Լույս է տեսել վրացի գրող Մորիս Փոցխիաշվիլու հետ Հարություն Հովնաթանի հեղինակած զրույցների ժողովածուն

Լույս է տեսել վրացի գրող Մորիս Փոցխիաշվիլու հետ Հարություն Հովնաթանի հեղինակած զրույցների ժողովածուն

Հունիսի 30-ին ծնունդով ջավախքցի գրող, թարգմանիչ Հարություն Հովնաթանի գրքի շնորհանդեսն էր: Վերջերս լույս է տեսել նրա զրույցների ժողովածուն վրացի գրող Մորիս Փոցխիշվիլուն, որը կոչվել է «Հոգին հոգու հետ»:

Գրող, թարգմանիչ Հարություն Հովնաթանի դերը նշանակալի է հայ-վրացական գրական ստեղծագործական կապի կայունացման և զարգացման գործում: Ունի զրույցներ ու հարցազրույցներ Իոսիբ Նոնեշվիլու, Նոդար Դումբաձեի, ինչպես նաև արդեն Մորիս Փոցխիշվիլու հետ:

«Կա մարմնավոր կյանք, կա հոգևոր կյանք: Սա հոգիների հաղորդակցություն է, մենք խոսում ենք հոգիների լեզվով: Գտնվում ենք հոգևոր դաշտում: Աստված հոգին չափով չի տալիս, իսկ մարմինը չափի մեջ է: Հոգին չի ճանաչում ոչ սահման, ոչ չափ և ոչ էլ ժամանակ»,- բացատրում է գրողը «Հոգին հոգու հետ»-ի նրբերանգները: 
«Ջավախք ինֆո»-ի հարցին, թե թարգմանիչն այդքան հայտնի գրողներից ինչու է ընտրել հենց Մորիս Փոցխիշվիլուն, Հարություն Հովնաթանը պատասխանում է. «Նա շատ տաղանդավոր է, ավելի մարդասեր է, քան շատ շատերը, զտարյուն վրացի է, ազգայնամոլ չէ, ճշմարիտ հայրենասեր է և մեզ էլ հարգում ու սիրում է: Հայերի հետ կապված մարդ է»: 
Նա նաև իր խոսքում նշեց, որ Մորիսը և Համո Սահյանը շատ մտերիմ են եղել և առանձնահատուկ վերաբերմունք ունեցել միմյանց հանդեպ, միշտ հարցրել ու հետաքրքրվել են միմյանց մասին հենց Հարություն Հովնաթանի միջոցով, մեծ կապվածություն է եղել Սահյանի և Փոցխիշվիլու միջև: Սա Հովնաթանի համար նույնպես խթան է հանդիսացել ստեղծագործությունների և հեղինակի ընտրության հարցում:

Համո Սահյանը և Մորիս Փոցխիշվիլին են մեզ այսօր այստեղ միացրել` նշեց թարգմանիչը: 
Հարություն Հովնաթանի աշխատանքը ողջունելու և հոբելյարի 80 ամյակը շնորհավորելու էին եկալ ծնունդով ջավաքցի մի շարք գրողներ, հրապարակախոսներ և այլ անձինք:
Գրող, հրապարակախոս Թորոս Թորանյանն իր շնորավորանքի խոսքում նշեց, որ Հ.Հովնաթանը Հայաստանում ներկայացնում է Վրաստանը, Վրաստանում` Հայաստանը: Բանասիրության դոկտոր Դավիթ Գասպարյանն էլ ասաց, որ Հարությունը «ծալել և մի կողմ է դրել թույլ ու մույլ բանաստեղծություններ գրելը և սկսել զբաղվել իսկական գրականությամբ»: 
Շնորհավորողների թվում էր նաև հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա մի դրվագ պատմեց Հ.Սահյանի կյանքից, որ վարպետն ուներ շատ հետաքրքիր բնավորություն, ենթադրենք` նստած էին երեք մտերիմ ընկերներով, և բավական է հայտնվեր մի օտար մարդ, քար լռություն էր պահպանում Սահյանը, այլևս չէր խոսում, եթե անգամ սեղան էին նստած, հաց չէր ուտում, ոչ էլ խմում: «Բռավո քեզ, որ կարողացել ես վարպետին այդքան խոսեցնել»,- նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը: 
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Արտաշես Արան, ով առանձնացրեց հանգամանալից ու արվեստագետի համար անչափ կարևոր մի փաստ: 
«Հարցազրույց վարելու մեջ մի շատ նուրբ բան կա, բոլորս էլ գիտենք, որ մարդ արարածը դժվար է բացվում, ուր մնաց մեծերի պարագայում, երբ նրանք կարող են վստահել կամ չվստահել, իսկ այս պարագայում բոլոր հարցազրույցներում դա գալիս է Հարություն Հովնաթանի կուլտուրայից, ներքին էներգիայից, մշակույթից, քանի որ և Հ. Սահյանը, Մ.Փոցխիշվիլին վստահել են նրան, ընդունել են որպես մերձավորի: Մշակույթն այնպիսի բան է, որ մի ժամ մի վայրկյան աչքաթող արեցիր կրակը հանգելու է, իսկ Հ.Հովնաթանը կրակը վառ պահողներից մեկն է»,- ասաց նա:

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը Հ. Հովնաթանին շնորհեց Հովհաննես Թումանյանի անվան շքանշան: 
Հարություն Հովնաթանը ծնվել է 1937 թվականին Ախալցխայի շրջանի Սու‎ֆլիս գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրողների միությունում։ Եղել է Մասիսի «Նոր ուղի» շրջանային երկլեզվյան՝ հայերեն և ադրբեջաներեն թերթի գլխավոր խմբագիրը։

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4293.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :