Գայանե Մուրադյան. «Սահմանները, քաղաքագետները և մնացածն ավելորդ են...»

Գայանե Մուրադյան. «Սահմանները, քաղաքագետները և մնացածն ավելորդ են...»

Իրավաբանություն. շատերը երազում են այս մասնագիտության մասին, իսկ Գայանեն այն փոխարինել է մշակույթով և արվեստով։ Որովհետև նա գիտակցում էր, որ մարդը երջանկություն է գտնում այն աշխատանքի մեջ, որը հոգեհարազատ է իր էությանը։  

Գայանե Մուրադյանը ծնվել է Մոսկվայում։ Ծնողները ծնունդով Ախալքալաքի շրջանի Ղադոլար  գյուղից են։ «Մանկության տարիներին ամեն տարի գնում էի Ախալքալաք։ Այնտեղ են իմ տատիկն ու պապիկը և շատ հարազատներ։ Ամռանն իմ մանկությունն անցնում էր Ղադոլարում։ Շատ հիշողություններ ունեմ»,- պատմում է Գայանեն։ Նա ավարտել է Օ.Ե.Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան։ 3 տարի աշխատել է իր մասնագիտությամբ, սակայն զգացել է, որ ցանկանում է իրեն դրսևորել այլ միջավայրում, որն ավելի համապատասխան է իր նախասիրություններին։ Սկսել է ուսումնասիրել ազգային պարերը։ Հայկական պարերի մեջ տեսնում է թախիծ, տառապանք, ավելի նախընտրում է պարել գնչուական և վրացական պարերը, որովհետև դրանց մեջ ազատության, համարձակության, լավատեսության շունչ է նկատում։ Գայանեն պարել սկսել է 10 տարեկանից, երբ հաճախել է բալետի դասընթացների։ Այժմ պարում է տարբեր ազգային պարեր, անընդհատ փորձում է սովորել նորը։ Սակայն, նա ոչ միայն պարում է, այլև սովորեցնում է մյուսներին։ Բեմադրում է զանազան պարեր՝ աշխատելով տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ։ Այն հարցին, թե ինչպիսի վերաբերմունք ունի թուրքերի նկատմամբ՝ Գայանեն պատասխանում է. «Ես դիրքորոշում չեմ ունենում ընդհանուր ազգի մասին՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպես են վերջինիս ներկայացվում հեռուստատեսությամբ։ Ես կարծիք եմ կազմում անհատների մակարդակով»։ 

Ի դեպ, Գայանեն չբավարարվելով միայն պարերի բեմադրումով, սկսում է զբաղվել նաև ազգային հագուստների մոդելավորմամբ։ Սովորում է դերձակություն և ինքն է պատրաստում անհրաժեշտ շորերը։ Ստեղծագործելու ձգտում. ահա սա էր նաև հիմնական պատճառներից մեկը, որ Գայանեն թողեց իրավաբանի իր աշխատանքը, ինչը սահմանափակում էր այդ հնարավորությունը։ 

Գայանեն ոչ միայն պարերի, մոդելավորման, այլև լեզուների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում։ Հայերեն հասկանում է, բայց չի կարողանում այնքան վարժ արտահայտվել, ինչպես ռուսերենով։ Խոսում է Ախալքալաքի բարբառով։ Փորձել է ինքնուրույն սովորել հայերեն կարդալ։ Ընթերցում է դանդաղ։  

Գայանեի խոսքերով՝ ոչ ակադեմիայում, ոչ էլ դպրոցում լեզուները լավ չէին դասավանդվում։ Անգլերեն սովորել է առանձին դպրոցներում, նաև թարգմանություններ է կատարում պատվերով (ռուսերենից անգլերեն և հակառակը)։ Մնացած լեզուները սովորել է հատուկ կենտրոններում, որտեղ ուսանել է նախնական մակարդակից։ «Ես սիրում եմ լեզուներ, սիրում եմ շփվել մարդկանց հետ,- ասում է Գայանեն,- որոշ չափով գիտեմ հինդի և իսպաներեն։ Հինդի սովորել եմ, քանի որ սիրում եմ հնդկական երաժշտություն և ուսումնասիրել եմ այն։ Հայրիկս սիրում է հնդկական ֆիլմեր։ Հիշում եմ, թե ինչպես մանկությանս տարիներին նա տոների ժամանակ երգում էր հնդկական երգեր։ Կարող եմ ասել, որ հնդկերենը շատ նման է հայերենին: Հինդին նաև նման է պարսկերենին, վերջինս  էլ իր հերթին նման է հայերենին։ Ինչքան շատ ես լեզուներ սովորում, այդքան հասկանում ես, որ բոլոր ազգերը բարեկամ են և իրար նման են։ Իսկ սահմանները, քաղաքագետները և մնացածը մի տեսակ ավելորդ են թվում»։ 

Նպատակասլաց և մշտապես որոնումների մեջ գտնվող Գայանեն իր ընկեուհու՝  Նատալյա Շումիլովայի հետ 2013 թվականին հիմնում է «Գայանատ» նախագիծը։ «Գայանատ»-ը հասարակական-մշակութային նախագիծ է։ Այն գրում է տեքստեր, պլանավորում և անցկացնում է միջոցառումներ, պատրաստում տեսանյութեր, որոնք օգնում են մարդկանց և պետություններին պատմել իրենց մասին և ներկայանալ աշխարհին։

«Մեզ հետ համագործակցողներից շատերի կյանքը փոխվել է և շարունակում է փոխվել։ Ես դա չեմ կարող բացատրել տրամաբանորեն, բայց փաստ է։ Մեր աշխատանքի նպատակներից մեկը Հայաստան-Հնդկաստան բազմամշակութային երեկոն է, որը ենթադրում է  մշակույթների համադրում, միասնություն։ Մենք ցանկանում ենք զարգացնել տարածաշրջանային աշխատանքի թեման, ցույց տալ ազգերի, մշակույթների, խառնվածքների նմանությունները և բազմազանությունը, կոտրել կարծրատիպերը և միավորել բոլորին։ Դեմ ենք քաղաքականությանը, գործում ենք հանուն ընկերության և մշակույթի»,- ընդգծում է Գայանեն։ 

Նախագծի անձնակազմն առաջին տարին չէ, որ փնտրում է հովանավորի, որպեսզի տեղեկություններ հավաքեն Հայաստանի վերաբերյալ։ Կազմվել է հատուկ թիմ, որն ունի թարմ գաղափարներ և պատրաստ է եռանդուն աշխատանքի, որը կօգնի տվյալները ներկայացնել գեղարվեստականորեն։ 

«Ցանկանում ենք փոխել պատկերացումները հայերի և հայկական մշակույթի նկատմամբ։ Շատերը մինչև այժմ հայերին համարում են խոհարարներ և այլն, իսկ մեծամասնության մոտ հիմնականում ասոցացումներ են առաջանում Ցեղասպանության հետ, ինչը խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը։ Ձգտում ենք Հայաստանը ներկայացնել նորովի, մեր ծրագիրը նաև անվանել ենք «Չուսումնասիրված/չհետազոտված Հայաստան»»,- ասում է Գայանեն։ Նա մտածում է ոչ միայն Հայաստանի իմիջի բարելավման, այլև հայրենի Ախալքալաքի մասին։ 

«Ես և իմ «Գայանատ»-ի թիմը պատրաստ ենք անել յուրահատուկ լուսանկարներ, տեսանյութեր, հոդվածներ, ցուցահանդեսներ՝ նվիրված Ախալքալաքին, որպեսզի նրա մասին իմանանան ամբողջ աշխարհում»,- ասում է Գայանեն։ Միայն թե, դրա համար անհրաժեշտ են հովանավորներ, քանի որ այդ գործը բավականին ռեսուրսներ է պահանջում։ 

Արմինե Բերակչյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4275.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :