Ջավախքը 50-րդ անգամ տոնեց Տերյանի պոեզիայի օրը

Ջավախքը 50-րդ անգամ տոնեց Տերյանի պոեզիայի օրը

Վաղ առավոտից հոծ բազմություն էր հավաքվել Ջավախքի Գանձա գյուղի հարակից սարադաշտում, որտեղ ավանդույթի համաձայն ամեն տարի, հուլիսի վերջին կիրակին նշվում է Վահան Տերյանի պոեզիայի օրը: Այս տարի հուլիսի 31-ին Ջավախքը 50-րդ անգամ տոնեց Տերյանի պոեզիայի օրը և նրա 131 ամյակը: 

Ջավախքցիների կոչած «Տերյանականը» Ջավախքում իրականացվող ամենասիրված և սպասված միջոցառումներից մեկն է: Օրը տոն է հատկապես մանուկների համար, ովքեր այս ու այն կողմ են վազվզում քաղցրավենիք և խաղալիքներ գնում առևտրականներից:  

Խորովածի և այլ տեսակի ուտելիքների հոտերից գլխապտույտ՝ շրջանցում կատարելով հասնում ես մի հսկայական, թեժ առևտրի կենտրոն, որտեղ վաճառվում է գրեթե ամեն ինչ: Առևտրականները վաղ առավոտից գալիս են՝ մի մասը վրաններ խփում, մի մասն էլ բացօթյա  ապրանքների ցուցադրություն կազմակերպում՝ ջանք ու եռանդ չխնայելով կարողանում են ապրանքները վաճառել կրկնակի գներով: Մի կողմից՝ մշակութային ցերեկույթ, մյուս կողմից՝ կերուխում և երգ ու պար: Առաջին հայացքից մի փոքր դժվար համադրելի իրավիճակներ են, միևնույն ժամանակ հասարակության զգալի զանգվածի համար՝ հոգեհարազատ և սպասված: 

Կեսօրին սկսվեց միջոցառման երկար սպասված մշակութային հատվածը: Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Նա նշեց, որ շնորհիվ Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերությունների, Վրաստանում՝ Նինծմինդայում ապրող բոլոր հայերի ջանքերի, Տերյանական պոեզիաի օրը տարեցտարի զարգանում և էլ ավելի մեծ թափ է առնում՝ լցնելով Գանձայի սարադաշտը նրա պոեզիայի երկրպագուներով:

Միջոցառմանը հանդես եկան մի քանի գյուղեր ներկայացնող պարային համույթներ, այդ թվում՝ Գանձայի «Գանձեր» պարային համույթը, Մեծ Արագյալի «Աստղիկները» և այլն: 

Երգեցին հայկական ժողովրդական երգեր, ասմունքեցին Տերյան: Տերյանի մի քանի ստեղծագործությունների թարգմանություններ ասմունքեց Վրաստանի գրողների միության հայկակն մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը Անահիտ Բոստանջանը: «Տերյանը մեզ միավորում է և դաս է տալիս այնպես, ինչպես բոլոր մեծերը, Տերյանը մեզնից պահանջում է լինել մարդ, սիրել հայրենիքը, պայքարել հայրենիքի լավ օրվա համար, ցավալ հայրենիքի վատ օրվա համար և անել ամեն հնարավորը, որ հայրենիքն ամուր մնա, Տերյանը մեզ սեր է քարոզում»,- ասաց Անահիտ Բոստանջյանը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ մեր օրերում մենք Վահան Տերյանի կարիքն ունենք ավելի քան երբևէ. «Մեկտեղվել ենք վերստին ոչ միայն զմայլվելու նրա ներշնչանքներով, նրա անզուգական գեղագիտությամբ, նաև հավաքվել ենք ապավինելու նրա խոսքին, պատգամներին: Մեր երկրում այս օրերին կրկին անհանգստություն կա և ըստ այդմ էլ Վահան Տերյանի հարյուրամյա մտահոգությունները՝ կապված մեր երկրի, ժողովուրդների հետ, կրկին նորոգվել են, մի տարբերությամբ միայն, որ հարյուր տարի առաջ մենք ունեինք Տերյան,  այսօր, ցավոք, չունենք այդպիսի մեկը, ում խոսքը մեզ հույս ու հավատ կներշնչի: Ահա թե ինչու տարիների ու տասնամյակների մեջ Վ Տերյանն ավելի է թանկանում ու ավելի նվիրական է դառնում մեզ համար»,- ասաց նա:

Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանն իր խոսքում նշեց, որ իրենք ոչ մի ջանք չեն խնայում, որպեսզի այս տոնը լինի մշտական, և պահպանվի  թանգարանը, որն արդեն իրավաբանական անձի կարգավիճակ և զարգանալու լայն հնարավորություն ունի:

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4279.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :