հարևան Բաշադարի կուրգանից հայտնաբերված գորգերի ու թաղիքների գեղազարդման տարրերը, նկատի ունենալով դրա գունահորինվածքային ներդաշնակ լուծումները, արդեն այն ժամանակ եզրակացրել էր, որ Պազիրիկ գորգն առաջավորասիական ծագում ունի։

Չնայած որ գորգն իր գեղազարդման ոճով լիովին համապատասխանում է ասորաուրարտական և վաղ հայկական ավանդույթներին, տարբեր ուսումնասիրողներ տարբեր կերպ են ներկայացնում դրա ծագումնաբանությունը։

Այսպես, Ուլրիխ Շուրմանն, Ֆոլկմար Գանցհոռնը և այլք գտնում են, որ Պազիրիկ գորգը գործել են Վանի թագավորությունում և որ այն պետք է վերագրել հայկական մշակույթին։ Ֆ. Գանցհոռնն այդ տեսակետը հիմնավորելու համար պատմահամեմատական ումնասիրության է ենթարկել փռյուգիական, ասորաբաբելական, վաղ հայկական կամ ուրարտական կիրառական գեղազարդման արվեստին վերաբերող սկզբնաղբյուրներն ու գորգի տեխնոլոգիական հատկանիշները, հատկապես գորգի՝ կրկնակի հանգույցով գործված լինելու փաստը։ Նա հաշվի է առել նաև Հայկական լեռնաշխարհում գորգագործական մշակույթի վաղ ավանդույթների մասին վկայող գորգի պատառիկների ու համապատասխան աշխատանքային գործիքների առկայությունը։

Այս վարկածի կողմնակից է նաև գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը, ով, հիմնվելով գորգի կառուցվածքի, ձևավորման և մոտիվների վրա, Պազիրիկ գորգը վերագրվում է վաղ ուրարտական կամ վաղ հայկական շրջանին։

Պազիրիկ գորգի ծագումը Հայկական լեռնաշխարհի հետ կապելու հարցում վերը նշված հիմնավորումների հետ միասին կարևոր փաստ է նրա կարմիր ներկանյութում արարատյան դաշտի որդան կարմիրի առկայությունը, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները:

Շարունակելի:

Նկարում՝ 17-րդ դարի հայկական գորգ
Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%B8%D6%80%D5%A3
Կարճ հասցե: javakhq.info/u/4371.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :