Լույս են տեսել վրացի բանաստեղծ Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» և «Պրեզիդենտի կատուն» գրքերի հայերեն թարգմանությունները

Լույս են տեսել վրացի բանաստեղծ Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից»  և «Պրեզիդենտի կատուն» գրքերի հայերեն թարգմանությունները

 Լույս է տեսել վրացի բանաստեղծ, արձակագիր Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից»  գրքի հայերեն թարգմանությունը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում՝ «Գրական տապան» ծրագրի շրջանակներում:

  Հիշեցնենք, որ Գուրամ Օդիշարիայի մեկ այլ գրքի՝ «Պրեզիդենտի կատուն» վեպի շնորհանդեսն էլ տեղի էր ունեցել Երևանում`սեպտեմբերի 26-ին: 

 «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդեսին ներկա էին հայ և արտասահմանցի գրողներ, ինչպես նաև Հայաստանում վրաստանի դեսպանատան և Հայաստանի Հանրապետությունում «Իվերիա» վրացական համայնքի ներկայացուցիչները: 

 Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նախ ողջունեց «Գրական տապան» միջազգային փառատոնի մասնակիցներին, ապա նշեց, որ Գուրամ Օդիշարիայի գրքի շնորհանդեսի վայրը պատահական չի ընտրվել. «Ես գիտեմ, որ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը կապված է եղել վրաց գրականության, մասնավորապես Գամսախուրդիայի հետ: Իսահակյան գրադարանի տնօրենի հետ որոշեցինք այստեղ անցկացնել շնոորհանդեսը և մեր ընկերոջ՝ Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակները» այստեղից ուղարկել աշխարհի բոլոր ծայրերը: Կարծում եմ, որ ներկա գտնվող գրողներից յուրաքանչյուրն էլ իր հետ մի նամակ կտանի», -ասաց Է. Միլիտոնյանը: 

«Կարդալով այս գիրքը՝ հայ ժողովուրդն ավելի լավ կճանաչի վրաց ժողովրդին և վրացու հոգին, մենք ոչ միայն հարևաններ, այլ նաև  եղբայրներ ենք», -հանդիպման ընթացքում նշեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանի խորհրդական Նինո Ափցիաուրին:

Հանդիպման ընթացքում ընթերցվեցին հատվածներ Գուրամ Օդիշարիայի «Չնթերցված նամակները» գրքից:

Գուրամ Օդիշարիայի Սուխումին նվիրված բանաստեղծություններից մեկի ընթերցմամբ սկսեց իր խոսքը հայ բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր,  «Չուղարկված նամակներից» գրքի թարգմանիչ Գագիկ Դավթյանը. 

«Այս գիրքը մի գիրք-կինոֆիլմ է, որն սկսվում է դահլիճի տեսք ունեցող մի բանաստեղծությամբ, որը կոչվում է «Դահլիճ-հարցաթերթիկ»: Էջ առ էջ Գուրամ Օդիշարիան բացում է իրեն, իր ներաշխարհը» :

Գրքի հեղինակը շնորհակալություն հայտնեց թարգմանչին, խորքային թարգմանության, իր հույզերը հայ ընթերցողներին հայերենով փոխանցելու համար. «Ես ու Գագիկը շուրջ 30 տարի է, որ ճանաչում ենք միմյանց, դեռ այն ժամանակվանից երբ սև մազերով էինք: Իմ գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով, սակայն «Չուղարկված նամակներից»  գրքի հայերեն տարբերակը Գագիկի թարգմանությամբ այն եզակիներից է, որը, ինչպես վրացերենում, այնպես էլ հայերենում ուղեկցվում է իմ հույզերի ու զգացմունքների արտահայտմամբ», -նշեց վրացի բանաստեղծ  Գուրամ Օդիշարիան:

Վրացի բանաստեղծ, արձակագիր Գուրամ Օդիշարիան ծնվել է 1951թ. Սուխուﬕում: Սուխուﬕ պետական համալսարանն ավարտելուց հետո որպես լրագրող աշխատել է քաղաքային ռադիոյում և տարբեր թերթերում: 1987-1994թթ. եղել է գրական-հասարակական «Ռիծա» հանդեսի գլխավոր խմբագիրը: 2012-2014թթ. Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարն էր: Հեղինակ է 20-ից ավելի բանաստեղծական և արձակ գրքերի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 16 լեզուներով: Գրական տասը մրցանակի դափնեկիր է:

Հերմինե Կարապետյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4289.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :