Ինչպես է լուծարվելու Կրթության ազգային ինստիտուտը. մանրամասներ

Ինչպես է լուծարվելու Կրթության ազգային ինստիտուտը. մանրամասներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Հարցն ընդգրկված էր հունիսի 27-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

«Թույլատրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես լիազոր մարմին) ենթակայության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` Ընկերություն)` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող` 3036.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և սեփականության իրավունքով իրեն պատկանող 185492.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով /շենք, շինություններ/՝ վճարել ընկերության կողմից տեղաբաշխված (գտնվելու վայրը` ք.Երևան, Տիգրան Մեծի 67 ) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 63962220 ՀՀ դրամ (վաթսուներեք միլիոն իննը հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր քսան) արժեքով՝ 2345 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերից յուրաքանչյուրը՝ 27276 դրամ անվանական արժեքով (այսուհետ՝ Գույք), 891 հատ բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը»,- նշվում է որոշման մեջ: 

Ընկերությանը ամրացված անշարժ գույքը հետ կվերցվի և կհանձնվի պետական գույքի կառավարման կոմիտեին: Իսկ Կրթության ազգային ինստիտուտը 
օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունը կլուծարվի:
Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով եռամսյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով մեկական անդամներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեից՝ երկու անդամ (հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար):
Ընկերության լուծարումից հետո Ընկերության մնացած գույքը /անշարժ և շարժական/ անհատույց ամրացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Լուծարվում են նաև Կրթության ազգային ինստիտուտի տարածքային կառույցները: Որոշման նախագծում որևէ բառ անգամ չկա, թե ինչ ճակատագիր են ունենալու Կրթության ազգային ինստիտուտի մոտ 400 աշխատակիցները: Նրանք փաստորեն դառնում են գործազուրկ: ԿԱԻ-ի լուծարման մասին խոսվում էր վաղուց: Այս ուղղությամբ քննարկումները սկվել էին դեռևս նախորդ իշխանության օրոք, որը, փաստորեն ավարտական տեսքի հասցվեց հեղափոխական իշխանության կողմից:
Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգում ծրագրային մշակումների իրականացնող օղակն էր համարվում, կարելի է ասել` հանրակրթության ոլորտի ուղեղային կենտրոնն էր: Այս կառույցն իրականացնում էր մանկավարժների վերապատրաստումն, դասագքրերի և կրթական ծրագրերի փորձաքննություն, հանրակրթական ծրագրերի վերլուծություն և այլն:
Այն, որ ԿԱԻ-ը որակյալ աշխատանք չէր կարողանում կատարել և այս առումով կային օբյեկտիվ դժգոհությունենր` փաստ էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ԿԱԻ-ի վրա դրված գործառույթներն այս պահին բաց են մնում, և դեռևս պարզ չէ, թե արդյոք կառավարությունը կարողանալու է ավելի որակյալ և գործուն կառույց ստեղծել:
Նախկին ԿԳՆ-ն ամիսներ առաջ պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ ԿԱԻ-ն վերակազմակերպվելու է և ուեննալու է այլ իրավական կարգավիճակ: Ըստ ամենայնի խոսքը Կրթության հիմնադրամ ստեղծելու մասին է, որտեղ կկենտրոնանան մի քանի կրթական այլ կառույցներ ևս: Տեղեկություններ կան նաև, որ փորձաքննության և ծրագրերի ստեղծման գործառույթը կտեղաբաշխվի բուհերի հետազոտական կենտրոններին, իսկ նորաստեղծ կրթական հիմնադրամը կունենա ավելի փոքրաթիվ աշխատակազմ: Հատկապես այս փուլում, երբ կրթական գերատեսչությունը նախաձեռնել է կրթական չափորոշիչները փոփոխելու ծավալուն գործընթաց, ԿԱԻ-ի նման հզոր կառույցի լուծարումն ամեն դեպքում խորհրդանշական է, հատկապես որ պարզ չէ, թե ինչ է ստեղծվելու դրա փոխարեն:
Ի դեպ, հետաքրքիր է իմանալ` ինչ ճակատագիր է սպասվում Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող ԿԱԻ-ի շենքին:

Հայկ ԴԱՎԹՅԱՆ

Կարճ հասցե: javakhq.info/u/4363.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :