Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը կսկսի գործել այս տարվա ամռանից

Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը կսկսի գործել այս տարվա ամռանից

Այցելուների առաջ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում նախատեսված տուն-թանգարանն իր դռները կբացի այս տարվա ամռանը՝ նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը։ 

«Ի սկզբանե նախատեսել էինք տուն-թանգարանի ամբողջական վերականգնում, սակայն ոլորտի մասնագետները առաջարկեցին նախ անել բացումը, ցուցադրել արդեն հավաքագրված նյութերն ու իրերը, ապա անընդհատ դրանք համալրել։ Այս տարի նախատեսվում է ցուցասրահի բացումը, որտեղ լուսանկարների տեսքով ներկայացված կլինի Ջիվանու կյանքը և ստեղծագործական ուղին»,- տեղեկացրեց  Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը։ 

Հիշեցնենք` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, ձեռնամուխ եղավ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում աշուղի տուն–թանգարանի ստեղծմանը: Այս առումով Ջիվանու տուն-թանգարանի ստեղծումը խիստ արդիական է, և ի դեմս այս կենտրոնի՝ ջավախահայության ու համայն հայության համար կստեղծվի ևս մեկ հոգևոր-մշակութային հաստատություն:

Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները կոորդինացնելու նպատակով ստեղծվել է համապատասխան թիմ, որտեղ ընդգրկվել են մի շարք հասարակական-մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու ճարտարապետներ։ «Աշխատանքի բաժանում է կատարվել, և յուրաքանչյուրն իր մասով աշխատանքներ է տանում։ Մեկը Ջիվանու կենսագրությունն է նորովի ուսումնասիրում, բացահայտում չբացահայտված էջերը, գրի առնում հետաքրքիր դրվագներ, մյուսը զբաղվում է Ջիվանու թողած ժառանգության հավաքագրմամբ, մյուսներն էլ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ, կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը»,-պատմեց  Աշոտ Հակոբյանը և հավելեց, որ զուգահեռ ընթանում են նաև թանգարանին անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրման աշխատանքները։

2015 թվականի հուլիսին «Ջիվանական օր» տոնակատարության շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: 

Գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ հունիսի 8-ին կկայան նաև բարեգործական ճաշկերույթ՝ մեծն Ջիվանու 170-ամյակին նվիրված, որի ընթացքում կհնչեն սիրված հայրենասիրական և աշուղական երգեր ճանաչված կատարողների և խմբերի կողմից: Ճաշկերույթից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի կառուցմանը:

Ջիվանու տուն-թանգարանի աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է նաև ջավախահայ երիտասարդներից կազմված խումբ, որոնք կամավորական հիմունքներով պատրաստ են օգնել կազմակերպչական և այլ աշխատանքներ իրականացնելու գործում։ 

Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, (1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները:

Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին. հարազատ միջավայրում աշուղին ընդունում են առանձնահատուկ ջերմությամբ:

Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Համարվում է, որ Ջիվանիով հայացել է հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս». աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվել են արևելյան ելևէջներից: 

Հերմինե Կարապետյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4225.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1263 : Ցուցադրված է` 1 - 15 :