Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու 170 ամյակը և տուն-թանգարանի բացումը

Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու 170 ամյակը և տուն-թանգարանի բացումը

Օգոստոսսի 27-ին Ջավախքի Կարծախ գյուղը մարդաշատ էր։ Կարզախ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, որն էլ ազդարարեց Ջիվանու 170 ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը։ Այս տարին տարբերվեց մնացած բոլոր տարիներից, քանի որ վերջապես Ջիվանու հայրեին Կարծախ գյուղում վերակառուցվեց և բացվեց Ջիվանու տուն թանգարանի ցուցասրահը։ Աշխարհի տարբեր երկրներից և քաղաքներից, ինչպես նաև Ջավախքի տարբեր շրջաններից ժամանած հարյուրավոր մարդիկ, որոնք լույսը բացվելուն պես հավաքվել էին թանգարանի դիմաց, անհամբեր սպասում էին թանգարանի պաշտոնական բացմանը, որից հետո միայն կարողացան ծանոթանալ վերանորոգված ցուցասրահին և հավաքագրված նմուշներին։ 

Ախալքալաքի շրջանիային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքով, օրը պատմական նշանակություն ունի ամբողջ հայության և ջավախահայության համար. «Երբ Կարծախ գյուղում վերանորոգվեց Սուրբ Կարապետ եկեղեցին, միտք առաջացավ հաջորդիվ վերանորոգել Ջիվանու տուն-թանգարանը, որտեղ նա ծնվել և կայացել է որպես աշուղ։ Ջիվանին այն մեծություններից է, ով իրավունք ունի այսպիսի տուն-թանգարան ունենալ։ Թանգարանի բացումը մեծ նշանակություն ունի ոչ միայն համայնքի, այլև ամբողջ հայության համար»։

Ջավախքին աջակցություն հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը նախ շնորհավորեց բոլոր ջավախքահայերին, նորօրյա պատմության մեջ Ջավախքում առաջին թանգարանի բացման կապակցությամբ: «Տուն-թանգարանը կունենա մշտական աշխատող և յուրաքանչյուր օր կընդունի աշխարհի տարբեր երկրներից ժամանած մշակութասեր հասարակությանը», -տեղեկացրեց Սոս Սահակյանը։

Ջիվանու տունը թանգարան դարձնելու նպատակով ՋԱՀ-ին է տրամադրել Ջիվանու ծոռ Սպարտակ Բանգոյանը։ Թանգարանի բացումը ազդարարող ժապավենը կտրելու պատվին արժանացան Սպարտակ Բանգոյանը, ՋԱՀ-ի նախագահ Սոս Սահակյանը և Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը։ Պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ նաև տուն-թանգարանի օծման արարողությունը։ 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտքարտուղար,  երաժշտագետ արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը ծանոթացրեց թանգարանում տեղ գտած ցուցանմուշներին։ Նրա խոսքով,  ցուցասրահը համալրելը շատ դժվար է եղել, քանի որ ի սկզբանե Ջիվանիից եղել է ընդամենը 9 նկար, սակայն մնացել էր ամենակարևորը՝ Ջիվանու տունը։ «Ցավոք, անձնական իրերը չեն պահպանվել, այդ իսկ պատճառով մենք հանգամանորեն ուսումնասիրեցինք Ջիվանու գործունեությունը, որպեսզի կարողանանք ազգային սեփականություն դարձնել աշուղի տառապանքով ու փառքով լի ուղին»,-նշեց նա։

 

Թանգարանին ծանոթանալուց հետո հավաքվածները տեղափոխվեցին գյուղի հարակից բարձունք, որտեղ սկսվեց միջոցառման համերգային մասը։  Միջոցառմանը ներկա էին հյուրեր Հայաստաից և Վրաստանից, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, գրողներ, երաժիշտներ, ինչպես նաև պարային համույթներ, որոնք իրենց ելույթներով, երգով, պարուվ ու ասմունքով գեղեցկացրին միջոցառումը։

Տարին նշանավորվեց նաև աշուղ Լեյլիի և Աշուղ Ալիքի մրցույթով, որտեղ չկար պարտվող։ Աշուղի շունչը, աշուղական ոգին, իրերն ու ստեղծագործությունները մեկտեղվել էին թանգարանի ցուցասրահում։ Աշուղ Լեյլին և աշուղ Ալիքն էլ հանդես եկան աշուղ Ջիվանիին և Ջավախք աշխարհին նվիրված երգերով։

Միջոցառման ավարտին Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը հայտարարեց, որ արդեն նվիրատվություններ են արվել թանգարանի երկրորդ մասի վերականգման համար և աշխատանքները չեն դադարեցվի։ «Սկսելու ենք վերանորոգել հին տան հատվածը, կահավորել այդ ժամանակին հատուկ հին կահույքով, աշխատանքները շարունակվում են նաև բովանդակային իմաստով, քանի որ ցուցասրահի համար իրեր հավաքագրելու ընթացքում հասկացանք, որ ամեն օր նոր Ջիվանի է բացահայտվում։ Ջիվանին մինչև վերջ ուսումնասիրված չէ, կան բազմաթիվ անհայտ գործեր, որոնք կվերականգնենք և կյանքի կկոչենք»,,-նշեց նա և հավելեց, որ թանգարանը կհետաքրքրի հատկապես երիտասարդ աշուղագետների և գրաանագետների, ինչպես նաև ամբողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկների։

Միջոցառման ավարտը պայմանական էր, քանի որ երգը, պարն ու ուրախությունը շարունակվեց յուրաքանչյուր կարծախցու տանը։ 170 տարի անց Ջիվանին շարունակում է ապրել և ուրախացնել իր համագյուղացիներին և ամբողջ հայ ազգին։

Հերմինե Կարապետյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4286.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :