Հայացքը ձգվում է դեպի Ջավախք. Նարինե Սիրականյան

Հայացքը ձգվում է դեպի Ջավախք. Նարինե Սիրականյան

Կարոտս նորից արթնացավ,

Եվ հոգիս ձգվեց դեպի քեզ,

Երկի՛ր իմ, երա՛զ իմ, իմ ցա՛վ,

Քո գիրկն եմ ուզում գալ ես…

Ուզում եմ քանդել ամեն մի պատնեշ,

Ջնջել մեր միջև եղած ճամփան,

Որ նայենք միմյանց անկեղծ ու հեշտ,

Միասին քայլենք կյանքին ընդառաջ…

Տողերի հեղինակը բանաստեղծուհի Նարինե Սիրականյանն է: Նա սկսել է ստեղծագործել  դեռևս դպրոցական տարիներից:  Ծնվել է Ջավախքի Գանձա գյուղում, ավարտել տեղի Վ. Տերյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝  Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը: Համալսարանում սովորելու տարիներից սկսել է տպագրել իր գործերը Հայաստանի և Վրաստանի հայալեզու մամուլում, ամսագրերում:  

2004 թվականին լույս է տեսել նրա ‹‹Կարոտներիս մեղեդին››  բանաստեղծությունների ժողովածուն: 2010 թվականից Վրաստանում հայ գրողների ‹‹Վերնատուն›› միության անդամ է:  

«Ստեղծագործելու առիթ միշտ էլ կա. կյանքի յուրաքանչյուր պահ, եթե հոգեհարազատ է, անարձագանք չի մնում գրողի կողմից: Իսկ իմ ստեղծագործական ոգուն ավելի մոտ են հայրենիքի հանդեպ ունեցած կարոտն ու սերը, մարդու էության կեղծ ու արատավոր պատկերները»,- ասում է Նարինեն և ավելացնում, որ չնայած այժմ ապրում է Երևանում, սակայն հայացքը մինչ այսօր ձգվում է դեպի Ջավախք աշխարհը, նրա բնության կոլորիտն ու պատկերները, ջավախքյան մշակույթն ու գրական կյանքը, հայրենի գյուղն ու հարազատ դարձած անվանի բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարանը, որտեղ տարիներ շարունակ աշխատել է որպես գիտաշխատող։ 

Իմ չքնաղ Ջավա՜խք, չե՛մ լռի բնավ,

Քեզ կվեհացնեմ երգերով անմահ,

Քո հողն ու ջուրը սրտիս կնիքն են,

Իմ չքնաղ Ջավա՜խք, չեմ լռի բնավ։

Կերգեմ, կասեմ սրտիս փափագը,

Որ աստվածանաս՝ որպես մի տեսիլք,

Իմ չքնաղ Ջավա՜խք, չե՛մ լռի բնավ,

Քեզ կվեհացնեմ երգերով անմահ։

2006 թվականից Նարինեն աշխատել է Վ. Տերյանի անվան դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, սակայն գրականությունը չի դադարել հետաքրքրել նրան: Դպրոցում աշխատած տարիներին շարունակ ստեղծագործել է և իրականացրել տարբեր դաստիարակչական աշխատանքներ: 

«Դպրոցում ստեղծեցի ասմունքի խմբակ, որին սիրով էին մասնակցում աշակերտները, և պարբերաբար, Վ. Տերյանին և մյուս  հայ բանաստեղծներին նվիրված միջոցառումներ  կազմակերպելով, ավելի էի մոտենում գրականությանը՝  իմ մեջ հագեցնելով գրականության ծարավը, մյուս կողմից՝ իմ առջև դրել էի մանկավարժական մի շարք կարևոր խնդիրներ՝ սերունդների հայեցի դաստիարակության իրականացումը, նրանց հայկական խոսքի մշակույթի զարգացումը, հայ գրականության, պատմության, մշակույթի պահպանումը»,-ասում է Նարինեն: 

Տերյանի «Վերադարձ» շարքի վերնագրով էլ ճամբար է հիմնել տեղի երեխաների համար, որը 2013 թվականից անցկացվում է յուրաքանչյուր ամառ›։  

Այժմ Նարինեն աշխատում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում և շարունակում  իր գիտամանկավարժական գործունեությունը: 12 գիտամանկավարժական հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերում են համեմատական մանկավարժությանը, հայ մանկավարժության պատմությանը:

Ասում է՝ Ջավախքը շատ է կարոտում, և թերևս սա է պատճառը, որ բանաստեղծուհու ստեղծագործություներում կարոտն առկա է։ Առաջիկայում Նարինեն պատրաստվում է հրատարակել իր երկրորդ ժողովածուն, ինչպես նաև ավարտին հասցնել ‹‹Ուսուցիչ›› վիպակը։ Նարինեի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են վրացերեն, գործերից մի  քանիսն էլ դարձել են երգեր: 

Ապրիլյան դեպքերը ևս իրենց հետքն են թողել բանաստեղծուհու հոգում, որի արգասիքն է եղել նրա Արցախ խորագրով երգը: Այն արտացոլում է հայու տարիների մաքառումն ու ցավը, և միաժամանակ, պայքարը, վրեժն ու հաղթանակը:

Հերմինե Կարապետյան 

Կարճ հասցե: javakhq.info/u/4219.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1263 : Ցուցադրված է` 1 - 15 :