Մեզ դաստիարակող հեռուստաեթեր է պետք

Մեզ դաստիարակող հեռուստաեթեր է պետք

Ուշի ուշով հետեւում եմ նոր իշխանությունների` կրթադաստիարակչական մոտեցումներին, փնտրուքներին ու դեգերումներին: Նրանցից, իհարկե, առանձնանում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որն իր պաշտոնավարման սկզբից անընդհատ խոսում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացման մասին, թեպետ մարդկանց պաշտոնանկ անելուց բացի դեռեւս դրական բան չենք տեսել: Այդ ճանապարհին նվազ դրվատելի քայլերի կողքին նախարարը հասցրեց անել այնպիսի բաներ, որոնք, մեղմ ասած, հարիր չէին ոչ մի նախարարի: Ինչեւէ, չանդրադառնանք դրան: Խոսենք կրթության մասին:

Նախ` ի՞նչ ենք հասկանում կրթություն ասելով, մանկապարտե՞զ, դպրո՞ց, քոլե՞ջ, համալսարա՞ն, ինչպես տեսնում ենք` այո, հուսամ` կրթության որակի բարձրացում ասելով էլ` պաշտոնանկություններ նկատի չունեն: Ես կարծում եմ, որ պարապուրդի չմատնված որեւէ մարդկային ուղեղ գտնում է, որ քաղաքացու, մանավանդ մատաղ սերնդի, կրթության ու դաստիարակության համար պետական կրթական համալիրներից բացի կարեւոր կռվան է, օրինակ նաեւ հենց հեռուստաեթերը, որի մասին էլ ցանկանում եմ խոսել:

Նախարարը կամ նրա խորհրդականները կրթական բարեփոխումների մասին խոսելիս երբեւէ չե՞ն մտածել հայկական հեռուստաեթերի մասին: Ի՞նչ կրթական բարեփոխումների մասին է խոսքը, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերություններով, բացառությամբ «Շողակաթի», անգրագիտություն, թշնամանք ու անբարոյականություն է ծորում:

Արայիկ Հարությունյանը, որպես հին բարքերի մերժող, պետք է որ արդեն քայլեր ձեռնակած լիներ` հեռուստաեթերի մաքրման ուղղությամբ: Քանի որ դժվար է պատկերացնել մի սերունդ, որի տաս-տասնհինգամյա ներկայացուցիչը դպրոցում մի քանի ժամ պարապելուց հետո տուն գալով եւ հեռուստացույց դիտելով, կարող է կրթված լինել, եթե, իհարկե, մենք կրթվածություն չենք համարում անտակտությունն ու գռեհկությունը:

Տարիներ շարունակ հեռուստաեթերն ուղղակի ոչնչացրել է մեր ազգային կողմնորոշվածությունը, մարդիկ այլեւս տարակուսում են` իրենք հա՞յ են, թե՞ Հայաստանի քաղաքացի, ա՞զգ են, թե պետությո՞ւն: Ցավոք արդեն շարժում կա` հայից հայաստանցու վերածվելու: Եւ սրա մեծագույն մեղավորներից մեկը հեռուստաեթերն է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո հասել է կատարյալ սանձարձակության ու միջակության: Անցյալ դարավերջին սկիզբ առած բարոյական անկման արշավին մասնակցելն այսօր հեռուստաընկերությունների` մրցակցությունից դուրս չմնալու միակ միջոցն է դարձել: Մանավանդ վերջին տասնամյակում անճանաչելիորեն փոխվել է ցուցադրվող հաղորդումների ու ֆիլմերի ձեւաչափը. Այնտեղ մաքուր հայերեն չեն խոսում:

«Հ1»-ը կարծես` ներկարարական արհմիություն լինի եւ արդեն երեք տասնամյակ, նախանձախնդրորեն վարդագույնով զմռսում է իշխանություններին: Հանուն արդարության պետք է նշել, որ այդտեղ հայերենը շատ թե քիչ կենդանության նշույլներ է ցույց տալիս:

«Կենտրոնը»` նմանապես ներկարարական արհմիություն է, պարզապես այնտեղ ներկի պատվիրատուն մի մարդ է, ոչ իշխանական խումբ:

«Արմենիան» ավելի շատ լծված է հայոց լեզուն ապականող, ծաղրող ու նսեմացնող սերիալների արտադրության: Այն կարելի է համարել նաեւ հնդկական սերիալների մագնատ հեռուստաընկերություն: Այդ ալիքով կարելի լսել նմանատիպ նախադասություն` «ադվակատին յուվիլերն ա սպանել» (բայց ոսկերիչը կարող էր շատ հանգիստ ու անշտապ սպանել փաստաբանին), կամ` «չուլկի», «կալգոտկա», «բիգուձի», «համբալ», «տվար» եւ նմանատիպ այլ բառեր:

«Հ2»-ում առհասարակ հայերեն ոչ մի ֆիլմ գտնել հնարավոր չէ, թեպետ, մեր օրենքը պահանջում է` եթերում վեր պահել հայերենը:

«5-րդ ալիքը» դեռ նոր է մտել ասպարեզ, նվազագույնը կարելի է նշմարել, որ այստեղ բացակայում է լուրջ մշակույթի արծարծումը, նաեւՙ բազմակարծությունը:

«Երկիր մեդիան» էլ «Հ2»-ի պես, ֆիլմերի ցուցադրությունն իրականացնում է ռուսերենովՙ կրկին խախտելով Լեզվի մասին օրենքը:

«Շանթի» մասին առհասարակ խոսելս չի գալիս, մեր «ամենատարեց» հեռուստաընկերություններից մեկն է, բայց «երեկվա երեխայի» պես է պահում իրեն: Նա էլ չի զլացել եւ չի զլանում` հնարավորինս աղավաղելու հայոց լեզուն: Նախորդ տարի սկիզբ առած «Վումնս Կլուբը» խոսքերիս ամենզորեղ ապացույցն է: Այդ հաղորդումն ուղղակի խայտառակություն է: Զարմանում եմ, որ միչեւ հիմա ոչ մի լուրջ քննադատության չի արժանացել այդ հաղորդումը: Այդ շոու կոչվածի ընթացքում կարելի է լսել հայհոյանքներ, սեռական տեսարանների պատկերավոր ներկայացումներ, ոչ եթերային, անճոռնի շարժուձեւ: «Բդել», «շինել», «սուկա», «քամակ», «սեքս».... այս բառերն այդ շոու ծրագրի անքակտելի բարեկամներն են: Այդ ամենին զուգակցված, որպես թիրախ, հանդիսատեսին ծիծաղ պարգեւելու լավագույն միջոց ընտրված է հայկական ավանդական արժեքները, մեր դարավոր նիստ ու կացը, բարքերը ծաղրելը: Տպավորություն է ստեղծվում, որ «Շանթն» ուղղորդված կերպով ծաղրում է հայկականությունը:

Մյուս ալիքները բացառություն չեն, ամեն ինչ պետք է վերանայվի, խմբագրվի ու սրբագրվի, եթե, իհարկե նոր իշխանությունն ունի համապատասխան խմբագիրներ ու սրբագրիչներ:

Այ սա, իրո՛ք, ուշադրության արժանի խնդիր է, քանի որ, եթե կիրթ ու դաստիարակված քաղաքացի ենք ուզում մեծացնել, պետք է այնպես անենք, որ մեր տղան կամ աղջիկը դպրոցում Պապ թագավորի մասին լսելուց հետո, տանը եթերով չլսի այնպիսի նախադասություններ, որոնք, ինչպես ժողովրդական առածն է ասում` քառ ընջակավըրը, լըսի վըչ (Խուլ ականջ ունեցողը չլսի):

Սրա վրա պետք է լուրջ աշխատել: Հասկանալի է, մեկ օրում, կամ մեկ ամսում հնարավոր չէ նման ծավալի աղբը մաքրել, բայց եթե այս ամիսների ընթացքում ԿԳ նախարար Արայիկը եկեղեցու դեմ «արիաբար» մարտնչելուց ու սեփական սկզբունքներին տուրք տալով դպրոցի տնօրեններ ու ուսուցիչներ պաշտոնանկ անելու փոխարեն զբաղված լիներ սրանով, արդեն ահագին բան փոխված կլիներ:

Կարծում եմ` առաջին լուրջ անելիքն այդ ուղղությամբ` Ազգային ժողովում բարձաձայնելն է, քննարկելն ու համապատասխան ձեւաչափով պետական կնիքով, հարկադրող, պետության քաղաքացու դաստիարակությանը նախանձախնդիր թղթածրար ստեղծելն է: Ի դեպ, սա ավելի կարեւոր քայլ է, քան` հիմնի փոփոխությունը, դրոշի վրա խաչ պատկերելն ու մայրաքաղաքը տեղափոխելը:

Հուսով եմ` տողերս անարձագանք չեն մնա: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ սեփական առաջարկներով հանդես գալ, չնայած` ինձանից ավելի լավ առաջարկ անող շատերին գիտեմ:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Աղբյուրը՝ «ԱԶԳ» 02․22․2019

Ծաղրանկարը՝ Toto-ի

Կարճ հասցե: javakhq.info/u/4327.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :